HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՈւԵՖԱ-ն պատժել է ռուսներին, պորտուգալացիներին, գերմանացիներին

«Եվրո-2012»-ի շրջանակներում տեղի ունեցած միջադեպերի առթիվ ՈւԵՖԱ-ն ցուցաբերում է խիստ վերաբերմունք:

Լեհաստան-Ռուսաստան խաղից հետո կառույցը կարգապահական վարույթ էր հարուցել թե լեհերի, թե ռուսների հանդեպ: Լեհ երկրպագուները խաղի ժամանակ օգտագործել էին հրավառ նյութեր: Նույնը արել էին նաեւ ռուսները, որոնք ճայթռուկները նետել էին խաղադաշտ ու կիրառել էին անթույլատրելի բովանդակությամբ պաստառներ: Հանդիպման ընթացքում ռուսներից մեկն էլ խաղադաշտ էր մտել: Այս գործով ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում կկայացնի ամսի 17-ին: 

Իսկ մինչ այդ նույն մարմինն արդեն որոշել էր Ռուսաստանի ֆուտբոլային միությանը պատժել՝ կապված ռուսների ու չեխերի խաղում ռուս երկրպագուների անկարգապահությունների հետ: Կոմիտեն որոշել է ռուսներից 120.000 եվրո տուգանք գանձել, ինչպես նաեւ պայմանական կիրառել 6 միավորի հանում «Եվրո-2016»-ի ընտրական փուլում: Պայմանական պատիժը կգործի մինչեւ այդ փուլի ավարտը: Այսինքն՝ եթե մինչ այդ ռուս երկրպգուները կրկին դրսեւորեն իրենց «լավ» կողմերով, ապա ռուսների հավաքականը դրա դիմաց հաջորդ փուլում կվճարի 6 միավորի կորստով:  

ՈւԵՖԱ-ն 10.000 եւ 5.000 եվրոյով տուգանել է նաեւ Գերմանիայի ֆուտբոլային միությանն ու Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային: Գերմանիա-Պորտուգալիա խաղում գերմանացի երկրպագուները դաշտ էին նետել տարբեր իրեր, իսկ ընդմիջումից հետո պորտուգալացի ֆուտբոլիստները ուշ էին դաշտ դուրս եկել: Հոլանդացիների հետ խաղում գերմանացի ֆանատների կողմից կրկին տարբեր իրեր դաշտ նետելու եւ հրավառ իրեր կիրառելու պատճառով ԳՖՄ-ի դեմ հերթական վարույթն է հարուցվել, որը քննվելու է հունիսի 18-ին: 

Մեկ այլ գործով (Հորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ) կառույցը որոշում կկայացնի այսօր: Հորվաթ երկրպագուները իռլանդացիների հետ խաղի ընթացքում օգտագործել էին հրավառ տեխնիկա, դաշտ էին նետել տարբեր առարկաներ, նրանցից մեկը ներխուժել էր խաղադաշտ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter