HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Բրոդսկի․ յոթ պատվիրան՝ ուսանողին

Ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևոր երաշխիքը: Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է: Այս առթիվ ներկայացնում ենք բանաստեղծ, Էսսեիստ, թարգմանիչ Իոսիֆ Բրոդսկու հայտնի ճառերից մեկից հատված, որը կարդացել է 1988թ․-ին` Էրբորում գտնվող Միչիգանի համալսարանի ուսանողների համար, որտեղ ութ տարի դասավանդել է ռուս և անգլիական պոեզիա:

(..) Այն, ինչ ես հիմա կասեմ, դիտարկեք որպես մի քանի այսբերգների գագաթներ, այլ ոչ թե որպես Սինա լեռան կատարը: Ոչ ես եմ Մովսեսը, ոչ էլ դուք եք հին կտակարանային հրեաներ. ասածս ընդամենը դեղին տետրակում արված անկանոն նշումներ են` խզբզված ինչ-որ տեղ Կալիֆորնիայում: Արհամարհեք դրանք, եթե ցանկանում եք, կասկածի ենթարկեք, եթե հարկ կա, մոռացեք, եթե այլ կերպ չեք կարող. ոչ մի պարտադրանք չկա այստեղ: Եթե, այնուամենայնիվ, ասածիս մի մասը ձեզ պետք գա հիմա կամ ապագայում, ես ուրախ կլինեմ: Եթե ոչ` չեմ բարկանա:

  1. Ե՛վ այժմ, և՛ հետագայում, կարծում եմ, իմաստ ունի կենտրոնանալ ձեր լեզվի ճշտության վրա: Աշխատեք ընդարձակել ձեր բառապաշարը, դրա հետ վարվելով ճիշտ այնպես, ինչպես ձեր բանկային հաշվի հետ կվարվեիք: Շատ ժամանակ հատկացրեք դրան ու ձգտեք ավելացնել «մուծումները»: Սրա նպատակն այն չի, որ նպաստեք ննջասենյակում ճարտարախոսությանը կամ մասնագիտական հաջողությանը (չնայած հետագայում դա էլ է հնարավոր), ու ոչ էլ ձեզ հասարակության խելոքներից դարձնելը: Նպատակն այն է, որ հնարավորություն ունենաք առավելագույն հնարավոր է ամբողջությամբ և ճշգրտորեն արտահայտել ինքներդ ձեզ, մի խոսքով` նպատակը ձեր հավասարակշռությունն է: Քանի որ չասվածի, չարտահայտածի կուտակումները կարող են նևրոզի հանգեցնել: Ամեն օր մարդու ներաշխարհը փոփոխվում է, մինչդեռ արտահայտչամիջոցները հաճախ մնում են նույնը: Արտահայտվելու ունակությունը փորձից հետ է մնում, իսկ սա խորը հոգեբանական ազդեցություն է թողնում: Զգացմունքներ, մտքեր, շեշտադրումներ, ընկալումներ, որոնք մնում են չարտահայտված, չարտաբերված ու չեն տեղավորվում անորոշ ձևակերպումների շրջանակներում: Սրանք կուտակվում են անհատի ներսում ու կարող են հասցնել հոգեբանական պայթյունի կամ խանգարման: Սրանից խուսափելու համար պարտադիր չէ գիրք կրծող դառնալ: Պետք է ուղղակի մի բառարան ձեռք բերել և ամեն օր կարդալ, կարելի է նաև` բանաստեղծությունների ժողովածուներ: Ամեն դեպքում բառարաններն են, որ առաջնային կարևորություն ունեն: Ամենուր դրանք շատ են, ոմանց հետ անգամ խոշորացույց են տալիս: Բառարանները բավական էժան են, բայց նույնիսկ ամենաթանկերը (որոնց հետ խոշորացույց են տալիս) ավելի էժան են, քան հոգեբանի մոտ մեկ այցը: Այնուամենայնիվ, եթե որոշել եք այցի գնալ, ավելի լավ է բժշկին դիմեք բառարանային ալկոհոլիզմի ախտանիշներով:
