
«Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ 5,78 %-ի փոխարեն 12% մասնակցություն կունենայինք». Տիգրան Ավինյան
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Մանկավարժական համալսարանի Հենակետային վարժարանում կատարեց իր ընտրությունը։
Ավինյանը քվեարկելու էր եկել եղբոր, կնոջ եւ ավագ դստեր հետ. «Քվեարկել եմ Երեւանի շարունակական զարգացման, մեր եւ մեր երեխաների ավելի լավ ապագայի համար»:
Ավինյանի խոսքով՝ այն, որ մեկ բնակարանում գրանցված է 87 քաղաքացի (մեծ մասն օտարերկրացիներ են), իշխող ուժին վարչական ռեսուրս օգտագործելու մեջ մեղադրելու հիմք չի տալիս: Իր տեղեկությամբ՝ նրանք ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող խումբ են:
«Կարծում եմ՝ վերջում կարող եք տեսնել՝ տվյալ մարդկանց քանի տոկոսն է մասնակցել ընտրությանը: Եկեք մեղադրանքների տրամաբանական շղթան չկորցնենք: 2017 թվականի ընտրությունների մասնակցության արդյունքները նայեք ու այժմ: Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ 5,78%-ի փոխարեն 12 % մասնակցություն կունենայինք, բայց այդ ժամանակներն անցել են»,- նշեց նա:
Իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն կրկին խուսափեց գնահատական տալ Արցախի հարցում ՔՊ-ի քաղաքականությանը, մասնավորապես՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն:
«Այս ընտրությունները Երեւանի մասին են, եւ ընտրողներին հետաքրքրում են քաղաքային խնդիրները: Բայց անվտանգային եւ Հայաստանի ինքնիշխանության հարցերը, սկսած 1991 թվականից, երբեւէ դուրս չեն եկել օրակարգից: Իսկ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամենեւին վախ ներշնչելու մասին չէր, սակայն այն ճշմարտությունների մասին խոսելը, որոնցով մենք ապրում ենք, շատ կարեւոր է»,- նշեց Ավինյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանում ավագանու ընտրություններ են, որին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քարոզարշավը մեկնարկել էր օգոստոսի 23-ին և ավարտվել սեպտեմբերի 15-ին։
Ընտրությանը մասնակցում են հետեւյալ ուժերը՝
- «Հանրային ձայն» կուսակցություն
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
- «Արդար Հայաստան» կուսակցություն
- «Հաղթանակ» կուսակցություն
- «Ուժը հայրենյաց» կուսակցություն
- «Հայաստանի եվրոպական կուսակցություն»
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
- «Հանրապետություն» կուսակցություն
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
- «Ապրելու երկիր» կուսակցություն
- «Մայր Հայաստան» դաշինք (կազմված է «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից)։
Լիլիթ Գրիգորյան
Հետք Մեդիա գործարանի ուսանող
Մեկնաբանել