
Որոշ ատամնաբույժների մոտ «իշխում է մեծամտությունը»
Մանկական ատամնաբույժի աշխատանքը շատ ծանր է. երեխայի հետ աշխատելը պատիվ է, բայց և բարդ: Այսպես է կարծում «Սոնատո» ատամնաբուժական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ-օրթոդենտ Արթուր Փափազյանը:
Նրա խոսքերով` ատամնաբուժության հիմնական խնդիրը կարիեսն է, որը շատ է հանդիպում: Սակայն այն պետք է բուժել, որպեսզի երեխայի մոտ դիմածնոտային համակարգի հետ խնդիրներ չլինեն: Օդի աղտոտվածությունը, էկոլգիական վատ վիճակը, ինչպես նաև ժառանգականությունն ու հղիության ընթացքը ևս մեծ ազդեցություն կարող են ունենալ երեխայի ատամնաշարի ձևավորման վրա: Ատամնաբույժի խոսքերով` նախկին տարիների համեմատ` այժմ ծնողներն ավելի շատ են մտահոգվում երեխայի ատամների հետ կապված խնդրով, հաճախ են դիմում ատամնաբույժի: Նրան նաև ուրախացնում է այն հանգամանքը, որ երեխաների մոտ` բժշիկներից խուսափելու և վախենալու դեպքերը նվազել են: Փորձը նաև ցույց է տալիս, որ սովորաբար բժիշկներից վախենում են նրանք, ովքեր նախկինում վատ փորձառություն են ունեցել: Այժմ նաև մշակվում են տարբեր եղանակներ` երաժշտության, խաղերի միջոցով գրավել երեխային և իրականացնել բուժումը:
Միաժամանակ, Ա. Փափազյանի խոսքերով, ծնողները հիմնականում դիմում են ատամնաբույժին, երբ երեխայի մոտ ցավ է լինում: Այնինչ, ատամնաբույժը խորհուրդ է տալիս տարին առնվազն երկու անգամ պրոֆիլակտիկ նպատակներով դիմել բժշկին: Սկսած 2-3 տարեկանից՝ երեխայի կարելի է տանել ատամնաբույժի մոտ: Այդ տարիքից էլ արդեն երեխան կարող է ծնողի օգնությամբ մաքրել ատամները, ամենաօպտիմալ տարբերակը` ատամները լվանալ օրը 2 անգամ: Նաև խորհորդ է տրվում 2 ամիսը մեկ փոխել ատամի խոզանակը:
Ատամնաբույժի խոսքերով` դիմածնոտային անոմալիաները երեխայի մոտ կարող են ի հայտ գալ 2 տարեկանից: Այստեղ մեծ ազդեցություն ունի նաև քթային շնչառության խանգարվածությունը, լեզվի, շուրթի մկանները ազդեցություն ունեն դիմածնոտային համակարգի վրա:
Ա. Փափազյանի խոսքերով` երեխայի հետ աշխատելիս նախ առաջանում են հոգեբանական խնդիրներ, քանի որ նրանք վախենում են ատամ բուժելուց, մյուս կողմից՝ կա մասնագիտական խնդիր. երեխայի կաթնատամը թեև ժամանակավոր է, բայց մեծ ազդեցություն ունի դիմածնոտային համակարգի զարգացման վրա, ինչը նշանակում է, որ ատամնաբույժը պետք է առավել ուշադիր աշխատի:
Բժշկի խոսքերով` ատամնաբուժությունը Հայստանում բարձր մակարդակի վրա է: Սակայն ոլորտում չկա վերահսկողություն, որը նախ և առաջ պետք է լինի պետական մակարդակով, չեն կիրառվում պատժամիջոցներ անբարեխիղճ բժիշկների նկատմամբ: Դաշտն ազատ է, որոշ ատամնաբուժերի մոտ «իշխում է մեծամտությունը», և ատամնաբույժի միակ վերահսկող օղակը դառնում է հաճախորդը:
Ա. Փափազյանը նաև նշեց, որ անգամ տեսակետ կա, ըստ որի` այժմ մարդուն այլևս պետք չէ 32 ատամ: Եթե նախկինում մարդկանց սնունդը կոշտ էր, ապա այժմ այն փոխվել է, ինչը ազդում է նաև ատամների զարգացման վրա:
Մեկնաբանել