  2. Այժմ ու հետագայում աշխատեք բարի լինել ձեր ծնողների նկատմամբ: Ասածս շատ է հիշեցնում «Հարգիր քո հորն ու մորը», բայց ի՞նչ արած: Ուզում եմ ասել միայն` աշխատեք նրանց դեմ դուրս չգալ, քանի որ նրանք հավանաբար ձեզնից շուտ են մահանալու, դուք այսպիսով կազատվեք մեղքի, եթե ոչ վշտի այդ աղբյուրից: Եթե, այնուամենայնիվ, պետք է ընդդիմանաք, ընդդիմացեք նրանց, ովքեր այնքան էլ խոցելի չեն: Ծնողները չափազանց մոտիկ թիրախ են (նաև` եղբայրները, քույրերը, ամուսիններն ու կանայք). հեռավորությունն այնպիսին է, որ վրիպելը պարզապես անհնար է: Ծնողներից խռովելն իր բոլոր «ես ձեզանից ոչ մի կոպեկ չեմ վերցնի՚ներով իր էությամբ չափից դուրս բուրժուական է, քանի որ այն խռովարարին տալիս է բացարձակ բավարարվածություն, այս դեպքում` հոգեկան բավարարվածություն, որը գալիս է ներքին համոզմունքից: Ինչքան ուշ բռնեք այս ուղին, այնքան ուշ կվերածվեք հոգով բուրժուայի, այսինքն ինչքան երկար մնաք կասկածամիտ, սեփական գիտելիքներով չբավարարվող անհատ, այնքան լավ ձեր իսկ համար: Մյուս կողմից, այս «ես ձեզանից ոչ մի կոպեկ չեմ վերցնի» քաշքշուկը բավականին գործնական բնույթ ունի. ձեր ծնողները հավանաբար իրենց ողջ ունեցվածքը ձեզ են կտակում, ու հաջողակ ընդդիմադիրն ի վերջո կստանա ամենը: Կարճ ասած` խռովությունը ծնողների դեմ արդյունավետ դրամական ձեռքբերում է: Տոկոսադրույքը թերևս բացասական է, ու ես կասեի` տանում է դեպի կատարյալ սնանկացում:
  3. Աշխատեք քաղաքական գործիչների վրա շատ հույս չդնել` ոչ այնքան այն պատճառով, որ նրանք խելացի կամ ազնիվ չեն, ինչպես հաճախ է պատահում, այլ իրենց աշխատանքի հսկայական ծավալների պատճառով, որոնք չափազանց մեծ են` նրանցից նույնիսկ ամենալավերի համար: Այնպես որ, պետք չէ հույս դնել այս կամ այն կուսակցության, քաղաքական կարգի, գաղափարախոսության ու դրանց ծրագրերի վրա: Լավագույն դեպքում դրանք կարող են մի քիչ պակասեցնել սոցիալական չարիքը, բայց ոչ վերացնել այն: Որքան էլ շոշափելի լինի բարելավումը, կգտնվեն այնպիսիք, առնվազն մեկ մարդ, ով ոչինչ չի շահի այդ բարելավումներից, այնպես որ վերջինս էթիկայի տեսանկյունից արհամարհորեն չնչին է լինելու: Աշխարհը կատարյալ չէ, Ոսկե դար չի եղել ու չի էլ լինի: Միակ բանն, ինչ կկատարվի աշխարհի հետ` մեծանալն է, այսինքն` այն ավելի մարդաշատ կդառնա` նույն չափերի մեջ մնալով: Որքան էլ ձեր ընտրած մարդը խոստանա գաթան արդար կիսել, միևնույն է, այն չի կարող մեծանալ, չափաբաժինները անպայմանորեն գնալով փոքրանում են: Այս լույսի տակ, կամ ավելի ճիշտ խավարի, դուք պետք է սովորեք հույսը սեփական տան շիլայի վրա դնել, այսինքն` ինքնուրույն կառավարել աշխարհը, առնվազն դրա այն մասը, որ ձեզ հասանելի է: Սակայն դա իրականացնելիս էլ դուք պետք է պատրաստ լինեք ծանր գիտակցմանը, որ ձեր սեփական գաթան չի բավականացնի, որ դուք ամենայն հավանականությամբ ստիպված կլինեք հավասարապես համտեսել և՛ շնորհակալություն, և՛ հիասթափություն: Ամենակարևոր դասն այն է, որ չհոգնեք խոհանոցից, քանի որ մի անգամ այն մատուցելուց հետո ձեզնից շատ ակնկալիքներ են ունենալու: Հարցրեք ինքներդ ձեզ` պատրա՞ստ եք արդյոք գաթաների այդ անընդմեջ մատակարարմանը, թե՞ հույսն ամեն դեպքում քաղաքական գործիչների վրա կդնեք: Կարո՞ ղ է աշխարհը հույս դնել ձեր թխածի վրա: Ինչպիսին էլ լինեն այս ներքին պրպտումների արդյունքները, սկսեք արդեն պնդել, որ բոլոր այն ընկերությունները, բանկերը, դպրոցները, լաբորատորիաները, ուր երբևէ դուք կաշխատեք, և որոնք ունեն ջեռուցում ու օրը քսանչորս ժամ հսկվում են ոստիկանության կողմից, ներս թողնեն անտուններին հիմա, երբ դրսում ձմեռ է:
  4. Աշխատեք շատ չառանձնանալ, աշխատեք համեստ լինել: Արդեն հիմա մենք շատ շատ ենք, և շուտով ավելի շատ ենք լինելու: Արևի տակ տեղ զբաղեցնելու քաշքշոցն անպայման նրանց հաշվին է, ովքեր դրանից մի կողմ են քաշված: Այն, որ դուք ինչոր մեկի ոտքերին եք կանգնում, դեռ չի նշանակում, որ պետք է գլխին էլ կանգնեք: Բացի այդ էլ` վերևից ձեր տեսածը կլինի մարդկանց ծովն ու ձեզ պես վերևում դիրք գրավածների աչքի ընկնող, սակայն բնավ ոչ ապահով դիրքը, որտեղից կտեսնեք նրանց, ում հարուստ ու հայտնի են կոչում: Սրան պետք է հավելել նաև այն փաստը, որ հարուստներն ու հայտնիները մեր օրերում բյուրավոր են, ու վերևում խիստ նեղվածք է: Այնպես որ, եթե ուզում եք դառնալ հայտնի կամ հարուստ, կամ էլ երկուսը միասին, դարձեք, բայց ոտքից գլուխ մի տարվեք դրանով: Ցանկանալ մի բան, որն ուրիշին է պատկանում, նշանակում է կորցնել սեփական եսը, բայց, մյուս կողմից, սա խթանում է զանգվածային արտադրողականությունը: Այնուամենայնիվ, քանի որ կյանքը մի անգամ է տրված, ցանկալի է հնարավորինս խուսափել ակնհայտ պիտակավորումներից: Ի նկատի ունեցեք, որ սեփական բացառիկության գիտակցումը նույնպես հարվածի տակ է դնում ձեր եսը, էլ չեմ ասում, որ նեղացնում է իրականության առանց այն էլ նեղ պատկերացումները: Շփվելը նրանց հետ, ովքեր իրենց եկամուտների ու արտաքինի (գուցե և զուտ տեսականորեն) հիման վրա պատկերում են իրենց անսահմանափակ հնարավորությունները, ավելի լավ է, քան ցանկացած ակումբում անդամակցությունը: Աշխատեք նմանվել ավելի շատ նրանց, քան թե նրանց ոչ նմաններին, աշխատեք գորշ գույներ կրել: Նմանակությունը սեփական յուրահատկությունը պաշտպանելու ձև է, այլ ոչ թե կործանելու: Ես ձեզ անգամ խորհուրդ կտայի ավելի ցածրաձայն խոսել, բայց վախենամ ասեք` թե դա արդեն չափազանց է: Միշտ հիշեք, որ ձեր կողքին ինչոր մեկը կա` ձեր մերձավորը: Ոչ ոք ձեզ չի խնդրում սիրել նրան, բայց աշխատեք շատ չանհանգստացնել ու ցավ չպատճառել, աշխատեք նրա ոտքերին զգույշ կանգնել: Իսկ եթե այնպես պատահի, որ կցանկանաք նրա կնոջը, հիշեք գոնե, որ դա կխոսի երևակայության ձեր պակասի մասին կամ չիմացության ու հավատի պակասի` առ կյանքի անսահման հնարավորությունները: Ծայրահեղ դեպքում փորձեք հիշել, թե որքան հեռվից` աստղերից, տիեզերքի խորքից կամ հնարավոր է դրա մյուս կողմից է մեզ հասել դա չանելու պատգամը, ինչպես նաև` մերձավորին սեփական անձի պես սիրելու գաղափարը: Հավանաբար աստղերն ավելի շատ բան գիտեն ձգողականության ու միայնության մասին, քանի որ դրանք ցանկության աչքերն են:
  5. Ամեն կերպ խուսափեք ինքներդ ձեզ զոհի կարգավիճակ վերագրելուց: Ձեր մարմնի բոլոր մասերից հատկապես ուշադիր եղեք ցուցամատի նկատմամբ, քանի որ այն անընհատ ձգտում է մերկացման: Ցույց տվող մատը զոհի նշանն է` ի հակադրություն Victoria նշանի ձևով վեր բարձրացրած միջնամատի. այն հանձնվելու խորհրդանիշ է: Ինչքան էլ անտանելի լինի ձեր վիճակը, աշխատեք չմեղադրել դրսի ուժերին` պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ռասաներին, ծնողներին, լուսնային ցիկլին, մանկությանը, անժամանակ գիշերաթասին նստելուն և այլն: Ճաշացանկը ծավալուն է ու ձանձրալի, և այդ ծավալն ու ձանձրալիությունն արդեն իսկ բավարար են, որ միտքը ոտքի կանգնի դրանք օգտագործելուն դեմ: Մեղքն ինչոր բանի վրա գցելու պահին դուք կորցնում եք սեփական ուժերով հարց լուծելու վստահությունը: Կարելի է նաև պնդել, որ մերկացման ձգտող մատն այդքան վճռական էր դեսուդեն նետվում, քանի որ վճռականությունը բավականաչափ շատ չէր: Ի վերջո, զոհի կարգավիճակն էլ իր հմայքներն ունի: Այն առաջացնում է կարեկցանք, տալիս է բացառիկություն, և մի շարք երկրներ ու նաև մայրցամաքներ ամբողջությամբ վայելում են գիտակցական զեղչերի պարգևած փափկասուն կյանքը, ինչը ներկայացվում է որպես զոհի հոգեբանություն: Գոյություն ունի այս հոգեբանության մի ամբողջ մշակույթ` սկսած անձնական փաստաբաններից, վերջացրած միջպետական պարտքերով: Անկախ այս համակարգի բռնած նպատակից, դրա փաստացի արդյունքը ակնկալիքների նվազեցումն է, երբ խղճուկ առավելությունը հայտարարվում կամ ընկալվում է որպես արժեքավոր նվաճում: Իհարկե, սա թերապևտիկ է, ու, հաշվի առնելով միջազգային ռեսուրսների սղությունը, հավանական է` նաև հիգիենիկ, որ ավելի լավի բացակայության պատճառով պետք է բավարարվենք եղածով, սակայն աշխատեք ընդդիմանալ դրան:
  6. Ինչքան էլ ակնհայտ ու անդառնալի լինի ձեր պարտությունը, ժխտեք այն, քանի դեռ ձեր գիտակցությունը տեղում է, քանի դեռ կարող եք «ոչ»-ն արտաբերել: Ընդհանրապես սովորեք կյանքը հարգել ոչ միայն դրա գեղեցկությունների, այլև դժվարությունների համար: Դրանք խաղի մի մասն են, ու լավն այն է, որ սուտ չեն: Ամեն անգամ, երբ դուք տագնապի մեջ եք, երբ ձեզ մոտ խնդիրներ ու դժվարություններ են առաջանում, հիշեք. կյանքն է, որը ձեզ հետ խոսում է իրեն հասկանալի միակ լեզվով: Այլ կերպ ասած` աշխատեք մի քիչ մազոխիստ լինել. առանց ինքդ քեզ ուտելու համը զգալու` կյանքի իմաստը լիարժեք չէ: Եթե սա ձեզ ինչոր կերպ կօգնի, ապա փորձեք հիշել, որ մարդկային արժանապատվությունը բացարձակ հասկացություն է, այլ ոչ սակարկելի, հիշեք, որ այն անհամեմատելի է ինչոր հատուկ խնդրանքների հետ, որ այն գործում է ակնհայտի ժխտման հաշվին: Եթե այս փաստարկը դիպուկ չեք համարում, մտածեք գոնե անպատասխանատվության այն վակուումի մասին, որը հեշտությամբ լցնում են չարքերն ու դատարկախոսները. չէ՞  որ կաթվածահար կամքը հրեշտակներին սիրելի չէ:
  7. Աշխարհը, ուր դուք պատրաստվում եք ոտք դնել, լավ համբավ չունի: Այն շատ ավելի լավն է աշխարհագրական տեսանկյունից, քան պատմական, այն շատ ավելի հրապուրիչ է արտաքնապես, քան սոցիալապես: Սա դրախտային գողտրիկ անկյուն չէ, ինչպես արդեն նկատած կլինեք, ու հազիվ թե ավելի հաճելի տեղ դառնա մինչ պահը, երբ դուք լքեք այն: Սակայն սա միակ գոյություն ունեցող աշխարհն է, այլընտրանքայինը չկա, իսկ եթե լիներ էլ, ապա չկան երաշխիքներ, որ այն շատ ավելի լավը կլիներ, քան մեր ունեցածը: Այնտեղ` դրսում, բառացիորեն և որն ավելի վատ է` մետաֆիզիկաբար, ջունգլիներ են, ու նաև անապատ, սայթաքուն բարձունքներ, ճահիճ և այլն: Բայց ինչպես ասել է Ռոբերտ Ֆրոստը` «Լավագույն ելքը միշտ միջով է»: Իսկ մեկ այլ բանաստեղծության մեջ նա ասել է, որ «հասարակության մեջ ապրել` նշանակում է ներել: Այդ «միջով» անցնելու հետ կապված մի քանի նկատառումներով էլ ես կցանկանայի եզրափակել ելույթս:
    Աշխատեք ուշադրություն չդարձնել նրանց, ովքեր կփորձեն դժբախտացնել ձեր կյանքը: Այպիսիք շատ կգտնվեն` թե նշանակովի, թե ինքնահռչակ: Դիմացեք, եթե չեք կարող նրանցից խուսափել, բայց հենց ազատվեք նրանցից` մոռացեք անմիջապես: Նախ և առաջ խուսափեք պատմություններից այն մասին, թե որքան անարդար են վարվել ձեզ հետ, խուսափեք, որքան էլ կարեկցող լինի ձեր լսարանը: Նման պատմությունները միայն երկարացնում են ձեր չարակամների գոյությունը. շատ հավանական է, որ նրանք հույս ունեն, որ դուք խոսկան եք ու պատմում եք ձեր փորձի մասին ուրիշներին: Որպես այդպիսին ոչ մի անհատ արժանի չէ անարդարության վարժանքի (ու նույնիսկ` ոչ էլ արդարության): Մեկը մեկին հարաբերակցությունը չի արդարացնում ջանքերը. արժեքավոր է միայն արձագանքը: Սա ցանկացած սահմանափակման գլխավոր սկզբունքներից է, լինի դա պետական, թե սեփական նախաձեռնությամբ: Այնպես, որ ցրեք կամ խլացրեք արձագանքը, մի թողեք, որ եղածը, ինչքան էլ այն տհաճ կամ կարևոր  լինի, խլի ավելի շատ ժամանակ, քան անհրաժեշտ կլիներ:

Այն թե ինչ են անում ձեր չարակամները, իր նշանակությունն ու կարևորությունն է ստանում ձեր վերաբերմունքից: Այնպես որ վազեք, սլացեք նրանց միջով, կողքով, ասես նրանք դեղին լույսն էին, և ոչ կարմիրը: Մի սպանեք ժամանակը նրանց վրա մտովի կամ խոսքով կանգ առնելով, մի հպարտացեք այն բանով, որ ներել կամ մոռացել եք նրանց. նախ և առաջ մոռացեք: Այդպես դուք կազատեք ձեր ուղեղի բջիջներն անիմաստ հուզմունքից, այդպես գուցե դուք այն հիմարներին փրկեք ինքներդ ձեզանից, քանի որ մոռացված լինելու հեռանկարն ավելի փոքր է, քան ներված լինելունը: Փոխեք ալիքը. դուք ի զորու չեք դադարեցնել հեռարձակումը, բայց դուք առնվազն կարող եք իջեցնել դրա վարկանիշը: Այս որոշումը հազիվ թե դուր գա հրեշտակներին, բայց այն կհարվածի չարքերին, ինչը հիմա ամենակարևորն է:

Այստեղ ես ավելի լավ է կանգ առնեմ: Ուրախ կլինեմ, եթե ասածս օգտակար համարեք: Եթե ոչ` կպարզվի, որ դուք շատ ավելի լավ եք պատրաստված ապագային, քան կարելի էր ակնկալել ձեր տարիքի երիտասարդներից, ինչը կարծում եմ ուրախության, ոչ թե անհանգստության առիթ է։ (..․)

Անգլերենից թարգմանությունը՝ Մարիաննա Վարդանյանի

Թարգմանությունն իրականացվել է ըստ Joseph Brodsky: «On Grief and Reason…), 1995 hրատարակության։ Ամբողջական ելույթի թարգմանությունը «Գրանիշ» կայքում:

Գլխավոր լուսանկարը Մարիաննա Վոլկովայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter