Գերմանական մեքենան դեմ առավ իտալական պատին եւ կանգնեց
Մարիո Բալոտելիի երկու գոլերը առաջին խաղակեսում հաղթանակ պարգեւեցին Իտալիայի հավաքականին, որը չխախտեց բարի ավանդույթն ու չորրորդ պաշտոնական հաղթանակը տարավ գերմանացիների նկատմամբ: Ավելացված ժամականում Մեսութ Օզիլի իրացրած 11-մետրանոցն ընդամենը սփոփանք էր Յոահիմ Լյովի թիմի համար: Գերմանացիներն այդպես էլ չկարողացան իրենց առաջին պաշտոնական հաղթանակը տանել իտալացիների նկատմամբ:
Ապենինցիները բավականին ակտիվ էին առաջին կեսում, հատկապես՝ գոլերից հետո, երբ մեծ ինքնավստահությամբ վերահսկում էին խաղի տեմպը: Երկրորդ կեսում գերմանացիներն առաջ նետվեցին՝ բացեր թողնելով թիկունքում, ինչից մի քանի անգամ կարող էին օգտվել Պրանդելիի սաները: Այդուհանդերձ, իտալացիները հաջողությամբ պաշտպանվեցին՝ բացառությամբ վերջին դրվագի, երբ սեփական տուգանայինում ձեռքով խաղաց Բարցալետին:
Եվ այսպես՝ Իտալիան «Եվրո-2012»-ի եզրափակիչում է: Սա մի փոքր անակնկալ կարելի է համարել, եթե հաշվի առնենք, որ մրցաշարից առաջ «սկուադրա աձուրան» հայտնվել էր ծանր հոգեբանական վիճակում, քանի որ 2011/2012 մրցաշրջանի վերջում պայմանավորված խաղերի հերթական սկանդալը պայթեց Ապենինյան թերակղզում, ու բանը հասավ նրան, որ Չեզարե Պրանդելին հայտարարեց, թե, եթե պետք լինի, թիմը կհանեն մրցաշարից: Դա տեղի չունեցավ, ու արդյունքում իտալացիները հայտնվեցին չեմպիոնական գավաթին շատ մոտ: Հատկանշական է, որ 2006-ին նման պայմաններում (կրկին խաղերի հետ կապված սկանդալից հետո) իտակացիները նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը:
Այսպիսով՝ հուլիսի 1-ին ականատես կլինենք Իսպանիա-Իտալիա եզրափակչին, որը տեղի կունենա Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում: Հիշեցնենք, որ այս թիմերն ընդգրկված էին C խմբում եւ առաջին տուրում նրանց խաղն ավարտվեց 1-1:
Լուս.՝ uefa.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել