Համրեն. «Վիրահատությունը հաջող անցավ, բայց հիվանդը մահացավ»
Անգլիային 2-3 հաշվով պարտվելուց հետո Շվեդիայի հավաքականը կորցրեց պատվավոր տիտղոսի համար պայքարելու բոլոր հնարավորությունները եւ իռլանդացիների նման արդեն 2-րդ տուրից հետո դուրս մնաց մրցաշարից: Սկանդինավների գլխավոր մարզիչ Էրիկ Համրենը խոստովանել է, որ հիասթափված է: Նա նշել է, որ թիմը լավ է խաղացել, եւ ինքը հպարտանում է սաներով:
«Մենք ապացուցեցինք, որ բնավորություն ունենք, թիմը խաղում էր հենց այնպես, ինչպես ես էի ուզում: Մենք խիզախություն ունեցանք խաղալ մեր ֆուտբոլը: Սակայն հաղթելու համար պետք է նաեւ մի քիչ բախտ ունենալ»,- ասել է շվեդը: Ըստ նրա՝ անգլիացիներն ավելի արդյունավետ իրացրին իրենց պահերը, դրա համար էլ հաղթեցին:
«Շվեդիայում այսպիսի ասացվածք կա. վիրահատությունը հաջող անցավ, բայց հիվանդը մահացավ: Հենց այդկերպ եմ ես զգում այժմ: Մինչեւ հիմա ընդհանրապես չեմ մտածել Ֆրանսիայի հետ վերջին խաղի մասին. մենք բոլորս ահավոր հիասթափված ենք: Կարծում եմ՝ պետք է առնվազն 24 ժամ անցնի, մինչեւ կսկսենք պատրաստվել այդ մրցավեճին»,- ավելացրել է Համրենը:
Իր գործընկերոջ տխուր տրամադրության հակառակ զգացումներն է ունեցել անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը: «Ըստ իս՝ մենք վաստակել ենք այս հաղթանակը, քանի որ երկար ժամանակ վերահսկում էինք խաղի ընթացքը»,- նշել է անգլիացին: Մարզիչն առանձնացրել է Թեո Ուոլկոտին, որը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Ըստ նրա՝ որակզրկված Ուեյն Ռունիի ներկայությունը արդեն հաջորդ խաղին միգուցե կթոթափի մյուս խաղացողների լարվածությունը: «Ռունին կարող է միայնակ վճռել խաղի ելքը ցանկացած վայրկյանի»,- ասել է Հոջսոնը:
Լուս.՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել