HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ի ամենաերիտասարդ տնտեսագիտության դոկտորի ատենախոսության արտագրությունները

Սույն թվականի հունվարին ես պարզել էի, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի կողմից հրատարակվող «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածուի 2022թ.-ի դեկտեմբերին տպագրված երկրորդ հատորում ինստիտուտի նախկին տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Դավիթ Հարությունյանի (ով գիտությունների դոկտոր է դարձել 30 տարեկանում) և գիտական քարտուղարի, տնտեսագիտության թեկնածու Եվգենյա Հակոբյանի հետ համատեղ տպագրված հոդվածում առկա են եղել արտագրության և կեղծ հղումների դեպքեր: Այս մասին ես բարձրաձայնել էի ինստիտուտի նախկին տնօրենին սույն թվականի հունվարի 19-ին՝ զգուշացնելով նաև ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) կողմից 2023 թվականին ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում չընդգրկվելու վտանգի մասին, եթե պարզվի, որ այդպիսի դեպքեր առկա լինեն այլ հոդվածներում ևս:

Արձանագրել եմ, որ արտագրությունների դեպքեր էին հայտնաբերվել նաև ինստիտուտի փոխտնօրեն, ներկայում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, տնտեսագիտության թեկնածու Մերի Մանուչարյանի, գիտահրատարակչական բաժնի ղեկավար Անահիտ Մարկոսյանի (ով նախկին տնօրենի մայրն է) և գիտական քարտուղար Եվգենյա Հակոբյանի, նախկին տնօրեն Դավիթ Հարությունյանի և գիտաշխատող Տաթևիկ Շահինյանի, ինչպես նաև այլ աշխատակիցների հոդվածներում:

Ստացվում է, որ Դ. Հարությունյանը մեկ հատորում տպագրել է 2 հոդված, որոնցում առկա են եղել արտագրությունների դեպքեր:

ՀՀ ԲՈԿ-ի նախագահի պարտականությունները կատարողի 15.02.2023թ.-ի հրամանի համաձայն՝ ինստիտուտի կողմից հրատարակվող ժողովածուն չի ընդգրկվել ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ ԲՈԿ-ի կողմից 2023 թվականին ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում, իսկ այս մասին տեղեկացրել էի ՀՀ ԳԱԱ նախագահությանը սույն թվականի փետրվարի 16-ին:

Ստացվում է, որ ինստիտուտի անմիջական վերադասի՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի (ով նաև համատեղության կարգով տվյալ պահին ինստիտուտի տնօրենի խորհրդականն էր) համար ընդունելի էր մի իրողություն, համաձայն որի՝ ՀՀ-ում տնտեսագիտության բնագավառում գործող միակ գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Դավիթ Հարությունյանը զբաղվում էր արտագրություններով և ամենևին էլ մտահոգված չէր և՛ իր սեփական, և՛ ինստիտուտի վարկանիշի համար: Փաստեմ նաև, որ Դավիթ Հարությունյանը այլ աշխատանքի է տեղափոխվել մասնավոր հատվածում սույն թվականի ապրիլի 25-ից սեփական դիմումի համաձայն, և ոչ ավելի վաղ է ազատվել աշխատանքից ՀՀ ԳԱԱ-ի կողմից արտագրության փաստերի բացահայտումից հետո: Համեմատության համար նշենք, որ զարգացած երկրներում այսպիսի արատավոր երևույթներ արձանագրելու պարագայում արտագրություններով և գրագողությամբ զբաղվող անձինք հեռացվում են աշխատանքից: Իսկ սրանից կարելի է եզրահանգել, մասնավորաբար ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ղեկավար Յուրի Սուվարյանի համար ընդունելի է եղել ինստիտուտում ունենալ ղեկավար կազմ, որը զբաղվել է գրագողությամբ՝ գիտությունը զարգացնելու փոխարեն:

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ մեր փորձեցինք պարզել, թե Դավիթ Հարությունյանի դոկտորական ատենախոսության մեջ արտագրությունները քանի տոկոս են  կազմել: Պարզվեց, որ միայն համացանցում հասանելի աղբյուրներից բառացի արտագրությունը դոկտորական ատենախոսության 5 գլուխներում (314 էջ) կազմում է մոտ 40% կամ շուրջ 125 էջ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԲՈԿ-ի կայքից, 2014թ․ հունվարի 23-ին տվյալ ատենախոսությունը վերադարձվել է ՀՊՏՀ-ում գործող 014 մասնագիտական խորհուրդ, իսկ կրկնական քննարկումը տեղի է ունեցել 2015թ.-ի հունվարի 22-ին և հաստատվել է ԲՈԿ-ի կողմից ապրիլի 1-ին։ Նշենք նաև, որ Դավիթ Հարությունյանի գիտական խորհրդատուն հանդիսացել է Յուրի Սուվարյանը, ով նաև տվյալ ժամանակահատվածում 014 մասնագիտական խորհրդի նախագահն էր:  Ատենախոսության այն տարբերակի հիման վրա, որ վերադարձվել էր ՀՊՏՀ-ում գործող 014 մասնագիտական խորհուրդ 2014թ.-ին, 2013թ.-ին տպագրվել էր մենագրություն Դավիթ Հարությունյանի կողմից (Վճարային հաշվեկշռի պետական կարգավորման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում / Դ. Վ. Հարությունյան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Մասն. խմբ.` Ա. Բայադյան. - Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2013.- 464 էջ: Գիրքը կարելի ներբեռնել ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի կայքից 2013թ.-ին Ինստիտուտոի կողմից հրատարակած գրքրերի ցանկում հետևյալ հղումով:

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է հետագայում ԲՈԿ-ը հաստատել արտագրության այսչափ մեծ ծավալ պարունակող դոկտորական ատենախոսությունը, և հեղինակին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան 30 տարեկանում մի ատենախոսության համար, որը նախորդ տարբերակից տարբերվում էր ոչ մեծ ծավալ կազմող փոփոխություններով (հիմնականում աղյուսակների հետ կապված), և ինչու՞ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի գլխավորած մասնագիտական խորհրդում տեղի ունեցած կրկնակի քննարկման ժամանակ չի մերժվել այդ ատենախոսությունը: Այսպիսով՝ փաստացի Յուրի Սուվարյանը դեռևս 014 մասնագիտական խորհդի նախագահ լինելու ժամանակահատվածում չի արգելել արտագրություններով աշխատանքները, ղեկավարել է դրանք, և դրանք անխոչընդոտ պաշտպանվել են իր ղեկավարության ներքո գործող մասնագիտական խորհրդում:  

Հիմնական 3 աղբյուրը, որոնցից արտագրվել է ատենախոսության տեքստը հետևյալն են: Դրանք բերված են ըստ ատենախոսության ենթագլուխների, որոնցում հայտնաբերվել են արտագրությունները, ինչպես նաև նշվում են ատենախոսության հիման վրա վերը նշված տպագրված գրքի էջերը, որտեղից եղել են արտագրությունները՝

  1. Մանասերյան, Թաթուլ, Վճարային հաշվեկշռի կարգավորման հեռանկարները Հայաստանում / The prospects for regulating the balance of payments in Armenia Թ. Մանասերյան; Այլընտրանք հետազոտական կենտրոն. - Երևան: «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ հրատ., 2012. - 184 էջ: աղս.; 21 սմ. http://alternative.am/wp-content/uploads/2016/07/%D5%8E%D5%B3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A5%D5%AF%D5%B7%D5%AB%D5%BC.pdf 

Ատենախոսության՝ 1.1-ի՝ «Երկրի վճարային հաշվեկշռի էությունը, սկզբունքները և կառուցվածք» ենթագլխում ՝ 13-15 էջերում (գրքի 7-9 էջերում) արտագրությունը եղել է այս աղբյուրի էջ 3-4-ից՝ էջ 3-ի 2-րդ պարբերությունից:

Ատենախոսության՝ 1.2-ի՝ «Վճարային հաշվեկշռի պետական կարգավորման վրա ազդող գործոնները» ենթագլխում՝ 46-47 էջերում (գրքի 39-րդ էջում) արտագրությունը եղել է այս աղբյուրի էջ 16-ի վերջին պարբերությունից (բառացի):

Ատենախոսության՝ 2.1-ի՝ «Մակրոտնտեսական կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները. մակրոտնտեսական ցուցանիշների ազդեցությունը երկրի վճարային հաշվեկշռի վրա» ենթագլխում  76 էջի առաջին երեք պարբերությունը (գրքի 121 էջի վերջին պարբերությունը, 122 էջի միակ պարբերությունը, 123 էջի առաջին պարբերությունը) արտագրված եղել է այս աղբյուրի 25-26 էջերից, բացի «գծապատկեր 3.1.1-ում»-ից:

Ատենախոսության՝ 2.2-ի՝ «Վճարային հաշվեկշռի պետական կարգավորման առաջավոր միջազգային փորձը» ենթագլխում՝ 100-րդ էջի երկրորդ տողից սկսած մինչև 106-րդ էջի առաջին պարբերությունը ներառյալ (գրքի 129 էջից մինչև 136 էջի վերջին պարբերությունը) արտագրված եղել է այս աղբյուրի 94-100 էջերից (100-րդ էջի նախավերջին պարբերությունը), բացի «աղյուսակ 3.4.1»-ից:

Ատենախոսության 106-րդ էջի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունից մինչև 109-րդ էջի վերջին պարբերությունը (գրքի 137 էջի կեսից մինչև 141-րդ էջի չորրորդ տողը) արտագրված եղել է այս աղբյուրի 101-103 էջերից (մինչև վերջին 5-րդ տողը):

Ատենախոսության 118-րդ էջի երկրորդ տողից մինչև նույն էջի վերջին պարբերությունը (գրքի 129-րդ էջի վերջից մինչև 130-րդ էջի վերջին պարբերությունը) արտագրված եղել է այս աղբյուրի 94-95 էջերց (մինչև 5-րդ տողը):

Ատենախոսության 119-րդ էջի նախավերջին պարբերությունից մինչև 129-րդ էջի վերջին պարբերությունը (գրքի 141-րդ էջի վերջին պարբերությունից մինչև 151-րդ էջի 9-րդ տողը) արտագրված եղել է այս աղբյուրի 103-րդ էջի վեջին պարբերությունից մինչև 111-րդ էջի պարբերությունը:

Ատենախոսության՝ 5.1-ի՝ «Վճարային հաշվեկշռի պետական կարգավորման առաջավոր միջազգային փորձը» ենթագլխում՝ 239-րդ էջից մինչև 250-րդ էջի ենթագլխի վերջը (գրքի 235 էջից մինչև 246 էջի վերջը) արտագրված եղել է այս աղբյուրի 129-137 էջերի տեքստից, որը ներկայացվել է աննշան փոփոխություններով՝ ներառյալ տերմինների հայերեն փոփոխությամբ:

Ատենախոսության՝ 5.4-ի՝ «Տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները և վճարային հաշվեկշռի պետական կարգավորման բարելավման հեռանկարները» ենթագլխում՝ 321-րդ էջի վերջին պարբերությունից մինչև 323 էջի վերջին պարբերությունը (գրքի 355 էջի 9-րդ տողից մինչև 357-րդ էջի 9-րդ տողը) արտագրված եղել է այս աղբյուրի 95-րդ էջ երկրորդ պարբերությունից մինչև 96 էջի վերջին պարբերության տեքստից:

  1. Գրիգորյան, Կարեն, ՀՀ արտաքին առևտուրը և վճարային հաշվեկշիռը: (Դասախոսություն) / Տիգրանյան, Ի -- խմբ. --Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ Տնտեսագետ, (Երևան:) 79 էջ: աղյս., գծանկ.; 20 սմ. ISBN:9994151169. 

Ատենախոսության՝ 3-րդ՝ «Վճարային հաշվեկշռի պետական կարգավորման առաջավոր միջազգային փորձը» գլխում՝ 169-րդ էջից մինչև 220-րդ էջի վերջին պարբերությունը (գրքի 54-րդ էջից մինչև 107 էջ) արտագրված եղել է այս աղբյուրի առաջին թեմայից (վերաշարադրման, ավելացման, նախադասության մեջ որոշ փոփոխության դեպքերով և այլն):

  1. ԵՊՀ դասախոս Արման Գաբրիելյանի 2007/8 ուսումնական տարվա դասախոսությունները
  2. Ատենախոսության՝ 1.3-ի՝ «Վճարային հաշվեկշռի պետական կարգավորման մեթոդների արդյունավետության հիմնախնդիրները» ենթագլխում ՝ 54-59 էջերում (գրքի 47-56 էջերում) արտագրությունը եղել է այս աղբյուրի «Մանդելլ-Ֆլեմինգի մոդելը»-ի դասախոսության էջ 183-189-ից, ինչպես նաև 191-195 էջերից 

Ատենախոսության՝ 2.1-ի՝ «Մակրոտնտեսական կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները. մակրոտնտեսական ցուցանիշների ազդեցությունը երկրի վճարային հաշվեկշռի վրա» ենթագլխում  60-75 էջերում (գրքի 108-121 էջերում) արտագրությունը եղել է այս աղբյուրի «Վճարային հաշվեկշիռ»-ի դասախոսության էջ 137-148-ից: Արտագրության ժամանակ բնօրինակի վրացականը և Վրաստանը փոխվել է ռուսական և Ռուսաստան բառերով, Նաիրիտ և Հնդկաստանը փոխվել է Նոյ և Ռուսաստանով, 250000-ը փոխած է 500000, 1 մլն-ի փոխարեն 500000 է, Հարավային Կորեայից ներմուծվող ավտոմեքենաները փոխված է Չինաստանից ներմուծվող կահույքով, Ավստրիական ավիաուղիները փոխվել է Չեխականով, Փարիզը՝ Լոնդոնով (http://users.freenet.am/~cbd/lecture/macro/2.bop/bopU.pdf): Ատենախոսության 76-րդ էջի վերջին պարբերությունից սկսած մինչև 80-րդ էջի երկրորդ պարբերության միջնահատվածը՝ բացառությամբ մի նախադասության (գրքի 123-րդ էջի երկրորդ պարբերությունից սկսած մինչև 126 էջի երրորդ տողը) արտագրված է այս աղբյուրի 151-152 էջերից: Ատենախոսության 80-րդ էջի վերջին պարբերությունուից սկսած մինչև 81-րդ էջի երկրորդ պարբերությունը (գրքի 126 էջի երրորդ տողից սկսած մինչև այդ պարբերության վերջը) արտագրված է այս աղբյուրի 152-153 էջերից:

Ատենախոսության՝ 4.3-ի՝ «Հայաստանի վճարային հաշվեկշիռը տնտեսական բարեփոխումների տարբեր փուլերում» ենթագլխում՝ 233 էջի ենթավերնագրից հետո առաջին երկու պարբերություններում (գրքի 233 էջի առաջին երկու պարբերություններում) արտագրությունը եղել է այս աղբյուրի «Վճարային հաշվեկշիռ»-ի դասախոսության էջ 137-ից, որոշակի փոփոխությամբ (http://users.freenet.am/~cbd/lecture/macro/2.bop/bopU.pdf):

Այլ աղբյուրներից արտագրություններ (որոնց ծավալը առնվազն երկու պարբերություն է կազմում)՝ 

Հայաստանի Հանրապետության 2013-2015թթ. պետական միջնաժամկետ ծախսերի  ծրագիր (PT31.1_12page2-489․doc)

