
Ամբաստանյալը՝ մեղադրողին. «Ուռոդներ, քննիչով, դատախազով-բանով նստեցիք, որոշեցի՞ք 11 տարի»
Կամո Շահվերդյանի քրեական գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին լսեց դատախազ Արմեն Շիրոյանի մեղադրական ճառը: Նա ապացուցված համարեց, որ Կամո Շահվերդյանը նախապես տեղյակ է եղել իր որդի Զորայր Շահվերդյանի և համաքաղաքացիներ, եղբայրներ Ռոբերտ և Ռոմիկ Մոսինյանների միջև սպանությունից օրեր առաջ ձևավորված անբարյացակամ հարաբերություններին:
Այդ հարաբերությունների պարզաբանման համար 2010 թ. հոկտեմբերի 16-ին Կամո Շահվերդյանը նրանց հրավիրել է Ալավերդի-Նոյեմբերյան մայրուղու 7-րդ կիլոմետրի վրա գտնվող իր քարի վերամշակման արտադրամաս, որտեղ քննությամբ չպարզված անձանց հետ, նախապես զինվելով որսորդական հրացանով և 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրող 2 հատ հրազենով, դիրքավորվել և պատրաստվել է «դիմավորելու նրանց»:
«Ռոմիկ և Ռոբերտ Մոսինյաններն իրենց ընկերների հետ գնացել են պայմանավորված վայր, որտեղ նախապես դիրքավորված կարճ տարածություններում, վիճաբանության մեջ են մտել միմյանց հետ, որից հետո Կամո Շահվերդյանը Ռոբերտ Մոսինյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կոտորակավոր լիցքավորված հրացանից, լուսավորության բացակայության պատճառով անկանոն նշանառությամբ կրակել է Ռոբերտ Մոսինյանի ուղղությամբ: Արձակած կոտորակներից մեկը, արգելքի ենթարկվելով, դիպել է Ռոբերտ Մոսինյանի որովայնին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, իսկ մյուս կոտորակը` Արտակ Երիցյանի գլխի ճակատային շրջանին` առողջությանը պատճառելով թեթև վնաս: Ռոբերտ Մոսինյանը իր ընկերների կողմից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է»:
Մեղադրական եզրակացության մեջ, սակայն, մեղադրող Արմեն Շիրոյանը շրջանցել էր գործով վկաների այն ցուցմունքները, ըստ որոնց՝ Ռոբերտ Մոսինյանը և նրա ընկերները նույնպես զինված են մեկնել Կամո Շահվերդյանի քարի արտադրամաս և կողմերի փոխհրաձգության արդյունքում են Ռոբերտ Մոսինյանը հրազենային վնասվածք, իսկ Արտակ Երիցյանը` գլխից թեթև վնասվածքներ ստացել:
Մեղադրականում իբրեւ Կամո Շահվերդյանի, Ռոմիկ Մոսինյանի և Վրույր Էվոյանի մեղադրանքների անհերքելի ապացույցներ ներկայացված են կեղծ անուններով վկաներ Արամ Պետրոսյանի, Պողոս Պողոսյանի և Սերոբ Մկրտչյանի, ինչպես նաև գործով վկա Աղասի Ոսկանյանի, Ստյոպա Մոսինյանի և այլ վկաների ցուցմունքները:
Մեղադրողը որպես ապացույց իր ճառում ներկայացրեց նաև դեպքի վայրի զննությունների արձանագրությունները, իրեղեն ապացույցները, դատաբժշկական փորձաքննության թիվ 163 եզրակացությունը, դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական և միկրոմասնիկների համալիր փորձաքննությունները: Ինչպես վկաների ցուցմունքներով, այնպես էլ փորձաքննություններով հիմնավորվում էր, որ Ռոբերտ Մոսինյանը մահացել է հրազենային վնասվածքի պատճառով, սակայն թե ում արձակած կրակոցից է փոխհրաձգության ընթացքում սպանվել նա և վիրավորվել Արտակ Երիցյանը, մեղադրականը չէր բացահայտում:
Մեղադրող Արմեն Շիրոյանը արժանահավատ համարեց Ռոբերտ Մոսինյանի հորեղբայր Արարատ Մոսինյանի նախաքննական ցուցմունքը: Վերջինս դատաքննության ընթացքում հրաժարվել էր նախաքննական իր այն ցուցմունքից, ըստ որի՝ Ռոբերտ Մոսինյանը մահվանից առաջ իրեն տեղեկացրել է Կամո Շահվերդյանի կողմից իր վրա կրակելու մասին: Այդուհանդերձ, մեղադրող Արմեն Շիրոյանը միջնորդեց դատարանին Կամո Շահվերդյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի առաջադրված 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քր. օր.-ի 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ պատիժները մասնակի գումարելու միջոցով նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 11 տարի ժամկետով:
Վրույր Էվոյանին մեղավոր ճանաչել ՀՀ. քր. օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես պատիժ սահմանել ազատազրկում 3 տարի ժամկետով:
Ռոմիկ Մոսինյանին մեղավոր ճանաչել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես պատիժ սահմանել ազատազրկում 2 տարի ժամկետով: Վրույր Էվոյանի և Ռոմիկ Մոսինյանի նկատմամբ կիրառել ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը և նրանց ազատել պատժի կրումից:
Տուժող Արտակ Երիցյանի կողմից առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ սուտ ցուցմունք տալու դեպքի առթիվ ՀՀ քր. օր.-ի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական գործ հարուցելու նպատակով միջնորդություն ներկայացնել Լոռու մարզի դատախազությանը:
Ռոմիկ Մոսինյանի շահերի պաշտպան Ադելինա Հակոբյանը խնդրեց դատարանին հաշվի առնել, որ զոհվել է իր պաշտպանյալի եղբայրը, հայրը և կինը ունեն առողջական խնդիրներ, առաջադրված հոդվածով նրա նկատմամբ կիրառել պատիժ մինիմալ կարգով և կիրառել ՀՀ ԱԺ-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշումը:
Ամբաստանյալ Կամո Շահվերդյանն իրեն առաջադրված մեղադրանքը և պատիժը դատարանում չհիմնավորված համարեց:
«Ուռոդներ, քննիչով, դատախազով-բանով նստեցիք, որոշեցի՞ք 11 տարի: Վերջում հասցրիք անհայտ, գաղտնի ցուցմունքներով սարքել: Դու հասկանո՞ւմ ես, արա, մարդու ճակատագրի հետ ես խաղում: Բա դուք դրա տակիցը ո՞նց եք դուրս գալու: Ապացուցիր, 20 տարի դատի, ո՞վ ա բան ասում»,- մեղադրողին ասաց Կամո Շահվերդյանը:
Մեղադրական ճառից հետո դատարանում Կամո Շահվերդյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը հանդես եկավ նաև հայտարարությամբ, որով հրավիրեց մեղադրողի ուշադրությունը:
«Նախորդ դատական նիստին, հարգելի մեղադրող, վերաորակեցիք ամբաստանյալ Վրույր Էվոյանի մեղադրանքը: Պողոս Պողոսյանի ցուցմունքը, եթե այդպես արժանահավատ էր, նույն Պողոս Պողոսյանը իր ցուցմունքում ասում է, որ Վրույր Էվոյանի ձեռքին հրացան կար: Ինչո՞վ եք բացատրում: Իսկ ինչո՞ւ պաշտպանության տակ վերցրած Սերոբ Մկրտչյանի ցուցմունքը արժանահավատ չհամարեցիք, որը հակասում է Պողոս Պողոսյանի ցուցմունքներին և ասում է, թե Կամո Շահվերդյանը ինչ պայմաններում է կրակել: Սա պետական վենդետա է այս մարդու նկատմամբ»,- ասաց պաշտպանը:
Նա միջնորդեց դատարանին 15-օրյա ժամկետ տրամադրել պաշտպանական ճառը պատրաստելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին:
Մեկնաբանություններ (29)
Մեկնաբանել