HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԱՄՆ քաղաքացին Հայաստանի միջոցով ավիասարքավորումներ է առաքել Ռուսաստան. նրան սպառնում է մինչեւ 25 տարվա ազատազրկում

ԱՄՆ քաղաքացի, Կանզաս նահանգի Լոուրենս քաղաքի բնակիչ Կիրիլ Բույանովսկին օրերս ընդունել է իր մեղքն այն բանում, որ իրեն պատկանող «KanRus Trading Company Inc.»-ի միջոցով ավիացիոն սարքավորումներ է ուղարկել Ռուսաստան, որը 2022 թ. փետրվարին Ուկրաինա ներխուժելուց հետո հայտնվել է արեւմտյան պատժամիջոցների տակ: Այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը): ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ իբրեւ կապող օղակ ի թիվս այլ երկրների օգտագործվել է նաեւ Հայաստանը: 

«Բույանովսկին ընդունել է, որ երկար ժամանակ մասնակցություն է ունեցել դեպի Ռուսաստան ամերիկյան բարդ ավիացիոն սարքավորումների մաքսանենգ տեղափոխությանը»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Մեթյու Օլսենը (ԱՄՆ-ում արդարադատության նախարարությունը ղեկավարում է գլխավոր դատախազը):

Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ առեւտրային կազմակերպության նախագահ Կ. Բույանովսկին խոստովանել է, որ 2020 թվականից մինչեւ իր ձերբակալությունը՝ 2023 թ. մարտ ամիսը, այլ մեղադրյալների, այդ թվում՝ «KanRus Trading Company»-ի փոխնախագահ Դուգլաս Էդվարդ Ռոբերտսոնի հետ համաձայնության գալով, մաքսանենգ եղանակով ամերիկյան արտադրության ավիացիոն սարքավորանք է առաքել Ռուսաստան, ինչպես նաեւ այլ երկներում գտնվող ռուսաստանցի շահառուների՝ ի թիվս այլ գործողությունների, գիտակցաբար կեղծելով արտահանման ձեւաթղթերն ու արտահանման անհրաժեշտ փաստաթղթերը ԱՄՆ կառավարությանը չներկայացնելով: Այս կեղծիքների միջոցով, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, Բույանովսկին եւ նրա հանցակիցները ստել են արտահանվող ապրանքի արժեքի, դրա վերջնական շահառուների եւ վերջնական հասցեների մասին:

Նշվում է, որ Բույանովսկին եւ Ռոբերտսոնն առնվազն մեկ անգամ՝ 2021-ին, խախտելով արտահանման վերահսկողության կանոնակարգերը, ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից (ԱԴԾ) վերանորոգման համար մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ են տեղափոխել ավիացիոն «TCAS» համակարգ: Վերանորոգող ամերիկյան ընկերությանը հանձնելուց առաջ համակարգի վրայից հեռացվել է ԱԴԾ-ի պիտակը, իսկ վերանորոգումից հետո Ռուսաստան ուղարկելուց առաջ պիտակը կրկին փակցվել է:

Բույանովսկին նաեւ խոստովանել է, որ այն բանից հետո, երբ 2022 թ. փետրվարին Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա եւ հայտնվել ամերիկյան կառավարության պատժամիջոցների տակ, ինքը, Ռոբերտսոնն ու մյուս հանցակիցները շարունակել են ամերիկյան արտադրության ավիացիոն սարքավորումներ գնել եւ արտահանել Ռուսաստանում գտնվող իրենց հաճախորդներին:

Դրա համար նրանք ձեռնարկել են բազմաթիվ գործողություններ՝ իրավապահների առաջ իրենց անօրինական գործունեությունը քողարկելու համար: Մասնավորապես՝ Բույանովսկին գործընկերների հետ ապրանքներն արտահանել է Հայաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Կիպրոսում հիմնված միջնորդ ընկերությունների միջոցով, շարունակել են արտահանման կեղծ ձեւաթղթեր ներկայացնել ԱՄՆ կառավարությանը, Ռուսաստանի հաճախորդներից «KanRus Trading Company»-ին դրամական փոխանցումներ կատարելու համար օգտագործել են ոչ ռուսաստանյան բանկերի հաշվեհամարներ: Այդ բանկերը, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, գտնվում են Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Կիպրոսում եւ ԱՄԷ-ում:

ԱՄՆ իրավապահները Բույանովսկուց բռնագրավել են նաեւ ավելի քան 450.000 դոլարի ավիացիոն սարքավորումներ եւ աքսեսուարներ:

Կիրիլ Բույանովսկուն սպառնում է մինչեւ 25 տարվա ազատազրկում, որից 5-ը՝ դավադրության, իսկ 20-ը՝ փողերի լվացման հիմքով: Դատարանը վճիռը կհրապարակի 2024 թ. մարտի 21-ին:

Տես նաեւ՝

Նկարը՝ fpri.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter