
Արցախյան պատերազմի ամենաթեժ կետերում մարտնչած սպա Ներոն Մելքումյանը մահացել է բենզինի պայթունից
2020թ․-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Ներոն Մելքումյանը եղել է Ջրականի 3-րդ հրաձգային գումարտակի 8-րդ վաշտի առաջին դասակի հրամանատարը։ Պատերազմի 10-րդ օրը նշանակավել է 7-րդ վաշտի հրամանատար։ Հակառակորդի հարձակման գլխավոր հարվածը եղել է 3-րդ գումարտակի պաշտպանության շրջանի դիրքերի ուղղությամբ։ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ջրականում՝ 9-րդ պաշտպանական շրջանում, հաջողվել է 6 գիշեր և 7 ցերեկ դիմադրել ադրբեջանական` մի քանի անգամ գերազանցող զինված ուժերի հարձակմանը՝ թշնամուն պատճառելով մեծ կորուստներ։ Ջրականի անկումից հետո 3-րդ գումարտակը մասնակցել է Հադրութի շրջանի Խուռհատ, Թութակներ կոչվող բարձունքների պաշտպանական մարտերին, Մարտունու շրջանի Շեխեր գյուղի պաշտպանությանը։ Ավագ լեյտենանտ Ներոն Մելքումյանը 44-օրյա պատերազմից հետո արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի։
Ներոնը Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղից էր։ Ավարտել էր Ստեփանակերտի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Զինվորական ծառայությունից առաջ դասավանդել է պատմություն առարկա Սարգսաշեն, Թաղավարդ գյուղի դպրոցներում։
2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը անցել էր ադրբեջանական վերահսկողության տակ, Մելքումյանների ընտանիքը տեղափոխվել էր Ստեփանակերտ, Ներոնը շարունակում էր զինվորական ծառայությունը։ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո՝ սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների բռնի տեղահանությունը։ 9 ամիս Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով բնակիչները ունեին վառելիքի խնդիր Հայաստան հասնելու համար։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում հավաքվաքվել էին հարյուրավոր արցախցիներ։ Պահեստում տեղի ունեցած պայթունի հետևանքով մահացել են վառելիքի իրենց հերթին սպասող տասնյակ արցախցիներ, նրանց մեջ էր նաև Ներոն Մելքումյանը։
Հոկտեմբերի 2-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 3-րդ գումարտակի հրամանատար Դավիթ Նազարյանի գերեզմանից քիչ հեռու տեղի ունեցավ Ներոն Մելքումյանի հուղարկավորությունը։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքի անդամներից բացի ներկա էին մարտական ընկերները, 3-րդ գումարտակից զինվորներ, սպաներ։ Ներոն Մելքումյանը 36 տարեկան էր, ամուսնացած էր, չուներ երեխաներ։
Մեկնաբանել