Բլոխին. «Մեղավորը ես եմ, ինձ սուլեք»
«Եվրո-2012»-ի Ուկրաինա-Ֆրանսիա (0-2) խաղից հետո աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոնների գլխավոր մարզիչ Լորան Բլանը ուրախությամբ նշել է, որ իր թիմը աշխարհի կամ Եվրոպայի եզրափակիչ փուլերում 6-ամյա ընմիջումից հետո վերջապես կարողացել է հաղթանակ տանել: Նա նաեւ հույս է հայտնել, որ հաջորդ հաղթանակին երկար սպասելու կարիք չի լինի:
«Մենք շատ էինք վերլուծել շվեդների հետ ուկրաինացիների խաղը ու նկատել էինք, որ պաշտպանությունում մրցակիցը բավականին ազատ տեղեր է թողնում: Փորձում էինք օգտվել դրանից, ու ի վերջո ծրագիրն աշխատեց: Նաեւ զգուշացրել էի թիմին, որ գոլ բաց թողնելուց հետո ուկրաինացիները չեն հանձնվում: Դրա համար էլ, բացելով հաշիվը, մեր տղաներն ավելի արագ ու ագրեսիվ սկսեցին խաղալ: Մենք ուղղակի չթողեցինք, որ դաշտի տերերը փոխեին իրադրությունը, որովհետեւ ավելի ուժեղ էինք: Անընդհատ գերիշխելով, գնդակը լավ վերահսկելով՝ մենք շատ էինք սպառնում նրանց դարպասին: Որպեսզի հաղթես, պետք է գրոհես»,- ասել է Բլանը:
Մասնագետը, սակայն, չի մոռացել նշել, որ իրենց ճակատագիրը որոշվելու է շվեդների հետ վերջին խաղում, որոնք հեշտ մրցակից չեն եւ ուկրաինացիների հետ խաղում (1-2) արժանի էին գոնե ոչ-ոքիի:
Իսկ Օլեգ Բլոխինն իր վրա է ընդունել պարտության պատասխանատվությունը: Մարզիչը առանց անուններ նշելու հայտարարել է, որ ոմանք մտածել են, թե արդեն 1/4 եզրափակիչում են: Սակայն խոստացել է այս թեմայով զրուցել իր սաների հետ ավելի ուշ եւ Անգլիայի հետ խաղից առաջ պատրաստել հոգեբանորեն:
Բլոխինը գովել է ֆրանսիացիներին՝ ասելով, որ նրանք մրցաշարի ֆավորիտներից են, սակայն երկու գոլում էլ անհատական մեղավորություն են ունեցել ուկրաինացի խաղացողները: Անցյալի հայտնի ֆուտբոլիստը դժգոհել է երկրպագուների պահվածքից, որոնք սուլել են իր խաղացողներին: «Մեղավորը ես եմ, ինձ սուլեք, իսկ թիմին պետք է սատարել: Անկեղծ կասեմ՝ դա ինձ դուր չի գալիս: Հիշեք Իռլանդիա-Իսպանիա խաղը: Չնայած հաշվին՝ իռլանդացիները մինչեւ վերջ ցավում էին իրենց թիմի համար»,- եզրափակել է մարզիչը:
Լուս.՝ Sportsfile-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել