HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալբոմ. տուն տանող միակ ճանապարհը

Հադրութից տեղահանված Խուդադյանների ընտանիքը 2021թ. սեպտեմբերի 25-ին տեղափոխվեց Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղ: Վեց հոգով են ապրում. Ալեն Խուդադյանն ու Ծովինար Զաքարյանը՝ իրենց երեխաների հետ: Նոննան տասնյոթ տարեկան է, Ալենը՝ տասնվեց, Կարենը՝ տասներկու և տան փոքրը՝ Նարեն, չորս տարեկան է:

Մինչև տեղափոխվելը ապրում էին Հադրութի Արևշատ գյուղում։ Ալեն Խուդադյանը զբաղվում էր անասնապահությամբ, իսկ Ծովինարը դպրոցում միջոցառումներ էր կազմակերպում: Նախքան Սայաթ-Նովա գալը մեկ տարի ապրել են Ծաղկաձորի հյուրանոցներում:

Ինձ դիմավորեց Ծովինար Զաքարյանն իր մեծ աղջկա հետ: Ամուսինն ու որդին աշխատանքի էին: Ծովինարը սկսեց պատմել պատերազմի, իրենց տունը լքելու և տնից մնացած վերջին իրերի մասին:

Ծովինար Զաքարյան. «Սեպտեմբերի 27-ին ասացին կանայք ու երեխեքը դուրս գան, մեզ բերեցին Հին Թաղեր՝ Հադրութի գյուղարանքներից ա: Երկու օր մնացինք, ասեցին թուրքերը գալիս են, հասել են Ջաբրայիլ, չորս երեխեքի հետ դուրս եկա, գնացինք Գորիս: Տղաներ էին եկել Երևանից, մեզ մեքենաներով տեղափոխեցին: Հասցրել եմ մի քանի շոր վերցնել երեխու համար ու վերջում վերցրի մեր տան ալբոմը:

Մենք իմացել ենք, թե Ապրիլյան պատերազմի նման ա լինելու, հետ ենք գնալու մի երկու օրից, հետո դրությունը վատացավ, ստիպված դուրս եկանք, անգամ 90-ականներին Հին Թաղեր գյուղը թուրքերը չէին կարողացել վերցնել, բայց էս անգամ սաղ Հադրութը գյուղարանքներով վերցրին: Հին տնից ամեն ինչ հիշում եմ, բոլորս ուզում ենք հետ գնալ, էսօր էլ հետ տան, կգնանք: Մինչև էսօր հույսը չենք կորցնում, որ մի օր հետ ենք գնալու»:

Նոննան միացավ մեր զրույցին և սկսեց մանրամասն պատմել պատերազմի սկսվելու ժամանակ իր ապրումների մասին:

Նոննա Խուդադյան. «Էդ օրը՝ նախքան պատերազմի սկսվելը, որոշել էինք տան հետևի մասում մառանի նման տեղ սարքեինք, ամեն ինչ պատրաստել էինք, պապիկս էլ տենց բաներում լավ ա, եկել էր պապային օգներ, առավոտ արթնացա, դըմփ-դմփոցներ էր լսվում, մտածեցի գործն են սկսել, աշխատանքի ձայնն ա, ասում էի՝ «Մամ, էս սկսե՞լ են գործը», ասում ա՝ չէ, ինչ գործ, պատերազմ ա սկսվել:

Գնացինք տատիենց տուն, համարյա գյուղի կեսը տատիկենց տանն էր: Տատիկս թոնրով հաց էր թխում, խմորը տանում էի, մեկ էլ կրակոց լսվեց, վախեցա, խմորը ձեռքիցս քցեցի (լացելով պատմում էր Նոննան):

Պապիկը, որոշեց մեզ տանի  Նոր Թաղեր՝ հորական պապիկենց տուն, գնում էինք, մեկ էլ ավտոյի տակ քար էր ընկել, ուժեղ ձեն եկավ, էլի վախեցա, չկարացա ինձ պահեմ, սկսեցի լացել, պապիկս ասում ա. «Մի վախեցի, ի՞նչ պիտի լինի որ, մենք ենք ու մեր անտառները»:

Գնացինք պապիենց տուն, երկու օր մնացինք արդեն ուզում էինք հետ գնալ մեր տուն, պապիենք ասեցին անհանգիստ ա գյուղում: Հոպարը գնաց գյուղ, որ տեսնի՝ ինչ վիճակ ա, ահավոր վախեցած հետ եկավ, ասեց երեխեքին պետք ա ուղարկենք Երևան, թուրքերն արդեն հասել են Ջաբրայիլ:

Մենք էլ, դե լույս չկար, մոմ էինք վառել, հաց էինք քցել, որ ուտեինք, տատիկն էլ լավաշ էր թխել, ու տենց էլ սեղանը թողել ենք, դուրս եկել, տատին ոտաբոբիկ, դամաշնիկները զոռով ա հասցրել հագնի, պասպորտն էլ չի վերցրել, արագ դուրս ենք եկել:

Պապիկս էլ մեծ մարդ, 70 տարեկան, փոքր Նիվա, 8 հոգի մեջը, մի ձև ենք տեղավորվել: Ուշ էր արդեն, պապիկս էլ ասում էր, որ չգիտի՝ կարողանալու ա քշի, թե չէ, մեկ էլ ճանապարհին ծանոթ մարդ ենք հանդիպում, ասում ա՝ «Ես ուր քշեմ, իմ հետևից եկեք»: Մեքենան էլ րոպեն մեկ կանգնացնում էինք, դե շատ էինք, իրար վրա, ճմռթված, բոլորս լարված ու վախեցած, առանց դադարների չէինք կարողանում էդ երկար ճանապարհը գնալ:

Գորիսից էլ անվճար բերեցին Երևան, որ վերջում մաման հարցրեց՝ ինչ պետք ա վճարենք, ասեցին ինչ գումար, ինչ բան: Քեռիենց տանը՝ Բյուրեղավանում, երկու օր մնացինք ու գնացինք Ծաղկաձոր, քեռիենց տունն էլ մի 30 հոգի մարդ կար՝ բարեկամներ, բարեկամների բարեկամներ: 

Նոննան պատմում է, որ իրենց տան պատերը կիսաքանդ էին, նոր-նոր սկսում էին վերանորոգել, ասում է, որ հիշում է, իր մահճակալի կողքի պատը, որի վրա գիշերները ինչ-որ ստվերներ էին հայտնվում, ասում է՝ նապաստակ խաղալիք ուներ, գրկում էր, քնում: Պատերազմից հետո իրենց համար տարբեր նվերներ են բերել, ու խաղալիքների մեջ տեսել է մի խաղալիք նապաստակ, որը շատ նման էր իր Հադրութում մնացած խաղալիքին, արցունքներն աչքերին շարունակում է պատմել: «Հիմա էս խաղալիքը դնում եմ մահճակալիս կողքը նայում եմ ու տունն եմ պատկերացնում: Էդ օրը, երբ տնից դուրս էինք գալիս, ինչ-որ տպավորություն էր, որ էլ հետ չեմ գնալու, էդ նապաստակին ուզում էի գրկեի, ու ախպերս ասում էր՝ «Նոննա, ինչի հետևից ես ընգել»: Տենց էլ, չվերցրի, բայց որ ժամանակը հետ տայի, կվերցնեի:

Նոննան պատմում է, որ պատերազմից հետո հասկացել է, որ իրենց գյուղում բավականին շատ տեսարժան վայրեր կային, որոնք գյուղացիները չեն գնահատել, այդ վայրերից կտրված՝ իրենց առօրյա հոգսերով շարունակել են ապրել, չեն զարգացրել ու չեն շենացրել գյուղը, խնամքով չեն վերաբերվել իրենց շրջապատող բնությանը:

Պատմում էր, որ տարբերվող տեղանուններ շատ կային՝ Փյուլեն Քաշվան, որի կողքին աղբյուր կար՝ Խորն Աղբյուր, Դիզափայտը…

Նարեն էլ տնից կարոտն առնում է իրենց բակի կատվից, Ծովինարը պատմում էր, որ Հադրութում կատու ունեին, իսկ հիմա Նարեն է էստեղ կատու պահում՝ ասելով՝ մեր հին տան կատուն ա, մայրն էլ, կատակի տալով, ասում էր աղջկան՝ «Դու մի տարեկան ես եղել, շա՞տ ես հիշում մեր կատվին»:

Ծովինար Զաքարյան. «40.000 դրամ ամսական աջակցություն ենք ստանում, վարձով ապրում ենք, բայց սերտիֆիկատներից դեռ ձայն չկա, արդեն երկու տարի ա՝ թղթերը տվել ենք, սպասում ենք: Ես լավատես եմ, ասում եմ՝ «Չնեղվեք երեխեք, լավ ա լինելու»:

Հեղինակ՝ Աստղիկ Հովհաննեսովա, Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter