HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Երևանում տեղի է ունեցել «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովը

«Մենք ունեցել ենք առողջապահության թվայնացված առաջին համակարգը Խորհրդային միությունում և ոչ միայն։ Կարծում եմ՝ ամբողջ աշխարհում առաջիններից ենք եղել։ Հայաստանի համար շատ կարևոր ձեռքբերումների հեղինակը հենց Աշոտ Հովհաննիսյանն է»,- Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը փետրվարի 2-ին «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» (AI for Business) համաժողովի իր ելույթն այսպես սկսեց՝ կոչ անելով գործարարներին ընթերցել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի՝ վերջերս հրատարակված «Վերելք» գիրքը։ 

Հիշեցնենք` Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: Մեղադրյալները 7-ն են, նրանց թվում են` Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, «Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը (նա եղել է «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման բաժնի տնօրենը), բիզնեսի զարգացման բաժնից Լիլի Մկրյանը և ևս 3 անձ:

«Սիներջի» ընկերության տնօրենը և 2 աշխատակիցները մեղադրվում են պաշտոնատար անձանց իրենց լիազորությունների անցմանը և չարաշահմանը օժանդակելու մեջ, իսկ այդ օժանդակությունը դրսևորվել է խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելու միջոցով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

«Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովը նախաձեռնել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի կենտրոնական բանկը և «Հայաստանի իրավագիտություն» հիմնադրամը՝ ուսումնասիրելու արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարությունները։

Հակոբ Արշակյանի խոսքով՝ Հայաստանը չունի տվյալների այնպիսի բազա, որի հիման վրա հնարավոր կլինի արհեստական բանականության ալգորիթմները աշխատեցնել և ավտոմատացնել ամբողջ փաստաթղթաշրջանառությունը: Սա ոլորտի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ են հասկացել։ ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ Հայաստանում ԱԲ ոլորտում ուժեղ ընկերություններ կան, պետության մարտահրավերը տվյալների գրագետ մշակված բազաներ ունենալն է։

«Ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը շատ մոտ ապագայում մեծ փոփոխություններ է անելու աշխարհում։ Այն ընկերությունները և պետությունները, որոնք չեն սովորի օգտագործել արհեստական բանականության բոլոր դրական հնարավարությունները, կարող են հայտնվել խորը ճգնաժամի և հետամնացության մեջ»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

Այս հարցին ողջույնի իր խոսքում անդրադարձավ նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ տեխնոլոգիական հեղափոխությունների տարբեր փուլերում վախեր եղել են, բայց պետք է առաջ նայել։ Այն պետությունները, ազգերը, սուբյեկտները, որոնք երկար կմտածեն այդ վախերի շուրջ, ըստ նախարարի, հետ կմնան ամբողջ աշխարհի զարգացումից։

«Ես մտավախություն ունեմ, որ մենք տեղ-տեղ արդեն իսկ ուշացել ենք։ Թռիչքային աճի համար մեզ պետք են տասը անգամ ավելի արագ որոշումներ ու գործողություններ»,- ասաց ԲՏԱ նախարարը։

Նորանշանակ նախարարը թռիչքային այս աճը միայն արհեստական բանականության և տեխնոլոգիական նոր լուծումների միջոցով է պատկերացնում։ Որոշում կայացնողների մակարդակում, ըստ Հայրապետյանի, փոփոխություններից վախենալ չի կարելի։

«ԲՏԱ նախարարությունը ստանձնելու է առաջնորդություն՝ ԱԲ շուրջ խոսակցությունները ոչ միայն հանրության հետ ճիշտ հաղորդակցելու, այլև՝ մյուս գործընկերների, գերատեսչությունների հետ»,- նշեց նախարարը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ընդգծեց՝ արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե էլեկտրականության կամ ինտերնետի, այլ գրերի գյուտի հետ։ Սրանով շրջաձադարձային է թե՛ տնտեսության, թե՛ մարդկության համար։ Քերոբյանին այս միտքը ABBYY ընկերության հիմնադիր, ֆիզիկոս Դավիթ Յանն է տվել, որը համաժողովի հիմնական բանախոսներից էր։ Նախարարը նշեց՝ ֆիզիկոսի հետ հանդիպումից հետո հասկացել է, որ հրատապ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի բիզնեսն իմանա տեխնոլոգիական հեղափոխության մասին։

«Մեզ համար այս կոնֆերանսը կարևոր է նրանով, որ համընկնում է մեր տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակի հետ, դա աշխատանքի արտադրողականության բարձրացումն է»,- ասաց Քերոբյանը:

Համաժողովի բանախոսների թվում էր նաև «Embodied» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Պիրջանյանը։

«Հետքը» անդրադարձել է Պիրջանյանի Մոքսի ռոբոտին, որը Լաս Վեգասում ստացել է CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը «Արհեստական բանականություն» անվանակարգում: 

Համաժողովն իր ելույթով ամփոփեց ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը: Ֆիզիկոսը շեշտեց՝ արհեստական բանականության և ռոբոտների հետ հնարավոր չէ մրցակցել, նրանց հետ պետք է ընկերություն անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter