
Երիտասարդ ռեժիսոր. «Եթե իմ գլխի մեջ կամերա լիներ, ու ամեն անգամ նկարեի, դա ամենալավ կինոն կլիներ»
«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային բաժնի լիամետրաժ խաղարկային ֆիլմացանկում ներկայացված է երկու հայ կին ռեսժիսորի միմյանցից բավականին տարբերվող երկու ֆիլմ` Նարինե Մալյանի «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» (2012) և Լուսկա Խալափյանի «Յոթերորդը» (2011):
Առաջի ֆիլմը հանդիսատեսին տանում է առաջին դար, երբ խաչափայտին պետք է գամեն Հիսուս Քրիստոսին: Մինչ Աստծու որդին կրում է իր չարչարանքները խաչ բարձրանալուց առաջ, հասարակ մարդու հասարակ որդին` հյուսն Դանիելը, իր տանը կրում է մարդկային իր տառապանքը. նա զրկված է կնոջ ուշադրությունից, քանի որ տևական ժամանակ ոչինչ տուն չի բերել: Աղքատիկ տան մեջ ապրող երեք մանկահասակ երեխայից բացի՝ կինը սպասում է չորրորդ զավակի ծնունդին: Բայց հյուսնին լավ վարձատրվող գործ են առաջարկում: Առավոտյան նա վերցնում է իր գործիքներն ու վերադառնում միայն ուշ երեկոյան: Այդ ընթացքում նրա երկու ավագ դուստրերը պատուհանից հետևում են իր խաչը տանող դատապարտյալին, և միայն այդ կարճ դրվագն է հուշում, թե խոսքը որ իրադարձությունների մասին է: Երեկոյան հայրն իսկապես վերադառնում է առատորեն վարձատրված, սակայն նրա հագուստի վրա մնացել են արյան հետքեր, որոնք կինն այդպես էլ չի կարողանում լվանալ: Այդ երեկո ամուսինը որոշում է զավակին կնքել մի անունով, որը նշանակում է Աստված պահապան: Ֆիլմն ավարտվում է ավագ դստեր ժպիտով. լուռ, բայց խոսուն հայացքը կարծես ասում է, թե ինքը շատ լավ հասկանում է, թե ինչ է տեղի ունենում իր շուրջը:
Փարիզաբնակ Լ. Խալափյանի կատակերգական ֆիլմը հանդիսատեսին միանգամից տեղափոխում է 21-րդ դար, որտեղ ներկայացված է իտալացի երիտասարդ զույգի չկայացած հանդիպումը: Նրանք մանկության ընկերներ են, սակայն երկար տարիներ միմյանց չեն տեսել: Արդեն փարիզաբնակ իտալացու` Էմիլիոյի մորաքույրը Փարիզ նոր ժամանած երիտասարդ Մարիայի հետ ուղարկում է բլիթներ: Նախօրոք պայմանավորված տեղում Մարիան, հանդիպելով մի երիտասարդի, կարծում է, թե նա Էմիլիոն է: Երիտասարդը, բաց չթողնելով նման գեղեցկուհու հանդիպելու առիթը, որոշում է ձևանալ Էմիլիո: Շուտով զույգը մտնում է «Յոթերորդ» սրճարանը, որտեղ «Էմիլիոն» իրականում մատուցող է, և խնդրում է մյուս մատուցող ընկերոջն օգնել իրեն: Մինչ մատուցողները պայմանավորվում են, Մարիային է զանգում իրական Էմիլիոն, ով ներողություն է խնդրում, քանի որ մոռացել էր, որ «Յոթերորդ» սրճարանից Փարիզում երկու հատ կա: Այստեղ գեղեցկուհի իտալուհին ամեն ինչ հասկանում է և զայրացած լքում սրճարանը: Ներողություն խնդրելով նրա հետևից է վազում սիրահարված մատուցողը: Մինչ նրանք իջնում են, նույն աստիճաններով բարձրանում է իրական Էմիլիոն: Էմիլիոն և Մարիան միմյանց չեն նկատում, և ծաղիկները ձեռքին՝ Էմիլիոն շտապում է մոտենալ այն սեղանին, որի մոտ միայնակ նստել և ինչ-որ մեկին է սպասում է մի երիտասարդ կին: Վերջինս էլ Էմիլիոյի դեպքում «համաձայնվում է» լինել Մարիա:
Միանգամայն տարբեր ֆիլմերին միավորում են վառ գույներն ու կոլորիտային տեսարանները: Դրանք շատ բնական են, և թույլ են տալիս հանդիսատեսին 10-15 րոպեի ընթացքում հայտնվել դեպքի վայրում:
«Յոթերորդը» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Լուսկա Խալափյանը գլխավոր հերոսուհուն որոշակիորեն ասոցացնում է իր հետ. հաճախ լինելով տարբեր երկրներում՝ իր մայրը ևս իրեն տարբեր բաներ է ուղարկել: Պատմությունն ինքնակենսագրական չէ, սակայն իտալուհու` նոր երկրում հայտնվելու զգացողությունները, հուզմունքը, ապրումներն ու սպասելիքները հոգեհարազատ են ռեժիսորին:
Վերջինս թե կյանքում, թե կինոյում շատ բարձր է գնահատում հատկապես հումորը և կարծում է, որ ֆիլմը միայն կշահի, եթե անգամ ծանր դեպք ներկայացնելիս լինի ճիշտ մատուցված հումոր: Մյուս կողմից` կատակերգություն նկարահանելը նրա համար շատ մեծ փորձություն է, քանի որ այն պետք է ծիծաղ առաջացնի, հակառակ դեպքում ֆիլմը չի հաջողվի:
Երիտասարդ ռեժիսորը խոստովանում է, որ ստիպաված է եղել վերջին պահին փոխել դերասաններին, իսկ գլխավոր դերասանուհուն հանդիպել է միայն նկարահանման օրը: Դա մեծ ռիսկ էր, բայց այդպես էլ պետք է լիներ. ռեժիսորը համոզված է, որ հենց նա պետք է խաղար այդ դերը: Լ. Խալափյանի խոսքերով` հենց պատահականություններն են իր կյանքն առաջ մղում. «Ես պատահականությունների գիժ եմ»: Այնուհետև հավելում է. «Եթե իմ գլխի մեջ կամերա լիներ, ու ամեն անգամ նկարեի, դա ամենալավ կինոն կլիներ»:
Մեկնաբանել