HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Իսկ ի՞նչ է քո մաշկի տակ

«Տեսողական տպավորությունը դժվար է նկարագրել բառերով: Կախված տպավորության ուժգնությունից և դրա առաջացրած հույզերի բնույթից՝ լեզուն տարբեր հնարներ է գտնում դրա մասին տեղեկություն հաղորդելու: Այնուամենայնիվ, ամենաուժգին տպավորությունների մասին խոսելիս հաճախ ասում ենք՝ «խոսքեր չունեմ»: Նարեկ Բարսեղյանի գործերը լեզվի գերիշխանությանը դիմադրելու փորձեր են»,- ցուցադրության ուղեկցող տեքստի մեջ գրել է արվեստաբան Ելենա Այդինյանը։

Նոյեմբերի 10-ից 13-ը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Նարեկ Բարսեղյանի «ԻՍԿ Ի՞ՆՉ Է ՔՈ ՄԱՇԿԻ ՏԱԿ» խորագրով ցուցահանդեսը։ Առաջինը, ինչը տպավորում է Նարեկի նկարներում, մեծ չափսերն են և պատկերված կերպարների՝ դիտողի հետ ուղիղ, չմիջնորդավորված կապի մեջ մտնելը։

«Վիզուալ մեծ չափսերը ինձ միշտ գրավել են, եթե հնարավորություն ունենայի, ավելի մեծ կանեի։ Նկարները ուղիղ են, հստակ միջնորդավորումը փորձում եմ քչացնել։ Էստեղ դու ես ու եթե կտավը՝ որպես նյութը հանենք, մեկ էլ ինքն է, մեջտեղը կոմպոզիցիա չկա։ Այս ձևով են աշխատում ժամանակակից ինստալյացիաները և փերֆորմանսները, բայց ես նկարիչ եմ, հետևաբար իմ նյութը, որով ես աշխատում եմ, պատկերն է, և այն, ինչ փոխանցում եմ դրա միջոցով»,- ասում է Նարեկը։

Նկարները վերնագրված, ստորագրված չեն։ Նկարիչը չի ուզում պատմել նրանց պատմությունները։ Նա, իր խոսքով, դիտորդ-վավերագրող է, որ ֆիքսում է կարևոր պահերը և անցկացնում է իր միջով։ Նրանցում պատկերված բոլոր մարդիկ իրական են, ցուցասրահի երկրորդ մասում ինքնադիմանկարներ են։

«Նկարներ կան, որ գիտեմ՝ ինչի մասին են, գիտեմ ճանապարհը, բայց այս շարքը նրա մասին է, ինչի մասին ես չգիտեմ, ինչ-որ պայծառացումներ են, լույսեր են, որոնք գիտելիքից չի գալիս, այլ ենթագիտակցությունից։ Պատկերները չունեն աչքեր, երևի տարբեր տեքստերում հանդիպող տեսողության կորստի վախերի մասին են»,- պատմում է Նարեկ Բարսեղյանը։

30-ամյա նկարչի արվեստանոցը գտնվում է Երևանի ոսկու շուկաներից մեկի շենքում՝ փոքրիկ սենյակի մի կողմում ոսկերչի, մյուս կողմում կոշկակարի արհեստանոց է։ Իր նկարների վաճառքի մասին Նարեկը շատ չի մտածում, չի հարում արվեստային խմբերի, միավորումների, ասում է՝ այդ մտքերը կտրում են գործից և ինչքան էլ բարդ է, բայց մենակ է անում ամեն ինչ․ այդպես իրան ավելի լավ է զգում։ Նարեկը պատմեց, որ այս ցուցահանդեսը նույնպես հեշտությամբ չի եղել, այն հնարավոր է եղել նախորդ ցուցահանդեսին վաճառած մի քանի նկարների հասույթից։

Լուսանկարները՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter