
Ապարանի համայնքապետը, կինն ու մայրը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչության թիրախում
Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանն ու ընտանիքի անդամներն անցնում են «ապօրինի գույքի» գործով: Համայնքի ղեկավարին, կնոջն ու մորը հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն: Մինչև օգոստոսի 18-ը պետք է ներկայանան դատախազություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:
Կարեն Եղիազարյանը 2017թ. ընտրվել է Ապարանի համայնքապետի պաշտոնում, վերընտրվել՝ 2021թ. դեկտեմբերի 5-ին: 2012-2015թթ. եղել է Ապարանի քաղաքապետարանի աղբահանության կազմակերպիչ: Ըստ կենսագրական տվյալների՝ անկուսակցական է:
Կարեն Եղիազարյանը «Գնթունիք» ՍՊԸ-ի սեփականատերն էր: Ընկերությունը հիմնադրվել է 2005թ․-ին: Սակայն 2023թ. ապրիլի 12-ին ընկերության միանձնյա սեփականատեր է դարձել նրա մայրը՝ Լիանա Եղիազարյանը: 2020թ. սեպտեմբերից անհատ ձեռնարկատեր Լիանա Եղիազարյանը եղել է նաև «Գնթունիքի» հավատարմագրային կառավարիչը: Որդին նրան է վստահել ընկերության կառավարումը, քանի որ վերջինս ի պաշտոնե չէր կարող անձամբ ղեկավարել ընկերությունը: Ակնհայտ է, որ այն ավելի շուտ ձևական բնույթ է կրել, քանի որ դրանից առաջ էլ հավատարմագրային կառավարիչը եղել է համայնքապետի հայրը:
Օրեր առաջ՝ օգոստոսի 9-ին, հարկադիր կատարման ծառայության միջոցով արգելվել է Լիանա Եղիազարյանին «ընկերությունում ունեցած 100% բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարել»։
Ապարանի համայնքապետն այժմ ամբաստանյալի կարգավիճակ ունի: Մասնավորապես, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն 3 տարի է՝ քննվում է Կարեն Եղիազարյանի՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու գործը:
Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ապարան համայնքի ղեկավար՝ պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ այլ անձանց օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով կատարել է իրեն վստահված զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիքներ։
Նշենք, որ այս փուլում դատախազությունը չի հրապարակում բռնգանձման ենթակա գույքի ցանկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացատրություններից կամ ներկայացված ապացույցներից հետո այդ ցանկը կարող է փոփոխվել:
Կարեն Եղիազարյանի ունեցվածքը
Կարեն Եղիազարյանը գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր ներկայացնող պաշտոնյա է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2022թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ Ապարանի համայնքապետն ունի 11 միավոր անշարժ գույք, որից 10-ի նկատմամբ ունի միանձնյա սեփականության իրավունք: Տներ, շենք-շինություններ, հողատարածքներ ունի թե՛ Ապարան համայնքում, թե՛ Երևանում:
Բացի այդ, հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ «FORD» մակնիշի 1998թ. արտադրության բեռնատար և 1997թ. արտադրության մարդատար «VOLKSWAGEN»:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Կ. Եղիազարյանը 2022թ. վերջին բանկային հաշիվներում ունեցել է մոտ 37 մլն դրամ և կանխիկ գումար՝ 468 հազ. դրամ:
Տվյալ տարվա եկամուտը կազմել է համայնքապետարանից ստացած 3 մլն 359 հազ. դրամ աշխատավարձը և «Ակբա բանկ»-ից ստացած վարկերը՝ 2 մլն 293 հազ. դրամ և 24 հազ. 128 եվրո: 2022թ․-ին միայն 17 մլն 469 հազ. դրամի չափով վարկերի մարմանն ուղղված ծախսեր է կատարել:
Կնոջ հայտարարագրի համաձայն՝ 2022թ. ունեցել է 5 մլն 517 հազ. դրամի չափով ավանդ: Բանկային հաշիվներում ունեցել է մոտ 255 հազ. դրամ, իսկ կանխիկ՝ 150 հազ. դրամ:
Տարվա միակ եկամուտը եղել է ավանդի դիմաց ստացված տոկոսագումարը՝ մոտ 49 հազ. դրամ:
Մեկնաբանել