
Կարինե Հակոբյան. «Ընդդիմադիր հատվածը պետք է ունենա նախագահի մեկ թեկնածու»
«Ընտրություններից հետո տիրող իրավիճակը շատ տարօրինակ է, որովհետև բոլորիս համար ակնհայտ էր, թե որքան ձևական բնույթ կրեց այդ ընտրությունը: Սպասելի էր, բայց սպասելի լինելով հանդերձ՝ ընդդիմադիր ուժերի արձագանքը բոլորովին ադեկվատ չէր, կարծես համակերպվեցին մեկ անգամ ևս»,- «Հետքի» հետ զրույցում այսպես գնահատեց այսօրվա ներքաղաքական իրավիճակը հասարակական գործիչ, «Ժառանգության» կուսակցության վարչության նախկին քարտուղար Կարինե Հակոբյանը:
Նրա կարծիքով՝ պետության մասին դատում են այն վերաբերմունքով, որն իշխանությունն ունի քաղաքական փոքրամասնության նկատմամբ: Իսկ իշխանության այսօրվա վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ խոսում է «պետության հետամնաց կարգավիճակի մասին»: Բացի դրանից՝ ընդդիմության ու հասարակության նկատմամբ իշխանության ցուցաբերած արհամարհանքն ու ամբարտավան կեցվածքը հասունացնում է ցնցումների հնարավորությունը, ինչը ցանկալի չէ:
«Ցանկալի է՝ իշխանությունը գիտակցի, որ այս արհամարհանքը և հասարակությանը, և ընդդիմությանը, հեռանկար չունի»,- հավելեց Կ. Հակոբյանը:
Ներքաղաքական զարգացումների համատեքստում վերջինս կարևորեց հատակապես ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելու հանգամանքը:
«Դա արդեն նշանակում է, որ ԲՀԿ-ն դե յուրե ընդդիմություն է: Այսինքն՝ եթե նա իշխանության մեջ չէ, նա պարտավոր է լինել ընդդիմություն»,- համոզված է Կ. Հակոբյանը:
Հասարակությունն ու ԶԼՄ-ները պետք է նպաստեն, որ իշխանության մաս չկազմող ուժերը հանդես գան որպես ընդդիմություն: Եթե բոլոր այն ուժերը, որոնք դուրս են իշխանությունից, համախմբվեն և որպես ընդդիմադիր հատված իրենց պարտականությունները կատարեն, ապա նրանք պետք է նաև իրավաբանորեն ամրագրեն իրենց դերը քաղաքական դաշտում: Կ. Հակոբյանի կարծիքով՝ այժմյան քաղաքական դաշտում Վարդան Օսկանյանն այն քիչ գործիչներից է, ով նաև ասում է, որ ինքն ընդդիմադիր է, այն դեպքում, երբ շատերը չեն ասում:
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Կ. Հակոբյանը նշեց, որ կարող են լինել բազմաթիվ թեկնածուներ, սակայն նրանցից պետք է ընտրվի մեկ ընդդիմադիր թեկնածու, և հասարակությունը պետք է ընտրի, թե ով պետք է լինի այդ թեկնածուն:
«Ընդդիմադիր ամբողջ հատվածը պետք է ունենա մեկ թեկնածու»,- հայտարարեց Կ. Հակոբյանը:
Այն հարցին, թե ում է տեսնում հնարավոր թեկնածուների շարքում, Կ. Հակոբյանը պատասխանեց, որ դժվարանում է ասել, թե տվյալ քաղաքական գործիչը որոշ ժամանակ անց ինչ պահանջարկ կունենա և ինչ վստահություն ձեռք կբերի հասարակության շրջանում: Նույն Վարդան Օսկանյանը տարիներ առաջ այլ կեցվածք ուներ, իսկ հիմա՝ այլ, և «մարդիկ ոչ թե կեղծում են, այլ փոխվում»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել