HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

«Մենք չգիտենք՝ որոնք են մեր առաջնահերթությունները տեխնոլոգիական ոլորտում»․ Հրանտ Խաչատրյան

Հայաստանը Тortoise media-ի՝ Արհեստական բանականության համաշխարհային ինդեքսով (Global AI Index) 62 երկրների ցանկում 54-րդն է։ Սա առաջին նախաձեռնությունն է, որը երկրները դասակարգում է՝ ըստ միջազգային մակարդակում ունեցած AI (Արհեստական բանականության) ներուժի։ Հետազոտության վերջին արդյունքները հրապարակվել են այս տարվա հունիսի 28-ին: Ըստ մեթոդաբանության՝ Արհեստական բանականության համաշխարհային ինդեքսի հիմքում 111 ցուցանիշներ են, որոնք հավաքագրվել են տվյալների հանրային և մասնավոր 28 տարբեր աղբյուրներից և 62 կառավարություններից: Հայաստանն ամենաբարձր ցուցանիշը ոլորտի մասնագետների առկայության համատեքստում ունի․ 35-րդն ենք։ Հաշվի է առնվում, օրինակ, թե բնակչության թվի համեմատ յուրաքանչյուր տարի ոլորտի քանի մասնագետ է ավարտում բուհը։ Ամենացածր արդյունքը պետական ռազմավարությանն է վերաբերում․ ցուցակում վերջինն ենք՝ 0 գնահատականով։

«YerevaNN» լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանն ասում է՝ պետական մակարդակում ռազմավարական փաստաթղթեր չունենք։ Սրանց առկայությունն ու ոլորտում ներդումային քաղաքականությունն են ձևավորում ցուցանիշը։

«Երբ նոր էր ստեղծվում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, մի սևագիր էր պատրաստվում, թե որոնք են մեր առաջնահերթությունները էս ոլորտում։ Նշված էր 19 ոլորտ։ Էդ հաստատ սխալ է։ Բայց մինչև հիմա էդ փաստաթուղթը չի ընդունվել, մենք չգիտենք՝ որոնք են մեր առաջնահերթությունները»,- ասում է Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ ռազմավարությունը հրաժարվելու արվեստն է։ Բացատրում է՝ ամեն ինչ անել չես կարող։ Ինչ-որ պահի պիտի որոշես, որ ինչ-որ բանով չես զբաղվելու։ Հակառակ պետական քաղաքականության՝ իրենք YerevaNN լաբորատորիայում սեփական առաջնահերթություններն ունեն ավելի նեղ՝ արհեստական բանականության ոլորտի համար։ Խաչատրյանն ասում է՝ պետք չէ ռեսուրսներն օգտագործել այն ուղղությամբ, որտեղ մրցունակ լինելու հնարավորություն չկա։

«Երկու ուղղություն կա, որտեղ ուզում ենք ու արդեն սկսել ենք կենտրոնացնել մեր ջանքերը։ Առաջինը կյանքի վերաբերյալ գիտություններում՝ կենսաբանության, քիմիայի, դեղագործության ուղղությամբ արհեստական բանականության մոդելների ստեղծումն է։ Մեր գնահատմամբ՝ աշխարհում էդ ոլորտով զբաղվող թիմերը ավելի քիչ են, քան ոլորտի խնդիրները։ Դրա համար էդտեղ մենք կարող ենք լինել մրցունակ»,- ասում է Խաչատրյանը։

Մրցունակ լինելն ավելի բարդ է մյուս՝ ռոբոտների կառավարման հետ կապված արհեստական բանականության գործիքների ստեղծման ոլորտում։ Ի տարբերություն շատ ոլորտների՝ այս գործիքները հեշտ չեն տարածվում ու հասանելի չեն։ Բայց Խաչատրյանն ասում է՝ արժե ջանքեր դնել ու սեփական մշակումներն ունենալ։

«Սա համեմատաբար նոր ուղղություն է։ Էս ոլորտը ավելի դժվար է զարգանում Հայաստանում․ կախվածություն կա սարքաշինությունից, լոգիստիկ խնդիրներ են առաջանում, ինչը ծրագրավորման աշխարհում չկա։ Բայց սա այն ուղղություններից է, որ մենք անպայման պիտի զարգացնենք»,- բացատրում է YerevaNN-ի ղեկավարը։

Խաչատրյանն անընդհատ խոսում է համագործակցության կարևորության մասին։ Եթե ուրիշ գիտական խմբերի հետ աշխատելը հեշտ է ստացվում, պետություն-գիտական համայնք կապն ավելի բարդ է կառուցել։ Նրա կարծիքով՝ պետությունը հաղորդակցության խողովակներ չի կարողանում ձևավորել։ Շեշտում է՝ պետական համակարգը պիտի ունակ լինի շփվելու գիտնականների, մասնավորի ու հասարակության՝ գիտելիք ունեցող հատվածի հետ։ Խաչատրյանի խոսքով՝ ինչ-որ ջանքեր կան, բայց բավարար չեն։

«ԱՄՆ-ում էնքան շատ գիտնական կա, որ մի մասը մտնում է պետական համակարգ ու պետության անունից խոսում է մյուս գիտնականների հետ։ Հայաստանում էդքան ռեսուրս չկա, ու կան հաղորդակցության մի շարք խնդիրներ»,- ասում է Խաչատրյանը։

Խնդրի լուծումը մասնագետների թվի ավելացումն ու գիտական խմբերի մեծացումն է համարում։ Ասում է՝ նպատակը Հայաստանում ոլորտի զարգացումն է, որ նոր ընկերություններ ստեղծվեն, մարդկանց քանակն ավելանա, ու ավելի շատ ռեսուրս հնարավոր լինի ներդնել մրցունակ արտադրանք ստեղծելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter