
Հայաստանի միջազգային պահուստները մեկ տարում 12.4%-ով կրճատվել են
2023 թվականի տարեվերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են մոտ 3 մլրդ 602 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Կենտրոնական բանկի տվյալները, մեկ տարվա ընթացքում միջազգային պահուստները մոտ 510 մլն դոլարով կամ 12.4%-ով կրճատվել են (2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 2022 թ. դեկտեմբերի 31-ի համեմատ)։
Ընդ որում՝ Հայաստանի միջազգային պահուստների ծավալն անցյալ տարվա հունվարից է կտրուկ կրճատվել։ Սակայն, տարվա ընթացքում՝ մինչև օգտոստոս, դրանք հասել են, ինչպես ասում են, «պատմական առավելագույնի»՝ 4 մլրդ 219 մլն դոլարի։ Հետո կրկին նվազել են։
Միջազգային պահուստների գլխավոր նպատակը պետական պարտքի կայուն սպասարկումն է։ Պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել, ինչին զուգահեռ ավելանում և «դատարկվում» են պահուստները։ Հետևաբար, պահուստների փոփոխության վրա հիմնականում ազդում են պետական պարտքի ներգրավումը, պարտքի գծով սպասարկումները։ Ազդում է ներքին շուկայում արտարժույթի վաճառքը, երբ դրամը կտրուկ արժևորվում կամ արժեզրկվում է։ Նման «ներարկումներ» արտարժույթի շուկայում նախորդ տարի մի քանի անգամ եղել է։ Թե կոնկրետ որ ուղղություններով և որքան են ավելացել ու պակասել միջազգային պահուստները, Կենտրոնական բանկը չի մանրամասնում։
Չնայած տատանումներին՝ վերջին տասը տարիների կտրվածքով Հայաստանի միջազգային պահուստներն աստիճանաբար աճել են։
Գլխավոր լուսանկարը՝ pixabay.com-ի
Մեկնաբանել