Ռազմական փորձագետ. Հայաստանին հետաքրքիր է զենքի ցանկացած շուկա, ու պետք է փորձել բոլոր տարբերակները
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը, «Հետքի» հետ զրույցում խոսելով տարբեր երկրների հետ Հայաստանի հնարավոր ռազմատեխնիկական համագործակցության ու, մասնավորապես, սպառազինության ներկրումների մասին, ասում է, որ ներկա պայմաններում մեզ հետաքրքիր է զենքի ցանկացած շուկա, եւ պետք է փորձել բոլոր տարբերակները:
- Ինչո՞վ է հնդկական ռազմարդյունաբերությունը գրավում Հայաստանին
- Հնդկական ԱԹՍ-ներ, ՀՕՊ ու հրթիռներ. Հայաստանի հետաքրքրվածության լուրերը մեկնաբանում է փորձագետը
Ներսիսյանը նշում է, որ որակապես շատ լավ ռազմական արտադրանք է թողարկում Հարավային Կորեան, որը նաեւ աչքի է ընկնում առաջարկվող մեծ տեսականիով: «Ճիշտ է՝ գներն էժան չեն, արեւմտյան, ամերիկյան զենքի գներ են, բայց որակով շատ բարձր են, ու վաճառքը ֆանտաստիկա է: Եթե միայն Լեհաստանի պատվերները տեսնեք… Կորեացիները թե՛ որակով են արտադրում, թե՛ արագ են, կարողանում են մեծ ծավալներով թողարկել, ինչը չի կարելի ասել նույնիսկ Գերմանիայի մասին»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը:
Հարցին, թե ինչը կարող է խոչընդոտել հայ-կորեական ռազմատեխնիկական համագործակցությանը, փորձագետն ասում է, որ բարձր գներից բացի՝ պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ որքան էլ կորեացիներն արագ արտադրեն, նրանց հաճախորդներն ու վերջիններիս պատվերները բավականին շատ են, ինչը կարող է հանգեցնել «հերթ կանգնելուն»: Իսկ հարցին, թե արդյոք առկա է այնպիսի իրավիճակ, որ այլ երկրների հետ ունեցած քաղաքական-տնտեսական շահերի պատճառով հայ-կորեական հնարավոր համագործակցությունը խնդիրներ ունենա, ինչպիսին տեսնում ենք, օրինակ, Իսրայել-Ադրբեջան փոխշահավետ հարաբերությունների պարագայում, երբ ՀՀ-ում Իսրայելի դեսպանը ոչ պաշտոնապես հասկանալ է տալիս, որ իր երկիրը Հայաստանի հետ չի համագործակցի անվտանգային ոլորտում, Լեոնիդ Ներսիսյանն արձագանքում է. «Կորեացիները Թուրքիայի հետ համագործակցություն ունեն՝ թուրքական «Altay» տանկը կորեական տանկի բազայի վրա է ստեղծված: Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են մեզ խանգարել, բայց պետք է փորձել: Եթե Հայաստանից գնան ու հետաքրքություն ցուցաբերեն կորեական արտադրանքի նկատմամբ, չգիտեմ, թե ինչ արձագանք կլինի»:
Շարունակելով ասիական շուկայի թեման՝ ռազմական փորձագետն ուշադրություն է հրավիրում Չինաստանի վրա: «Չինական ռազմարդյունաբերությունն աճող ոլորտ է: Ճիշտ է՝ ամեն ինչ չէ, որ լավ են արտադրում, բայց մեծ քանակով շատ բան ունեն: Ներկայում չինական ռազմարդյունաբերությունը 1980-1990-ականների ջարդվող տեխնիկան չէ»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը՝ որպես վատ օրինակ նշելով չինական «WM-80» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը (ՀԿՌՀ):
1999-ին Հայաստանը ներկրել էր այս ՀԿՌՀ-ի 4 արձակող կայան եւ նույնքան լիցքավորող մեքենա: 273 մմ տրամաչափ ունեցող, 8 հրթիռով զինված «WM-80»-ի առավելագույն հեռահարությունը, ըստ մարտավարատեխնիկական բնութագրի, 80 կմ է, չնայած 2011-ին հայտարարվել էր, որ մեր զինուժում առկա տեխնիկան զինվել է արդիականացված հրթիռներով, որոնց հեռահարությունը 120 կմ է (նման հրթիռներ է կիրառում «WM-120» մոդելը):
Լ. Ներսիսյանը շեշտում է այն հանգամանքը, որ նույնիսկ չինական բանակը չի զինվել այս ՀԿՌՀ-ներով: «Ես մեծ հարցեր ունեմ, թե այդ գնումն ով է արել ու ինչ պատճառով: Պարզ է, որ դա շուտ է եղել, բայց դրա մեջ ինչ-որ մեկը հետաքրքրություն է ունեցել,- նշում է փորձագետը,- իմ իմանալով՝ վարժանքների ժամանակ «WM-80»-ն ահավոր էր կրակում, քանի որ ստաբիլիզացիան շատ վատն է, ու շեղումը շատ մեծ էր»:
«Հետքի» զրուցակիցը նկատում է, սակայն, որ նախկինի համեմատ ներկայում չինացիները բարելավել են իրենց արդյունաբերության ու սարքաշինության որակը թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական ոլորտներում: «Իհարկե, ամենաբարդ կատեգորիաներում, օրինակ՝ ավիացիայում, դեռ խնդիրներ ունեն, բայց դրանք էլ են լուծվում: Բայց չեմ կարծում, թե Հայաստանը հետաքրքրված է նման զենքով, ասենք՝ 5-րդ սերնդի մարտական ավիացիայով, որ հարց ծագի չինականի որակի մասով: Խոսքն այս դեպքում հրետանու, զրահատեխնիկայի մասին է, որոնց առումով չինացիները խնդիր չունեն»,- ասում է Ներսիսյանը:
Ռազմական փորձագետը նշում է, որ Հայաստանին հետաքրքիր է զենքի ցանկացած շուկա, ու պետք է փորձել բոլոր տարբերակները:
«Ֆրանսիայի հետ պերմանենտ բանակցություններ կան, որոնք չգիտեմ, թե ինչ արդյունքի են բերում: Բաց աղբյուրների ինֆորմացիա կար, որ պաշտպանության նախարարը գնացել էր Ֆրանսիա, զենքի ցուցահանդեսի էր մասնակցել (տես ստորեւ - հեղ.), Ֆրանսիան էլ ռազմական կցորդ է ուղարկել Հայաստան, որի վերաբերյալ նշված էր, որ նա պիտի զբաղվի նաեւ ռազմատեխնիկական հարաբերություններով: Անուղղակի բաներ կան, բայց որ դրանք կբերեն զենքի գնումների, չեմ կարող ասել,- ասում է Լեոնիդ Ներսիսյանն ու հավելում,- պարզ է, որ Հնդկաստանն ընտրել ենք որպես մեծ մատակարար, բայց պետք է եւս մեկ մեծ երկիր ընտրել: Դա կարող է լինել Չինաստանը, Ֆրանսիան: Նաեւ պիտի մեծ լինի Հայաստանի առաջարկը: Օրինակ՝ Ֆրանսիային կարող ենք առաջարկել, ասենք, 5-7 տարվա մեջ 2-3 մլրդ դոլարի զենք գնել: Պարզ է, որ գումարը միանգամից չի տրվելու, բայց այդ երկրին էլ պիտի հետաքրքիր լինի քո առաջարկը: Ասենք 30 մլն դոլարի համար ոչ մեկ կարգավորումներ չի փոխի, լոբբինգ չի անի»:
Ինչ վերաբերում է հնարավոր զեղչերին, փորձագետն ասում է, որ դա կոմերցիոն հարց է: «Եթե դու առնում ես, ասենք, 3 մլրդ դոլարի զենք, կարող է եւ ավելի էժան կարողանաս ձեռք բերել: Զեղչն, իհարկե, պետական մակարդակով չէ, ոնց որ ՌԴ-ՀՀ կապերում: Նման բաներ դժվար լինեն, Արեւմուտքում «ներսի գին», «դրսի գին» հասկացություններ չկան, ամեն հաճախորդ ինքն է պայմանավորվում: Մյուս կողմից՝ Ֆրանսիան կամ ֆրանսիական բանկերը կարող են վարկ տրամադրել Հայաստանին, բայց էլի գնորդը պիտի տեղում պայմանավորվի»:
Առաջին լուսանկարում՝ ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցահանդեսում, Փարիզ, 19.06.2023
Մեկնաբանել