HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանը շվեյցարական ընկերությունից շենք է գնել Լոնդոնում, որում կտեղավորվի ՀՀ դեսպանությունը. «Հետքը» մանրամասներ է պարզել

Սեպտեմբերի 7-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որով ԱԳՆ-ին հատկացրել է 16.670.800 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ՝ Լոնդոնում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով:

ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը գործում է երկու սենյակում, որոնց համար վճարել է

Գործադիրն իր որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշել է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը 1992 թ.-ից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, որը դեսպանությանը տեղեկացրել է 2024 թ. տարածքն ազատելու անհրաժեշտության մասին: Ըստ այդմ՝ Հայ տան շենքում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը, Կառավարության հիմնավորման համաձայն, մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները:

Անդրադառնալով այս խնդրին՝ Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է. «Նախագծում էլ էի կարդացել, որ դեսպանատանն առաջարկվել է դուրս գալ տարածքից: Մենք վաղուց էինք ուզում դուրս գալ այդ տարածքից: Ճիշտ է, անձամբ չեմ եղել այնտեղ, բայց նրանք, ովքեր եղել են՝ պատմում են, եւ այն լուսանկարները, որ տեսել եմ, ամենայն հարգանքով եւ շնորհակալությամբ այն մարդկանց, ովքեր այդ տարածքը տրամադրել են, բայց, կներեք, իրան հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարել դեսպանատուն: Իմ կարծիքն այդ է: Ցավոք, մենք շատ տեղերում այդ խնդիրն ունենք: Իմ անձնական դիրքորոշումն է եղել, որ մենք բոլոր տեղերում պետք է ունենանք պատշաճ դեսպանատներ: Դա չի կարելի եւ անթույլատրելի է: Անհասկանալի է, որ մենք Մեծ Բրիտանիայում մինչեւ այսօր այդ վիճակում ենք»:

Նկատենք, որ ներկայում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը գտնվում է Լոնդոնի Քենսինգթոն շրջանում՝ Չենիսթոն գարդենս 25Ա հասցեում (25A Cheniston Gardens, London): Այսինքն՝ սա նույն Հայ տան հասցեն է: Այս հասցեն Բուքինգեմյան պալատից (թագավորական պալատն է), Վեստթմինսթերյան պալատից (ՄԹ խորհրդարանը) եւ Դաունինգ սթրիթից (այստեղ է ՄԹ վարչապետի գրասենյակը) գտնվում է ուղիղ գծով 4-5 կմ հեռավորության վրա (երթեւեկության դեպքում հեռավորությունը, բնականաբար, ավելի երկար է):

«Հետքն» ԱԳՆ-ից հետաքրքրվել էր, թե արդյոք Հայ տան տրամադրած անշարժ գույքի համար ՀՀ դեսպանությունը վարձավճար է մուծել, ինչին նախարարությունը պատասխանել է. «Հայ տան տրամադրած շենքի համար դեսպանությունը 2022-2023 թթ. համար վճարել է 11.500 ֆունտ ստերլինգ, իսկ 2023-2024 թթ. համար՝ 21.000 ֆունտ ստերլինգ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ դեսպանության եւ Հայ տան միջեւ ձեռքբերված պայմանագրի հիման վրա ՀՀ դեսպանությունը 2024 թ. պետք է ազատի Հայ տան տարածքը»:

Նոր հասցեն ընտրվել է բրիտանական պետական հիմնարկների հարեւանությամբ

«Լոնդոնում ՀՀ պատշաճ ներկայացվածության եւ քաղաքական վարկանիշի բարձրացման տեսանկյունից անհրաժեշտ է դեսպանության համար նոր շինության ձեռքբերում (օրինակ՝ Վրաստանը 2016 թ. տեսանելիորեն բարելավել է իր դեսպանության շենքը՝ ձեռք բերելով նոր, առավել բարեկարգ շինություն քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում): Դեսպանության համար նոր, առանձին շինության ձեռքբերումը հնարավորություն կտա ոչ միայն ստեղծել առավել հարմարավետ աշխատանքային պայմաններ, բարելավել հյուպատոսական ծառայությունների մատուցումը, այլեւ դեսպանությունում իրականացնել ներկայացուցչական գործառույթներ, ինչից դեսպանությունը ներկայումս զրկված է եւ կազմակերպվող բոլոր միջոցառումների համար ստիպված է վարձակալել տարածքներ»,- գրված է գործադիրի հիմնավորման մեջ:

Կառավարությունը նաեւ նշում է, որ 2023 թ. ապրիլ ամսից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են իրականացվել Լոնդոնի 31Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում (31A St James’s Square) տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով (այս հասցեն գտնվում է կենտրոնական Վեսթմինսթեր շրջանում): Այս անշարժ գույքը, ինչպես հիմնավորում է գործադիրը, գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում, մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office), ՄԹ խորհրդարանի եւ ՄԹ վարչապետի, պաշտպանութան նախարարության, անվտանգության խորհրդի եւ այլ պետական մարմինների հարեւանությամբ, որոնց հետ դեսպանությունը իր գործունեութան ընթացքում գտնվում է ակտիվ կապի մեջ:

ՀՀ դեսպանության նոր հասցեի եւ ՄԹ պետական վերոնշյալ մարմինների տեղակայման վայրերի միջեւ հեռավորությունն ուղիղ գծով, իսկապես, բավական կարճ է՝ 600-1000 մ, ինչը կարելի է նաեւ ոտքով անցնել:

Շենքի ձեռքբերման ընդհանուր ծախսը՝ ավելի քան 17 մլն ֆունտ

Գործադիրի հիմնավորման մեջ ասվում է, որ դեսպանության նոր շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով, իսկ այդ շենքն ունի պատմամշակութային գրանցում, գտնվում է Լոնդոնի ամենաներկայանալի վայրերից մեկում, կազմված է 5 հարկից (նկուղով՝ 6), ունի ընդունելության սրահ: «Պետք է հաշվի առնել նաեւ, որ Լոնդոնը հանդիսանում է աշխարհի ամենագրավիչ անշարժ գույքի շուկաներից մեկը եւ անշարժ գույքի ձեռքբերումը կարող է դիտարկվել որպես շահավետ երկարատեւ ներդրում»,- նշել է Կառավարությունը։

Առկա տեղեկությունների համաձայն՝ այս շենքը կառուցվել է 1772 թ., 4-5-րդ հարկերն ավելացվել են ավելի ուշ: 

Ինչպես տեղեկանում ենք Կառավարության որոշման հիմնավորումից, այս նոր շենքի սեփականատերը մտադիր է եղել այն վաճառել 15 մլն ֆունտ ստերլինգով, որը չի ներառում ԱԱՀ: Սակայն բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել շենքը գնել 14,2 մլն  ֆունտ ստերլինգով, որին գումարվելու է 20 % ԱԱՀ ՝ 2,84 մլն ֆունտ ստերլինգ եւ ՄԹ օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ՝ 340.800 ֆունտ, որը ներառում է միջնորդ գործակալների կողմից գանձվող միջնորդավճար շենքի արժեքի (14,2 մլն ֆունտի) 2 %-ը եւ այդ գումարի 20 % ԱԱՀ:

Ահա այս պարագայում շենքի վաճառքի ընդհանուր գինը կազմում է 17.380.800 ֆունտ ստերլինգ: Բայց հարցն այն է, որ Կառավարության օգոստոսի 3-ի որոշմամբ ԱԳՆ-ին հատկացվել է 710.000 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ՝ որպես գնվող շենքի կանխավճար, որն էլ փոխանցվել է հասցեատիրոջը: Այսինքն՝ ընդհանուր գնից մնացել էր վճարել 16.670.800 ֆունտը, որի վերաբերյալ էլ գործադիրը որոշում է ընդունել սեպտեմբերի 7-ին:

Նախատեսվում է ընդլայնել ՀՀ դեսպանության կազմը

ԱԳՆ-ին հարցրել էինք, թե ինչու է ընտրվել հենց այս 5-հարկանի շենքը, եւ արդյոք դրա ծավալներն ավելի մեծ չեն, քան ՀՀ դեսպանության ներկա կարիքները: ԱԳՆ-ն, նշելով, որ Սեյնթ Ջեյմսի հրապարակի շրջակայքում տեղակայված են երրորդ երկրների դեսպանություններ, միջազգային կազմակերպությունների գրասենյակներ, ինստիտուտներ, ՄԹ արտաքին քաղաքական գերատեսչությունը, խորհրդարանը, վարչապետի նստավայրը, անվտանգության խորհուրդը, պաշտպանության նախարարությունը եւ բոլոր այն պետական կառավարման մարմինները, որոնց հետ ՀՀ դեսպանությունը կանոնավոր կերպով առնչություն է ունենում, հավելում է, որ առաջացել է նաեւ դեսպանության անձնակազմի ընդլայնման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով հայ-բրիտանական հարաբերությունների դինամիկան վերջին շրջանում, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաեւ Իռլանդիայում եւ Ծովագնացության միջազգային կազմակերպությունում:

Շենքի պահպանությունն ու սպասարկումը տարեկան կարժենա մոտ 100 հազ. ֆունտ

Քանի որ ձեռք բերվող նոր շենքը պատմամշակութային արժեք ունի, հետաքրքրվել էինք, թե արդյոք այդ կարգավիճակը լրացուցիչ ֆինանսական բեռ է ավելացնում ՀՀ-ի համար, եւ ընդհանրապես որքան է կազմելու շենքի տարեկան սպասարկման եւ պահպանության մոտավոր գումարը: ԱԳՆ-ն հայտնել է, որ պատմամշակութային գրանցումը ֆինանսական բեռ չի ավելացնում, իսկ սպասարկման ու պահպանության մոտավոր գումարը կկազմի 100.000 ֆունտ, բայց այդ թիվն ավելի հստակ կլինի դեսպանության կողմից պահպանման ծախսերի վերաբերյալ տարբեր կազմակերպությունների հետ համաձայնագրեր ստորագրելուց հետո (համացանց, հեռախոսակապ, էլեկտրաէներգիա, անվտանգության համակարգ եւ այլն):

Ո՞վ է վաճառողը

«Հետքը» պարզել էր, որ Լոնդոնի 31Ա Սեյնթ Ջեյմս հրապարակի 5-հարկանի շենքը պատկանում է շվեյցարական «Arundel AG» ընկերությանը: ԱԳՆ-ն հաստատել է, որ մեր տեղեկությունը ճիշտ է՝ շենքը վաճառողն այս ընկերությունն է:

«Arundel»-ի կայքում ասվում է, որ այն հիմնադրվել է 1988 թ. որպես անշարժ գույքի ոլորտում ներդրումներ կատարող ընկերություն: 2016-ին «Arundel»-ը ձեռք է բերել Լոնդոնում գործող «RP&C International» ընկերությունը, որն իրենից ներկայացնում է ներդրումային բանկային խումբ: Վերջինս, ինչպես տեղեկանում ենք բրիտնական ռեգիստրից, հիմնադրվել է 1992-ին եւ ժամանակի ընթացքում մի քանի անգամ անվանափոխվել է: «Arundel»-ի կայքում ասվում է, որ «RP&C»-ի ղեկավարությունն ի սկզբանե համագործակցել է իրենց հետ եւ մատուցել է կառավարման ու խորհրդատվական ծառայություններ 1998-ից: Նկատենք, որ 2016-ին շվեյցարական կողմին վաճառվելուց հետո բրիտանական «RP&C International Limited»-ը դարձել է «Arundel Group Limited»:

Այս գործարքի շրջանակներում, ինչպես հայտնում է «Arundel»-ը, իրենք գնել են նաեւ Լոնդոնի Սեյնթ Ջեյմս հրապարակի գրասենյակային շենքերից մեկը, որը ներկայում վաճառվել է: Ինչպես կռահեցիք, խոսքը հենց ՀՀ դեսպանության նոր հասցեի մասին է:

Հատկանշական է, որ սեպտեմբերի 28-ին «Arundel Group Limited»-ը փոխել է իր հասցեն՝ տեղափոխվելով ՀՀ-ին վաճառված Սեյնթ Ջեյմս հրապարակի 31Ա շենքից, որտեղ գրանցված էր մինչ այդ:  

«Arundel AG»-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենը բրիտանացի Դեւիդ Քուինթն է (David Paul Quint), գործադիր տնօրենի պաշտոն է զբաղեցնում նաեւ Ռալֆ Բենին (Ralph Martin Beney), որը եւս բրիտանացի է: Նրանք երկուսով ղեկավարում են նաեւ լոնդոնյան «Arundel Group Limited»-ը:

Շենքի մի մասը վարձակալության տալու հարց չի քննարկվում

Հաշվի առնելով ՀՀ դեսպանության նոր շենքի մեծ լինելը, ինչպես նաեւ այն, որ Կառավարությունն իր որոշման հիմնավորման մեջ նշել է, թե «անշարժ գույքի ձեռքբերումը կարող է դիտարկվել որպես շահավետ երկարատեւ ներդրում», ԱԳՆ-ին հարցրել էինք, թե հնարավոր է արդյոք, որ շենքի մի մասը (օրինակ՝ որոշ սենյակներ) ՀՀ-ն տա վարձակալության՝ ֆինանսական մուտքեր ապահովելու համար, ինչին նախարարությունը պատասխանել է, որ ներկայում նման հարց չի քննարկվում:  

Մեկնաբանություններ (3)

Berc Kurkcuyan
I think ,in today’s political world’s reality ,Armenian government has to choose a side ,east or west . With this move they chose to be under the wings of the West . Instead of wasting money on armament ,they spend money on politics !the result Remains to be seen !
Vahan
I happy to hear about the purchase, unlike most people that are unsure how to project their anger and despair.
TRUTH ARMENIAN
CLOWN WORLD. ARMENIA DOES NOT HAVE A POT TO PISS IN YET DUMPS $15 MILLION FOR A SINGLE EMBASSY. CAN'T THE BRITISH ARMENIANS CHIP IN TO PURCHASE A SMALL OFFICE SO ARMENIA CAN SAVE MILLIONS TO SPEND IT ON RECONSTRUCTING AND WEAPONIZING ARMENIA?!?!?!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter