HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի տնօրենի որդին պայմանավորված խաղերի հանցավոր սինդիկատի երկրորդ դեմքն է եղել

«Maestro» մականունը ստացած բելգիահայ Գրիգոր Սարգսյանը թենիսում պայմանավորված խաղերի ամենամեծ սինդիկատի հիմնադիրն էր։ 2023-ի հունիսին Սարգսյանի, ինչպես նաև նրա հետ նույն քրգործով անցնող ևս 27 մեղադրյալի դատական գործի քննությունն ավարտվեց, և նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ հանցավոր կազմակերպություն ղեկավարելու, մեծ քանակի փողերի լվացման, խարդախության համար։

«Հետքը» պարզել է, որ Գրիգոր Սարգսյանի աջ ձեռքը՝ ՀՀ քաղաքացի Անդրանիկ Մարտիրոսյանը, որը դատապարտվել է նույն գործով, բարեկամական կապ ունի Հայաստանի ֆուտբոլային Պրեմիեր լիգայում այժմ հանդես եկող «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի հիմնադրի և տնօրենի հետ։

«Վեստ Արմենիա»-ի հիմնադիրը Անդրանիկ Մարտիրոսյանի հորեղբորորդին է՝ Վահե Մարտիրոսյանը, իսկ ակումբի տնօրենը Անդրանիկ Մարտիրոսյանի հայրն է՝ Սարգիս Մարտիրոսյանը։ 

Սինդիկատի ֆինանսական կառավարիչը

Հայաստանից Բելգիա արտագաղթած ընտանիքում մեծացած Գրիգոր Սարգսյանը մի քանի տարվա ընթացքում կարողացել էր կաշառել աշխարհի տարբեր երկրներից տասնյակ պրոֆեսիոնալ թենիսիստների և իր սինդիկատի անդամների միջոցով խաղադրույքներ էր կատարում բուքմեյքերական կայքերում և խոշոր գումարներ էր շահում։

Բելգիայի և եվրոպական այլ երկրների իրավապահ մարմինները մի քանի տարի հետաքննել են Սարգսյանի սինդիկատը և գործը հասել է Բելգիայի Արևելյան Ֆլանդրիայի առաջին ատյանի դատարան։

Ըստ դատական գործի՝ Անդրանիկ Մարտիրոսյանը եղել է հանցավոր խմբի «ֆինանսական կառավարիչը»՝ օգնել է Սարգսյանին կառավարել կաշառքների բաշխումը։

Սարգսյանն ու Մարտիրոսյանը շփվել են «Whatsapp», «Viber» և «Telegram» հավելվածների միջոցով։ Իրավապահները օպերատիվ գործողությունների արդյունքում հասանելիություն են ստացել սինդիկատի անդամների նամակագրություններին, այդ թվում՝ Սարգսյանի և Մարտիրոսյանի։

Այսպես, մեղադրող կողմն ապացուցել է, որ Գրիգոր Սարգսյանի ցուցումներով Անդրանիկ Մարտիրոսյանը կաշառքներն ուղարկել է կաշառված թենիսիստներին «Western Union», «Money Gram», «Skrill» և «Neteller» համակարգերի միջոցով։

Ապացուցվել է նաև, որ 2016-ի հունիսից մինչև 2018-ի մարտը Մարտիրոսյանի տնօրինության տակ գտնվող «Skrill» հաշվից կանխիկացվել է 1,3 մլն եվրո, իսկ շուրջ 7 մլն եվրո ուղարկվել է որպես կաշառք ավելի քան 1600 հաշիվների։

Իսկ 2016-ի հունիսից մինչև 2017-ի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում նույն հաշվին ստացվել է ավելի քան 640 հազար ԱՄՆ դոլար, որից 170 հազարը կանխիկացվել է, իսկ 480 հազարն ուղարկվել է 125 տարբեր հաշիվների։

Մեղադրող կողմն ապացուցել է, որ ընդհանուր առմամբ Մարտիրոսյանը սինդիկատի ապօրինի գործունեությունից ստացել է 8,3 մլն եվրո և 642 հազար ԱՄՆ դոլար։ Նրանից շատ գումար ստացել է միայն սինդիկատի ղեկավար Սարգսյանը։

Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել Բելգիայի մի շարք օրենսգրքերի հոդվածներով, որոնք հիմնականում վերաբերում են խարդախությանը, խաբեությանը, հանցավոր խմբում ապօրինի գործունեությանն ու փաստաթղթերի կեղծմանը։

Անդրանիկ Մարտիրոսյանը չի հարցաքննվել և դատական որևէ նիստի ներկա չի գտնվել, նրա բացակայության պայմաններում էլ (in absentia) դատարանը Մարտիրոսյանին դատապարտել Է 3 տարվա ազատազրկման։ Վճիռը ներառում է նաև Մարտիրոսյանից վերը նշված 8,3 մլն եվրոյի և 642 հազար դոլարի բռնագանձման որոշում:

Մարտիրոսյանը Բելգիայում չի եղել և Սարգսյանի հանցավոր խմբի գործունեությանը մասնակցել է Հայաստանից, հեռավար։

Բելգիայից «Հետքի» գործընկեր լրագրողը, որն օգնել է մեր հետաքննության իրականացմանը, հարցումներ է ուղարկել Բելգիայի իրավապահ մարմիններին՝ խնդրելով տեղեկացնել՝ արդյոք պատրաստվում են միջազգային հետախուզում հայտարարել Անդրանիկ Մարտիրոսյանի նկատմամբ։

Ոստիկանությունից մեր գործընկերոջը որևէ հստակ պատասխան չեն տվել՝ ոչ հաստատել են նման մտադրությունը, ոչ՝ հերքել։ Փորձեցինք ՀՀ գլխավոր դատախազությունից ճշտել, թե Բելգիայի իրավապահ մարմիններից Մարտիրոսյանի վերաբերյալ որևէ պահանջ ստացե՞լ են։ Դատախազությունը հորդորեց դիմել ՆԳՆ-ին։ Արդարադատության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ որևէ տեղեկատվություն չեն տրամադրում ելնելով անձնականտվյալների պաշտպանության օրենքից։ Իսկ ՆԳՆ-ն մեր հարցմանը դեռ չի պատասխանել։

Մեր գործընկերը Բելգիայում զրուցել է նաև Սարգսյանին ներկայացնող փաստաբանի` Դիմիտրի Մարջերիի հետ։ Վերջինս ասել է, որ իր աշխատանքն ավարտված է համարում, իսկ սինդիկատում Մարտիրոսյանի դերակատարության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել։

Մեր գործընկերը պարզել է, որ Բելգիայի վերաքննիչ ատյանում բողոք է ստացվել։ Հավանական է, որ վճիռը փորձում է վիճարկել նույն գործով ազատազրկման դատապարտված 8 անձանցից որևէ մեկը։

Մարտիրոսյանների քրեական անցյալը

Հատկանշական է, որ զարմիկներ Անդրանիկ ու Վահե Մարտիրոսյանները համատեղ քրեական անցյալ ունեն։

2014-ի հունիսին նրանք «Կալիենտե» գիշերային ակումբում ծեծկռտուք են սկսել։ Անդրանիկ Մարտիրոսյանը դանակահարել է մեկ հոգու, իսկ Վահե Մարտիրոսյանը բեյսբոլի բիտայով մի հոգու հասցրել է ճակատոսկրի կոտրվածք։ Պատճառը, ըստ դատական գործի, ծնունդ նշող մի խումբ տղամարդկանց կողմից Վահե Մարտիրոսյանի վրա մի քանի կաթիլ շամպայն թափելն էր։

2015-ի հունվարին և՛Վահե Մարտիրոսյանը և՛ Անդրանիկ Մարտիրոսյանը դատապարտվել են վեցական տարի ազատազրկման՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության համար։

Համադրելով Անդրանիկ Մարտիրոսյանի՝ բանտում գտնվելու տարիները և Բելգիայում գործող սինդիկատի ակտիվության տարիները, կարելի է եզրակացնել, որ Մարտիրոսյանը Սարգսյանին օգնել է հեռավար՝ բանտից։

Սրա մասին վկայում է նաև ամերիկյան «Washington Post» թերթի լրագրողը, որը լուսաբանել է Սարգսյանի սինդիկատի դատական գործը և մի քանի անգամ հանդիպել է նրան, հարցազրույց է արել նրա հետ։ Թեման լուսաբանելու ընթացքում թերթի լրագրողը Երեւանում փորձել է զրուցել նաև Անդրանիկ Մարտիրոսյանի հետ, բայց վերջինս հրաժարվել է պատասխանել նրա հարցերին։

Առանց մեկնաբանության

Անդրանիկ Մարտիրոսյանը ակտիվ ներգրավված է «Վեստ Արմենիա»-ի կառավարման մեջ։

Օրինակ, 2022-ի հունիսի 28-ին «Վեստ Արմենիա»-ի անունից Մարտիրոսյանը ներկա է եղել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի 22-րդ հերթական ժողովին որպես ՀՖՖ անդամ և մասնակցել է որոշումների կայացմանը՝ քվեարկության միջոցով։

Մարտիրոսյանը հաճախ ներկա է գտնվում խաղերին։ Այս տարվա հունիսին նա եղել է Տանզանիայում և «Վեստ Արմենիա»-ի անունից կնքել է համագործակցության պայմանագիր Տանզանիայի «Սիմբա» ֆուտբոլային ակումբի հետ։

Կապ հաստատեցինք «Վեստ Արմենիա»-ի նախկին տնօրեն Վլադիմիր Ամիրխանյանի հետ, խնդրեցինք տրամադրել Անդրանիկ Մարտիրոսյանի հեռախոսահամարը՝ նրանից մեկնաբանություն ստանալու նպատակով։ 

Ամիրխանյանն ասաց, որ Անդրանիկ Մարտիրոսյանը որևէ կապ չունի ակումբի հետ։ Մեր ճշտող հարցին՝ ինչպե՞ս է ակումբի անունից Մարտիրոսյանը Տանզանիայում պայմանագիր կնքել, Ամիրխանյանը խուսափեց հստակ պատասխանել և ասաց, որ տեղյակ չէ, երկրում չի եղել։

Պնդեցինք, որ ցանկալի է հոդվածը հրապարակելուց առաջ Անդրանիկ Մարտիրոսյանի կամ նրա հոր՝ Սարգիս Մարտիրոսյանի մեկնաբանությունը ստանալ։ Հավանաբար, նրանցից մեկի հետ խորհրդակցելուց հետո Ամիրխանյանը զանգահարեց և ասաց, որ նպատակահարմար չեն գտնում որևէ հարցի պատասխանել, ապա հավելեց, որ ակումբը վաճառվել է, ուրիշ սեփականատեր կա, սակայն չնշեց նոր սեփականատիրոջ անունը։ Նշենք, որ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ակումբի սեփականատիրոջ փոփոխության մասին որևէ նշում դեռ չկա։

Հատկանշական է, որ մեր հոդվածի հրապարակումից ընդամենը մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 6-ին, Սարգիս Մարտիրոսյանը հարցազրույց է տվել news.am-ի սպորտային բաժնին՝ մեկնաբանելով ակումբի դիրքորոշումը ՀՖՖ նախագահի կայանալիք ընտրությունների մասին։

Երբ Ամիրխանյանին տեղեկացրեցինք այս հարցազրույցի մասին, նա ասաց, որ որևէ բան չի կարող ասել, ո՛չ Անդրանիկը, ո՛չ Սարգիսը չեն ցանկանում որևէ հարցի պատասխանել։

