HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Չափարից տեղահանված Սարգսյանները ադրբեջանցիների հետ ապրել չեն պատկերացնում

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում կանաչ դարպասով ու փայտե կիսախարխուլ դռնով մի տուն կա։ 15 տարի փակ մնացած պատուհանները բացվել են, բակից նորից գյուղատնտեսական գործիքների աշխատանքի ձայն է լսվում։ Երկար տարիներ դատարկ մնացած այս տանը այսօր Սարգսյանների 5-հոգանոց ընտանիքն է ապրում։ Նրանք Արցախի Մարտակերտ շրջանի Չափար գյուղում թողել են իրենց տները, մեքենաները, ունեցած-չունեցածը և Ջրվեժում հիմա վարձով են ապրում։ 

Տիկին Արևիկը մեզ դիմավորում է բակում։ Դույլով տանձը վերցնում, լվանում, մի լավ գովում է ու մեզ հյուրասիրում։ Մեզ պատմում է Չափարի իրենց այգուց։ Ինչ ասես ցանում էին, ասում է` ամեն ինչ էլ աճում էր։ Պատմում է ու նայում նոր բակին, որտեղ անելու դեռ շատ բան կա։

«Հայաթ մտնել չէր լինում։ Եկանք, մաքրեցինք։ Մինչև հիմա էլ ամուսինս մաքրում ա, ծառերն ա էտում։ Աշխատող ժողովուրդ ենք, կմաքրենք։ Մենակ խաղաղություն լինի, գոնե ստեղ խաղաղություն լինի»,- ասում է Արևիկը։

2023թ․ սեպտեմբերի 19-ին` Արցախի վրա Ադրբեջանի հարձակման օրը, թշնամու արկը ընկել է Սարգսյանների հարևանի տան վրա։ Առաջին պայթյունից հետո հարևանի երեխաները իրենց նկուղ են եկել։ Երկու տները մի գետ է բաժանում, Արևիկն ասում է՝ եթե 5 րոպե ուշ դուրս գային, չէին հասցնի պատսպարվել։ 

«Ժամը 5-6-ի կողմերը մի քիչ դադար տվեցին։ Մեկ էլ տեսնեմ՝ իրար գոռում են՝ դու՛րս եկեք․ մտել են մեր ներքևի գյուղը։ Մենք Չափարում էինք, թուրքերը արդեն տանկերով մտել էին Գետավան, չորս կիլոմետրի վրա ա»,- ասում է Արևիկը։

Կարճատև հրադադարի պահին համագյուղացիներով դուրս են եկել գյուղից։ Չեն մտածել, որ էլ չեն վերադառնալու, իրենց հետ գրեթե ոչինչ չեն վերցրել։ 

Արցախում են մնացել նաև Սարգսյանների երկու մեքենաները․ վառելիք չի եղել։ Մի մեքենան էլ գյուղի բժիշկն էր քշում, գյուղից գյուղ էր գնում, մեջը բենզին կար։ Այդ մեքենայով դուրս են եկել Չափարից։ Երեք օր մնացել են Ստեփանակերտի օդանավակայանում, երեք օր էլ ճանապարհ են եկել դեպի Հայաստան։ 

«Լրիվ տուն-տեղ նվիրեցինք թուրքերին»,- ասում է Արևիկն ու թերթում փաստաթղթերի պայուսակում պատահաբար հայտնված նկարները։ Վերջինը տանից ամուսինն է դուրս եկել, միայն այդ պայուսակն է հասցրել վերցնել, տան դուռն էլ չի փակել։ 

«Էդ րոպեին մտքովդ էլ չի անցնում, որ հետ դառնաս, բան վերցնես։ Դուռն էլ ա բաց թողել։ Մարդիկ փակել են, ինքը թողել ա բաց, տանից դուրս եկել»,- հավելում է նա։

Դուռը չի փակել, բայց բանալին վերցրել է Ռաֆիկը՝ Արևիկի ամուսինը։ Հարցնում ենք՝ էլ ինչ է բերել Չափարի իրենց տնից։ Շուրջբոլորն է նայում, հագածին։

«Ճիշտն ասած, մեր տնից իմ վրա բան չկա»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է Ռաֆիկը։

Չափարը Ռաֆիկի ծննդավայրն է։ Ասում է, որ անգամ 90-ականների պատերազմին չի լքել իր գյուղը։ Սեպտեմբերի 19-ին էլ զենքը ձեռքին իր տանը նստած է եղել, որ պետք եկած պահին օգնության հասնի։ 

Սարգսյանները ադրբեջանական ալիքներում տեսել են՝ ինչ վիճակում են իրենց տները, գյուղի դպրոցը։

«Միջնեկ տղաս մեզ հետ դուրս չեկավ․ փրկարար ծառայությունում էր աշխատում, ամսի 30-ին ա դուրս եկել։ Ստեփանակերտից իրան Կարմիր խաչի հետ տարել էին, որ դիակները հանի։ Ասում ա՝ ամեն մեկիս հայաթը թուրքի մի կամազ կար կանգնեցրած, ապրանքը լցնում էին, իրա աչքի դեմը։ Ասում ա՝ էդ երևի ամբողջ կյանքումս աչքիս դեմից չի անցնի»,- պատմում է Արևիկը։ 

Արևիկը 4 զավակ ունի։ Ինքն ու ամուսինը՝ Ռաֆիկ Սարգսյանը, փոքր որդու՝ Լեռնիկի հետ են ապրում։ Մյուս երկու տղաներն ու դուստրն էլ Հրազդանում են։ 

Բոլորը առանձին-առանձին վարձ են տալիս, ասում է՝ չեն հարմարվում․ Հրազդանում ցուրտ է, տներում էլ գազ չկա, ուզում են գալ իրենց մոտ։ Հարցնում ենք՝ բա ո՞նց պիտի տեղավորվեք, ասում է՝ թե տուն չգտնեն, իրար գլուխ էլ կապրեն։

«Էնքան նեղ տեղ ենք ընկել, նենց տներ ենք թողել, ասել ենք, որ բուն էլ լինի, մենակ չկաթա, կմտնենք, կապրենք»,- ասում է տանտիկինը։ 

Սարգսյանները աշխատանք չեն գտել դեռ։ Ասում են՝ մի բանով կզբաղվեն։ Չգիտեն՝ ինչ հույսով սպասեն հայրենիք վերադառնալուն, բայց մի բան հստակ են ասում՝ ադրբեջանցիների հետ ապրել չեն պատկերացնում։ 

Նարե Պետրոսյան, Սյուզաննա Օհանյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter