Իսպանիան կրկին բարձունքին է
4-0 հաշվով հաղթելով իտալացիներին՝ Իսպանիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ եւ ընդհանուր առմամբ երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները ցույց տվեցին «Եվրո-2012»-ի իրենց լավագույն խաղը, որը հարուստ էր արագ գործողություններով, խաղը սրող դիպուկ փոխանցումներով, հետաքրքիր կոմբինացիաներով: Չկար նախորդ խաղերում առկա փոխանցումների մեծ տոկոսը դաշտի կենտրոնական հատվածում, ինչն ավելի դիտարժան դարձրեց հանդիպումը: Նշենք նաեւ իտալացիների բնավորությունը, որոնք մինչեւ վերջ փորձեցին գոնե հեղինակության գոլ խփել, սակայն դա իսպանացիների փառքի երկու ժամն էր: Ճիշտ է, իր մեծ դերն ունեցավ Մոտայի վնասվածքը, որից հետո իտալացիները ստիպված էին խաղը շարունակել 10 հոգով, սակայն մինչ այդ արդեն չեմպիոնները մեծ առավելություն էին ստացել, դեռ ավելին՝ մրցավարը չէր նշանակել ակնհայտ 11-մետրանոցը, ինչը, սակայն, մեծ նշանակություն չունեցավ. իսպանացիները խփեցին եւս երկու գոլ ու փակեցին բոլոր հարցերը:
Վիսենտե դել Բոսկեի սաները միանգամից մի քանի ռեկորդ սահմանեցին: Մինչ այս ոչ ոքի չէր հաջողվել 4 տարում նվաճել 3 չեմպիոնական տիտղոս՝ երկուսը՝ աշխարհամասի, մեկը՝ աշխարհի: Դել Բոսկեն կրկնեց գերմանացի Հելմուտ Շյոնի հաջողությունը եւ թիմին դարձրեց թե աշխարհի, թե Եվրոպայի չեմպիոն: Հիշեցնենք, որ 2008-ին թիմը գլխավորում էր Լուիս Արագոնեսը: Իսկ ԳՖՀ-ի մարզիչ Շյոնը նման հաջողության էր հասել 1972 եւ 1974 թթ.:
Իսպանացի ռմբարկու Ֆեռնանդո Տորեսը դարձավ մրցաշարի պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է երկու եզրափակչում գոլ խփել, այն էլ՝ անընդմեջ եզրափակիչներում:
4-0 հաշվով հաղթանակ դեռ չէր գրանցվել «Եվրո»-ների եզրափակիչներում, իսկ Սիլվան, Ալբան, Տորեսն ու Մատան հերթական հաջողությունը գրանցեցին իրենց թիմի համար: Նման խոշոր հաշվով հաղթանակ չի եղել նաեւ աշխարհի առաջնությունների եզրափակիչներում:
Մի խոսքով՝ իսպանական ներկայացումը՝ կորիդան (ցլամարտ) ստացվեց: Իսպանիան ցնծում է: Պիրենեյցիները կրկնեցին նաեւ գերմանացիների ռեկորդը՝ երրորդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Եվս 4 տարի այս թիմը աշխարհամասում կկրի առաջինի կոչումը:
Լուս.՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել