Կնոջս անարդար դատում են ակումբից հայտնաբերված ամբողջ թմրանյութի համար
Այս տարվա հունիսի 24-ին ոստիկանությունը ներխուժել էր Երևանում գտնվող «Բան» ակումբ և բերման էր ենթարկել 27 հոգու։ Դեպքից հետո իրավապաշտպանները ահազանգել էին, որ ոստիկանները ծեծել, հայհոյել և արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ էին իրականացրել ակումբի այցելուների նկատմամբ։
Ռուսաստանի քաղաքացի Ելիզավետա Դանիլչևան բերման ենթարկվածների շարքերում էր։ Արդեն վեց ամիս է՝ նա կալանքի տակ է, գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Ոստիկանությունն ակումբից գտել էր թմրանյութեր, հարուցվել էր քրեական վարույթ։ 27 բերման ենթարկվածներից Դանիլչևան միակ մեղադրվող անձն է, գործը այժմ դատարանում է։
«Հետքը» զրուցել է Ելիզավետայի ամուսնու՝ Նիկիտա Մաքսիմենկոյի հետ, որը ահազանգում է. մեղադրող կողմը փորձում է ակումբում գտած բոլոր թմրանյութերը մեղսագրել Ելիզավետային և առանց որևէ ապացույցի պնդում է, որ Ելիզավետան զբաղվել է թմրանյութերի իրացմամբ։
Ելիզավետան և Նիկիտան տեղափոխվել են Հայաստան և ամուսնացել են այստեղ։ Երկուսն էլ աշխատել են որպես գրաֆիկ դիզայներ։ Մաքսիմենկոն պատմեց, որ այդ օրը «Բան» ակումբ էին գնացել իրենց ընկերներից մեկի հարսանիքի խնջույքին։
Ելիզավետան և մի քանի հոգի ակումբի սենյակներից մեկում սեղանի շուրջ նստած են եղել, երբ ոստիկանները ներխուժել են ակումբ։ Սեղանի վրա դրված է եղել 1,47 գրամ փոշիանման զանգված պարունակող պոլիէթիլենային փաթեթ։ Հետագայում փորձաքննությունը պարզել է, որ փաթեթում եղել է մեթամֆետամին տեսակի թմրանյութ։ Ակումբից հայտնաբերվել է նաև որոշ քանակի մարիխուանա։
Ելիզավետայի ամուսինը «Հետք»-ին պատմեց, որ ակումբում գտած բոլոր թմրանյութերը, առանց որևէ փաստերի, մեղսագրում են Ելիզավետային, քանի որ նրա մոտից խուզարկման ժամանակ գտել են 0,48 գրամ մեթամֆետամին։ Ելիզավետային բերման ենթարկելուց հետո մեկ անգամ առանց փաստաբանի հարցաքննել են, պատշաճ չեն բացատրել նրա իրավունքները, ըստ ամուսնու՝ հոգեբանական բռնության ենթարկված կինը հնարավորություն չի ունեցել լիարժեք հասկանալու, թե ինչ է կատարվել։
Մաքսիմենկոն ասում է, որ ոստիկանները սուտ ցուցմունքներ են տվել ակումբում տեղի ունեցածի վերաբերյալ։ Սա ապացուցվել է ոստիկաններին ամրակցված սարքերի տեսաձայնագրություններով։
«Թմրանյութեր իրացնելու մեղադրանքն ամբողջովին կառուցված է ոստիկանների սուտ ցուցմունքների վրա, որևէ ապացույց չկա, սա հստակ երևում է տեսաձայնագրություններում»,- ասում է Մաքսիմենկոն։ Ամուսնու խոսքով՝ Ելիզավետան պատրաստ է ընդունել իր մոտ թմրանյութ պահելու մեղադրանքը, բայց շահադիտական նպատակով թմրանյութեր իրացնելու մեղադրանքը, ըստ նրա, ամբողջովին շինծու է։
Ելիզավետայի փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը epress.am-ին տրված հարցազրույցում նշել է, որ ոստիկանությունը թմրանյութերի դեմ պայքարի կարգախոսի տակ՝ թմրանյութերի բացահայտման ցուցանիշները բարելավելու և պարգևավճարների համար, պատժում է թմրանյութերի շրջանառության օղակում ամենախոցելի խմբին՝ օգտագործողներին։
«Այս դեպքում խոսքը երկու գրամից պակաս թմրամիջոցի մասին է, ստացվում է այսպես՝ որպեսզի օրինակ՝ 20 գրամ ապօրինի շրջանառության մեջ գտնվող թմրանյութերը պակասեն, նույն տրամաբանությամբ պիտի տասը հոգի 6-10 տարի պատիժ կրի։ Ընդամենը 20 գրամ պակասեցնելու համար։ Սա, բնականաբար, թմրանյութերի դեմ պայքարելու արդյունավետ մեխանիզմ չէ»,- ասում է Ելիզավետայի պաշտպանը։
Մաքսիմենկոն ասում է, որ չի հասկանում, թե ինչու են Ելիզավետայի դեմ որպես խափանման միջոց ընտրել ամենախիստ միջոցը՝ կալանքը, այն դեպքում, երբ կարող են ընտրել ավելի մեղմ միջոց, օրինակ՝ տնային կալանք։
«Որքան հասկանում եմ՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է այն պատճառով, որ կինս Ռուսաստանի քաղաքացի է։ Բայց մենք արդեն երկար ժամանակ է, ինչ այստեղ ենք ապրում, հիմնավորվել ենք Երևանում, ունենք տան վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվներ, աշխատանք և այլն։ Ես մի դեպք գիտեմ, երբ ավելի շատ թմրանյութեր ունենալու համար երկու հոգու հանդեպ կիրառել են տնային կալանք, իսկ Ելիզավետայի կալանքի ժամկետն անընդհատ երկարացնում են»,- ասում է Մաքսիմենկոն։ Նրա խոսքով՝ փորձելու են խափանման միջոցի երկարացման նիստին փոխել խափանման միջոցը։
Ելիզավետայի գործով հաջորդ դատական նիստը կայանալու է դեկտեմբերի 12-ին։
Մեկնաբանել