«Վեստ Արմենիա»-ի խաղերի վիճակագրությունը

Նյութի վրա աշխատելիս շփվել ենք ֆուտբոլային համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ։ Այնպիսի տպավորություն է, որ «Վեստ Արմենիա»-ն Պրեմիեր լիգայում հանդես գալու ընթացքում արդեն հասցրել է առանձնանալ մի քանի խնդրահարույց խաղերով։

Չնայած որևէ հստակ ապացույց չկա, և սովորաբար նման դեպքերում սա ապացուցելը բարդ է, խոսակցություններ կան, որ ակումբը տարօրինակ կերպով պարտվում է որոշ խաղերում և գոլեր բաց թողնում, համայնքից ոմանք ակնարկում են պայմանավորված խաղերի մասին։

Վերլուծել ենք Պրեմիեր լիգայի ներառյալ 18-րդ տուրի խաղերը՝ թիմերի բաց թողած գոլերը և րոպեները։ Տվյալները հետաքրքիր պատկեր են ցույց տալիս։

Այսպես, ընդհանուր առմամբ 10 թիմից ամենաշատը գնդակ է բաց թողել «Վեստ Արմենիան»՝ 46 գոլ։

Առաջին և երկրորդ խաղակեսին ավելացրած րոպեներում (45+, 90+) բաց թողած գոլերի վիճակագրությամբ առաջին տեղում կրկին «Վեստ Արմենիան» է՝ 10 գոլ։

Վերլուծել ենք նաև բաց թողած գոլերի րոպեները։ Վիզուալիզացիայում տեսնում եք 5 ակումբների բաց թողած գոլերը՝ ըստ րոպեների։

Հատկանշական է, որ «Վեստ Արմենիան» հատկապես շատ գոլեր է բաց թողել խաղի ավարտին մոտ՝ 80-րդ րոպեից հետո։

Այսպես, հաշվել ենք, թե 80-րդ րոպեից 90+ րոպեում բաց թողած գոլերն ընդհանուր բաց թողած գոլերի քանի տոկոսն են կազմում։ Այս առումով նորից առաջին տեղում «Վեստ Արմենիա»-ն է՝ 32,6%-ով։ Մյուս թիմերի մոտ նույն ցուցանիշը տատանվում է 23%-ի շրջանում։ «Արարատ»-ի մոտ նույն ցուցանիշը 23,3% է, «Վան»-ինը՝ 23,2%, «Շիրակ»-ինը՝ 20,6% և «ԲԿՄԱ»-ի մոտ՝ 20,5%:

«Վան»-«Վեստ Արմենիա» խաղը վերջերս հայտնվել էր հնարավոր պայմանավորված խաղերը լուսաբանող ռուսալեզու մի բլոգի ուշադրության կենտրոնում։ Առաջին խաղակեսից հետո «Վեստ Արմենիա»-ն արտագնա հանդիպումում հաղթել է 0-1 հաշվով, 11 մետրանոցում խփած գոլի շնորհիվ։ Բլոգերի պնդմամբ, առաջին խաղակեսից հետո խաղադրույքների սքաները նկատել է մի քանի խոշոր խաղադրույք «Վանի»՝ 2 և ավելի գոլի տարբերությամբ հաղթանակի վրա։ Խաղն ավարտվել է «Վան»-ի հաղթանակով՝ 4-1 հաշվով, որից երկու գոլը «Վան»-ը խփել է ավելացրած րոպեին։

Կարիք կա՞ ստուգելու՝ արդյոք «Վեստ Արմենիա»-ի «խնդրահարույց» հանդիպումները պայմանավորված են եղել, պետք է որոշեն նման լիազորություններով օժտված մարմինները, այստեղ մեծ դերակատարություն կարող է ունենալ ՀՖՖ-ն։ 

Բելգիայից հետաքննությանը մասնակցեց Բրունո Սթրույսը, «Die Morgen»
Տվյալների վիզուալիզացիան՝ Արեն Նազարյանի
Գլխավոր նկարի ձևավորումը՝ Սամսոն Մարտիրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter