HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտակերտցի Ամալյա Ավագյանի հիշողության տոպրակը

150-ից ավելի տարեցներ ու հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք Արցախից բռնի տեղահանվելուց հետո տեղավորվել էին Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսումնական բազայի շենքում։ Նրանց մեծ մասն արդեն տեղափոխվել է Հայաստանի տարբեր հոգեբուժարաններ և տարեցների խնամքի կենտրոններ։

Շենք մտնելուն պես մոտենում են ժամանակավոր բնակիչները․ ամեն մեկը պատմում է իր պատմությունը, տալիս հարցեր, որոնց պատասխանը մենք չունենք։ Հարյուրից ավելի մարդկանց մեջ առանձնանում էր մի տարեց կին, որը կրծքին սեղմած տոպրակը ոչ մի րոպե բաց չէր թողնում։

78-ամյա Ամալյա Ավագյանը Արցախի Մարտակերտ քաղաքից է, իսկ ամուր բռնած տոպրակում իր արդեն ամենաթանկ ունեցվածքն է՝ հարազատների լուսանկարները, զինվորական գրքույկը, փաստաթղթերը:

Տիկին Ամալյան պատմում է իր կյանքի մասին՝ ամեն մի պատմության հետ հիշողության տոպրակից հանելով իրեղեն մի ապացույց:

Հարցից, թե ում հետ է ապրում այստեղ, տիկին Ամալյան հուզվում է։ Քրոջ՝ Նոռայի հետ էր Մարտակերտից այստեղ եկել, 90-ամյա քույրը օրեր առաջ մահացել էր։

Ամալյա Ավագյանի դուստրն ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նա ասում է, որ շուտով դուստրը գալու է իրեն տանելու. արդեն վիզա ունի: Մեր հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր կյանքը Ամերիկայում, ասում է․ «Գիտեք՝ ինչ գեղեցիկ էր մեր Մարտակերտը, 15 նռան ծառ ունեի, մի ծառն էլ չէի փոխի ամբողջ երկրի հետ, բայց ինչ անեմ, ուրիշ ճար չունեմ»։

Մեր հանդիպումից մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 24-ին, շենքում ապրող արցախցիների մեծ մասին տեղափոխել էին տարբեր հաստատություններ: Ամալյա Ավագյանը տեղափոխվել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter