
Կոլեկցիոներ Թաթուլ Առակյանի ցուցադրությունը
Աբստրակցիոնիզմը խորհրդային շրջանում դիտարկվում էր որպես «ծայրահեղ ֆորմալիստական, գաղափարականությանը, ժողովրդականությանն ու ճշմարտությանը օտար տարր», «Քաոտիկ բծերի և գծերի անիմաստ համադրություն»։ Արվեստի արևմտյան ուղղությունները հակասում էին խորհրդային գաղափարախոսությանը և գործում էին ընդհատակում։ Հայաստանյան իրականության մեջ աբստրակտ, վերացական արվեստը հայտնվել է 20-րդ դարի 60-70 ական թվականներից, այդ ստեղծագործություններից շատերը արդեն համարվում են դասական․ գտնվում են Հայաստանի և արտերկրի տարբեր ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում։
Հայաստանի կոլեկցիոներների մեջ Թաթուլ Առակյանի դերը առանձնահատուկ է, քանի որ նրա հավաքածուի մի ստվար շերտ լույս է սփռում հայկական արվեստի պատմության մի այնպիսի կարևոր շրջանի վրա, որը մեծ հաշվով դուրս է մնացել առավել ինստիտուցիոնալ կառույցների ուշադրությունից։ Խոսքը այս պարագայում հատկապես հետպատերազմյան (1945թ․) խորհդրային շրջանի ընդհատակյա արվեստի և 1980-1990-ականների անցումային շրջանի անկյունաքարային արվեստագետների թողած ժառանգության մասին է․ հիմնականում աբստրակտ (վերացական) արվեստ և փոփ արթ։
Նրա կոլեկցիայի միջոցով կարելի է հետևել հայկական արվեստային դաշտի էվոլյուցիային, հատկապես այն տենդենցներին, որոնք, շարունակելով գերակշռել անգամ այսօր, միևնույն է՝ դուրս են լայն հանրության տեսադաշտից։ Գլոբալ արվեստային ազդեցություններով համակված՝ այս ընտրանին երևան է հանում հայ արվեստագետների արդիականության ընկալումը և տեղական տուրքը արևմտյան մշակույթին։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը օգոստոսի 25-ից ներկայացնում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 5․ Թաթուլ Առակյան» ցուցադրությունը Կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում։
Այս ծավալուն ընտրանու մեջ կարելի է տեսնել Քիքիի «Բոբո»-ների բացառիկ օրինակներ, Գրիգոր Խաչատրյանի վերացական ստեղծագործություններ, Րաֆֆի Ադալյանի 1960-ական թվականների աբստրակտ էքսպերիմենտներ, Արման Գրիգորյանի կամ Արա Հովսեփյանի վրձնած մի շարք կարևոր նմուշներ, Կարինե Մացակյանի 1990-ականների փոփ արթ կտավներ, Միլանդա դե Մոնթի (Գրիգորյան) աբստրացիաներ, և մեր վերջին տասնամյակների ամենակարևոր արվեստագետներից Համլետ Հովսեփյանի մի շարք աշխատանքներ։ Երեսունից ավելի արվեստագետի շուրջ 120 աշխատանք է ցուցադրվում Գաֆէսճեան ենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում։ Թաթուլ Առակյանի հավաքածուի մեջ շարունակաբար հայտնվում են նոր անուններ և համալրման գործընթացը չի լճանում։
Ցուցադրությունը գործելու է 2023 թվականի օգոստոսի 25-ից նոյեմբերի 5-ը։ Մուտքն ազատ է։
Մեկնաբանել