Ատենախոսության՝ 2.1-ի՝ «Մակրոտնտեսական կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները. մակրոտնտեսական ցուցանիշների ազդեցությունը երկրի վճարային հաշվեկշռի վրա» ենթագլխում՝ 81-րդ էջի վերջին պարբերության երրորդ նախադասությունից սկսած մինչև 87-րդ էջի 10-րդ տողը արտագրություններ են եղել այս աղբյուրի 33-րդ էջի վերջին պարբերությունից սկսած մինչև 40-րդ էջը ներառյալ որոշ փոփոխություններով («կանխատեսվում է»-ն փոխարինվել է «սպասվում է»-ով, կրճատումներ անելով և այլն):

ԼՂՀ Վճարային հաշվեկշիռ 2011թ. (http://www.stat-nkr.am/index.php?option=com_content&view=article&id =224%3A----2011&catid=37%3A2011-01-11-10-56-37&Itemid=10&lang=hy)

Ատենախոսության՝ 2.1-ի՝ «Մակրոտնտեսական կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները. մակրոտնտեսական ցուցանիշների ազդեցությունը երկրի վճարային հաշվեկշռի վրա» ենթագլխում՝ 87-րդ էջի վերջին պարբերության վեցերորդ տողից սկսած մինչև 89-րդ էջի առաջին տողը ներառյալ (գրքի 126-127 էջեր) արտագրություն է այս աղբյուրից: Հղում է արվել այս աղբյուրին ընդամենը մեկ անգամ, մնացած տեղերում գնացել է բառացի արտագրություն առանց պատշաճ հղումների՝ «նույն տեղում» տեքստով, ապա միջազգային ստանդարտների համաձայն այդ տեքստը համարվում է գրագողություն, քանի որ հեղինակի կողմից չի կատարվել վերաշարադրում:

Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգ (https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2013/05/qax19-21.pdf )

Ատենախոսության՝ 4.3-ի՝ «Հայաստանի վճարային հաշվեկշիռը տնտեսական բարեփոխումների տարբեր փուլերում» ենթագլխում 235 էջի վերջին պարբերությունից սկսած մինչև 237 էջի 8-րդ տողը արտագրությունը եղել է այս աղբյուրի 3-րդ էջից մինչև 4-րդ էջի «Եվրապարտատոմսերի տեսակները» ենթավերնագիրը

168 ԺԱՄ ( https://archive.168.am/articles/8795

Ատենախոսության՝ 5.3-ի՝ «Արտահանման և ներմուծման միջև հարաբերակցության բարելավման հնարավորությունները» ենթագլխում 291-րդ էջի վերջին պարբերությունից սկսած մինչև 295 էջի վերջին պարբերությունն ընկած տեքստում (գրքի 318 էջից (Դեպի դիֆերենցված ապրանքների արտահանման անցման անհրաժեշտությունը) մինչև 322 էջի 4-րդ տողը ներառյալ) արտագրություններ են (բացառությամբ որոշ տեքստի) եղել այս աղբյուրից։

Ստացվում է, որ գիտությունների դոկտոր կարելի է դառնալ այսքան արտագրություններով և նույնիսկ՝ ուսանողների համար նախատեսված դասախոսությունների նյութեր ներառելով: Միևնույն ժամանակ հավելեմ, որ համացանցում անհասանելի աղբյուրներից ատենախոսության մեջ՝ հավելվածների հետ մեկտեղ արտագրությունների ծավալը ավելի մեծ տոկոս է կազմում:

Ցավալի է փաստել մի իրողություն, համաձայն որի՝ ՀՀ-ում տնտեսագիտության բնագավառում գործող միակ գիտահետազոտական ինստիտուտը ղեկավարում էր այն մարդը, որը զբաղվել է արտագրություններով և մինչ օրս չունի տպագրված հոդված SCOPUS կամ Web of Science շտեմարաններում ինդեքսավորվող պարբերականներում, որտեղ բացառվում են արտագրությունները: 

Աննա Մակարյան

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter