HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Թվային ապագա և արհեստական բանականություն․ Ինտերնետ կառավարման 8-րդ համաժողովը Հայաստանում

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ Ինտերնետ կառավարման հայաստանյան 8-րդ համաժողովը՝ ArmIGF 2023-ը։ Այն կազմակերպվել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների համագործակցությամբ:

Համաժողովի շրջանակում տարեկան մեկ անգամ պատասխանատու գերատեսչությունների, կառավարման մարմինների ներկայացուցիչները, ոլորտի մասնագետներն ու տեխնոլոգիական աշխարհի նորություններով հետաքրքրված մարդիկ հավաքվում են, քննարկում ոլորտի զարգացման հեռանկարները։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ Վահան Հովսեփյանն ասում է՝ համաժողովի անցկացման 8 տարիներին փոխվել է հիմնական խոսույթը։ Օրակարգում արդեն ինտերնետի ապահովումը չէ, այլ դրա կիրառությունը, արդյունավետ օգտագործման մեխանիզմները, օրինակ՝ արհեստական բանականության միջոցով։ Քննարկվում է, թե ինչպես կարելի է նման տեխնոլոգիաները կիրառել գյուղատնտեսության, բնապահպանության, պաշտպանության և այլ ոլորտներում։

«Եթե մենք ուզում ենք նոր տնտեսություն, նոր հասարակություն, նոր բանակ, կառավարման նոր համակարգ, մենք պետք է փոխենք մեր մոտեցումները։ Մենք պիտի գնանք նրան, որ տնտեսության բոլոր ճյուղերը ներառեն էդ նորարարությունները, տեխնոլոգիաները։ Մենք պիտի փոխենք մարդկանց, որ նրանք օգտագործեն էդ տեխնոլոգիաները»,- ասում է Հովսեփյանը։

Համացանցն այսօր ամենուր է, ու դրա կառավարման տարբեր փուլեր առանձին մարմիններ են իրականացնում։ Հովսեփյանի խոսքով՝ Հայաստանի թվային զարգացման համար պետական, հասարակական, մասնավոր հատվածների համագործակցությունն է անհրաժեշտ։ 

«Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, մի քանի կողմից շրջափակված է, Հայաստանից ինչ-որ ապրանք հանելը խնդիր է, թանկ է, Հայաստանը ունի սահմանափակ ռեսուրսներ։ Այս նոր իրականությունը հնարավորություն է տալիս կառավարել անսահմանափակ ռեսուրսներ՝ շնորհիվ թվային միջավայրի»,- նշում է Վահան Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող ենք մրցունակ լինել աշխարհում, ու ինչ քայլեր է պետք անել այդ ուղղությամբ։

«Մենք ուրիշ ելք չունենք։ Եթե մենք հիմա սկսենք նոր դարաշրջանի մարդ դառնալ, արդիականացնենք ամեն ինչ, ինչ-որ հնարավորություն կլինի առաջ գնալու։ Վաղը էդ հնարավորությունը ավելի քիչ է լինելու»,- բացատրում է նա։

Հովսեփյանը կարծում է, որ թվային հեղափոխությունը միայն հնարավորություններ չի պարունակում, ավելի շատ վտանգներ կան։ Դրանք հաղթահարելու ճանապարհը նա կրթության միջոցով է տեսնում։

«Շատ մարդիկ ուղղակի աշխատանք չեն ունենալու։ Մեր հասարակությունը պիտի ունենա էդ հիմնական գիտելիքները, որ ցանկացած փոփոխության դեպքում, լինի արհեստական բանականություն կամ այլ բան, կարողանա ճկուն լինել ու հաղթահարել էդ ամենը»,- մեկնաբանում է Հովսեփյանը։

Համաժողովի քննարկումներից մեկը վերաբերում էր կրթության մեջ արհեստական բանականության ներդրման դրական ու բացասական կողմերին։ Քանի որ աշակերտներն ու ուսանողները ավելի արագ են հարմարվում նորագույն տեխնոլոգիաներին, դրանց կիրառումը ուսումնական գործընթացում կարող է մեծացնել սովորողների ու դասավանդողների միջև անջրպետը։ ՀԱՊՀ Տեղեկատվության անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի ասիստենտ, տեխ.գ.թ․ Արտակ Խեմչյանն ասում է՝ այս անջրպետը արհեստական բանականության ստեղծմամբ չի առաջացել։

«Արհեստական բանականությունը թվային գրագիտության մասերից մեկն է։ Ես խնդրի լուծումը համարում եմ թվային գրագիտության բարձրացումը։ Կարծում եմ՝ ամենալավ տարբերակն այն է, որ տեխնիկական բուհերում դասավանդող մասնագետները դառնան էդ կրթող օղակը, տեխնիկական գործիքակազմը ներկայացնեն մյուս մասնագետներին»,- ասում է Խեմչյանը։

Նրա խոսքով՝ այս համակարգը պետք է ներդնել ու պարբերաբար վերապատրաստումներ իրականացնել՝ հաշվի առնելով ոլորտի զարգացման տեմպերը։

Խեմչյանի կարծիքով՝ դասախոսը ինֆորմացիա փոխանցող չէ միայն։ Համացանցում ցանկացած հարցի վերաբերյալ կարելի է գտնել հազարավոր պատասխաններ, կարելի է նոր բան սովորել տանը նստած, ուստի ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար դասախոսներն ու ուսուցիչները պիտի պատրաստ լինեն թվային ապագային։ 

Լուսանկարները՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter