HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Երաժշտական աշխարհի ազատության խորհրդանիշը՝ «Սպարտակ» բալետը

Արամ Խաչատրյանի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Սպարտակ» բալետը, մարմնավորում է կոմպոզիտորի ստեղծագործական ամենավառ գծերը․ գրավիչ և հիշվող պատկերներ, բազմերանգ տեսարաններ, մեղեդայնություն, որում եվրոպական դասական երաժշտությունը ձուլվում է արևելյան ինտոնացիաներին։

1941 թ․-ի դեկտեմբերին՝ Հայրենական մեծ պատերազմի ծանր օրերին, պարբերական թերթերից մեկում տպագրվում է Արամ Խաչատրյանի հոդվածը, որտեղ նա պատմում է իր ստեղծագործական ծրագրերի մասին․

«Մեծ թատրոնի պատվերով լիբրետիստ Վոլկովի և բալետմեյստեր Մոիսեևի հետ սկսում ենք  աշխատել «Սպարտակ» բալետի վրա։ Սա պետք է լինի մոնումենտալ հերոսական ներկայացում, որը խորհրդային հանդիսատեսին ցույց կտա անտիկ պատմության լավագույն մարդկանցից մեկին՝ Սպարտակին ․․ Ոմանք զարմացած են թեմայի ընտրությունից, պատմության խորքերը մտնելու համար։ Բայց ինձ թվում է, որ Սպարտակի թեման և ստրուկների ապստամբությունը Հին Հռոմում մեծ նշանակություն ունի մեր ժամանակներում․․ Անհրաժեշտ է, որ ժողովուրդներն իմանան և հիշեն նրանց անունները, ովքեր մարդկության պատմության արշալույսին համարձակորեն ոտքի կանգնեցին ստրկատիրության դեմ՝ հանուն իրենց ազատության և անկախության»։

Պատերազմական աղետի գնալով սրվող վիճակը բալետի աշխատանքները հետաձգում է անորոշ ժամկետով։

Արամ Խաչատրյանը Իտալիայում՝ Կոլիզեի մատույցներում, 1950թ․

Խաչատրյանը «Սպարտակ» բալետին վերադարձավ  պատերազմից տարիներ հետո միայն՝ 1950 թ․-ին։ Այդ տարի կոմպոզիտորն այցելել էր Իտալիա, որտեղ եղել էր այն վայրերում, որոնք նկարագրված են Հռոմեական կայսրությունում մեր թվարկությունից առաջ ստրուկների ապստամբության պատմություններում։ Ճափորդությունից ոգեշնչված վերադառնալով Խորհրդային Միություն՝ նա անմիջապես սկսել է աշխատել բալետի երաժշտության վրա։

«Սկսում եմ ստեղծագործական վիթխարի հուզմունքով»,- գրել է Արամ Խաչատրյանը 1950 թ․-ի հուլիսի 9-ին՝  «Սպարտակ» բալետի պարտիտուրի առաջին էջում։

Աշխատանքը տևեց երեքուկես տարի. պարտիտուրի վերջին կետը դրվեց 1954 թ․-ի փետրվարին:

«Սպարտակ» բալետի լիբրետոյի հիմքում ազատության պայքարի համամարդկային գաղափարն է․ Հին Հռոմում թրակիացի Սպարտակի առաջնորդությամբ ստրուկների ապստամբությունը։ Գործող անձինք են Սպարտակը՝ ապստամբ ստրուկների առաջնորդը, Կրասոսը՝ հռոմեացի զորավարը, Ֆրիգիան՝ Սպարտակի սիրելին և Էգինան՝ Կրասոսի կուրտիզանուհին։

«Սպարտակի» պրեմիերան կայացել է Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգում) օպերայի և բալետի՝ Կիրովի անվան (Մարիինյան) թատրոնում, 1956 թ․-ի դեկտեմբերին Լեոնիդ Յակոբսոնի բեմադրությամբ։

Ձգտելով հեռանալ կաղապարներից, Յակոբսոնը ներմուծեց պլաստիկ քանդակների արտահայտչականությունը, որոնց նախատիպ է ծառայել Էրմիտաժում ցուցադրվող Պերգամոնի նշանավոր զոհասեղանի վրա պատկերված մարտնչող աստվածներն ու տիտանները։

Ժամանակակիցները նշել են, որ բալետի կերպարներն ասես կենդանություն առած և դուրս եկած լինեին հին հունական ու հռոմեական սկահակների վրա պատկերված նկարներից։ Նվագախմբային համարներում բալետի յուրաքանչյուր գործող անձ ունի իր մեղեդային գիծը։

Երաժշտական դրամատիզմի երբևէ գրված ամենանրբագեղ օրինակներից է Սպարտակի՝ իր սիրելի Ֆրիգիային ազատելու տեսարանում հնչող «Ադաջիոն»։

Այս տարի երաժշտական աշխարհը նշում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը։ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ի թիվս «Սպարտակ» բալետի, շարունակում են հնչել աշխարհի լավագուն բեմերից։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter