HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառուցապատողը՝ գիտական հիմնարկի հասցեին. «Գիտության վարագույրի տակ թաքնվելով՝ փորձում են մեզ վրա ցեխ շպրտել»

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ ՓԲԸ-ն արձագանքել է մարտի 27-ին մեր հրապարարկանը, որտեղ անդրադարձել էինք ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի անմիջական հարեւանությամբ կառուցվելիք շենքին:

Հիշեցնենք, որ «Հետքը» տարիներ առաջ գրել էր այս թեմայի մասին: 2007-ին գիտական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանն ու դրա հարեւանությամբ անցնող պատմական ջրանցքի մի հատվածը Երեւանի քաղաքային եւ Քանաքեռ-Զեյթունի թաղային իշխանությունները, ինչպես Դատախազությունն է հետագայում հայտարարել, ապօրինի կերպով օտարել էին մասնավոր անձի: Մասնավորեցված հողակտորը տարիներ անց՝ 2019-ին, գնել է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը: Ընդ որում՝ 2016-ին քրեական գործ էր հարուցվել վերոնշյալ ապօրինության վերաբերյալ, սակայն հետագայում գործը կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Փոխարենը 2019-ին Դատախազությունը Երեւանի քաղաքապետին առաջարկել է միջոցներ ձեռնարկել՝ «համայնքին պատճառված վնասը վերականգնելու, կնքված գործարքը, դրա կադաստրային գրանցումն ու սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, դրանց անվավերության հետեւանքները կիրառելու եւ գույքը Երեւան համայնքին վերադարձնելու ուղղությամբ»: Քաղաքապետարանը տեր չէր չի կանգնել համայնքի իրավունքների վերականգնմանը, ինչի հետեւանքով իրավիճակը չի փոխվել, չնայած հարկ է նկատել, որ այս դեպքում «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթն», ըստ էության, համարվում է բարեխիղճ ձեռքբերող:

2021-ի հուլիսի 26-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է, որ «Աբուհայաթ» պատմական ջրանցքի՝ Ազատության պողոտայից մինչեւ Ուլնեցու փողոց ձգվող հատվածը, որն ընդգրկում է նաեւ 2007-ին օտարված մասը, վերակառուցումների հետեւանքով կորցրել է պատմամշակութային արժեքը եւ պետության կողմից պահպանության ենթակա չէ, այսինքն՝ պատմական ջրանցքը հուշարձանի կարգավիճակը մասամբ կորցրել է:

2022-ին էլ Երեւանի քաղաքապետարանը թույլատրել է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթին» ջրանցքի մի մասը, որն անցնում էր օտարված ջրավազանի հարեւանությամբ, տեղափոխել քիչ հեռու՝ գիտական կենտրոնի մասնաշենքերի անմիջական հարեւանությամբ: Գիտնականները քաղաքապետարանի այս թույլտվությունը վիճարկում են դատարանում, նրանք վստահ են, որ ջրանցքը տեղափոխվում է միայն այն բանի համար, որ ջրավազանի տեղում «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթը» կարողանա շենք կառուցել: Նրանք նաեւ նշում են, որ ջրանցքի տեղափոխման շինաշխատանքերը խաթարում են թե՛ իրենց գործունեությունը, թե՛ թանկարժեք սարքերի աշխատանքը: 

Կառուցապատող ընկերությունն այլ դիրքորոշում ունի:

Ընկերության փոխտնօրեն Դավիթ Աթանեսյանն ասում է, որ ընկերությունն ունի համապատասխան շինթույլտվություն ջրատարի (ջրանցքի) տեղափոխման համար, եւ այժմ իրականացնում է դրա աշխատանքները: Նա նշում է, որ ջրատարը ջրի մոտ 40 տոկոս կորուստ էր ունենում, եւ իրենք դրա տեղափոխման աշխատանքների համար ծախսել են մոտ 84 միլիոն դրամ ու հիմա մոտենում են աշխատանքների ավարտին:

Ջրատարի մոտ 125 մետրը (Ազատության պողոտայից մինչեւ գիտական կենտրոնի տարածքի վերջնամաս ընկած հատվածը) տեղափոխվելու է մետաղական խողովակի մեջ: Հաջորդ քայլը լինելու է կառուցապատման ծրագիր ներկայացնելը: Ընկերության փոխտնօրենն ասում է՝ խոշոր ներդրում է՝ օտարերկրյա կապիտալով, բազմաֆունկցիոնալ համալիր է լինելու (ջրավազանի տարածքում): Շենքի 70 տոկոսը հասարակական տարածքներ ու գրասենյակներ են լինելու, իսկ մնացած 30-ը (Ազատության պողոտային հարող)՝ բնակելի:

Աթանեսյանն ասում է, որ համալիրի նախագծման թույլտվություն ունեն, իսկ շինթույլտվության ստացումը, նրա փոխանցմամբ, ընթացքում է: Դա էլ ստանալուց հետո հուսով են սկսել համալիրի կառուցումը:

ՓԲԸ-ի փոխտնօրենը նշում է, որ բազմիցս գրավոր, բանավոր, հանդիպումներով ու նամակներով դիմել են Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին՝ առաջարկելով հրավիրել փորձագետների, որոնք մասնագիտական եզրակացություն կհայտնեն, թե շինաշխատանքների հետեւանքով սարքավորումներն ինչ ազդեցություն են կրում. փորձագետներն, ըստ այդմ, սարքերի կողքին կտեղադրեն տատանումները չափող սարքեր եւ մասնագիտական եզրակացություն կտան:

«Մենք ապահովագրել ենք այդ սարքերին որեւիցե վնաս հասցնելու ռիսկերը եւ համապատասխան միջոցառումներ արել ենք,- պնդում է Դավիթ Աթանեսյանը,- իրենք ոչ մի ապացույց չեն ներկայացրել, որ իրենց սարքերին ինչ-որ վնաս է տրվել, անգամ Վարչական դատարան են դիմել, եւ այն վերացրել է շինարարությունը կասեցնելու մասին միջնորդությունը եւ հստակ արձանագրել է, որ ոչ մի ապացույց չեն ներկայացրել, որ մենք որեւիցե վնաս ենք հասցրել իրենց»:

Հիշեցնենք, որ Վարչական դատարանում գիտական հիմնարկը վիճարկում է քաղաքապետարանի տված թույլտվությունը: Նախորդ տարվա նոյեմբերին դատարանը բավարարել էր շինաշխատանքները կասեցնելու մասին միջնորդությունը, սակայն այս տարվա հունվարին նույն դատարանը բավարարել է կառուցապատողի միջնորդությունը կասեցումը վերացնելու մասին:

Դ. Աթանեսյանի խոսքով՝ իրենք բազմիցս առաջարկել են սարքավորումները տեղափոխել ներկա տարածքից: «Մի սարքի մասին է՝ «ЯМР»-ի, որը, շատ լավ գիտեմ, 43 մետր հեռավորության վրա է գտնվում, եւ մասնագետներն ասում են, որ չի կարող վնասվել: Բայց մենք ասում ենք՝ եկեք սարքերը տեղադրենք, տեսնենք՝ տատանումներ կա՞ն, թե՞ ոչ: Տեղեկություն տարածելով չէ, իրենք դա պարզապես օգտագործում են, որ խանգարեն»,- նշում է կառուցապատող ընկերության փոխտնօրենը:

Աթանեսյանի խոսքով՝ շինաշխատանքների արդյունքում, բացի աղմուկից, այլ բան չի եղել: Ասում է՝ գիտական կառույցը ոչ մի ձեւով չի ցանկանում համագործակցել իրենց հետ, եւ դա նրանց խնդիրն է: «Մենք համապատասխան երրորդ անձանց նկատմամբ գույքային վնասների դեպքում արել ենք բավական մեծ գումարի ապահովագրություն: Այսինքն՝ այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում ընդունված է»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը:

Հարցին, թե ինչու է ընկերությունը հենց քիմիական գիտական կենտրոնի անմիջական հարեւան տարածքն ընտրել, այլ ոչ քաղաքի մեկ այլ ազատ հատված, Դավիթ Աթանեսյանը պատասխանում է, որ քիմիական պահեստների կողքին այս պահին 8 բնակելի շենք կա: «Իրենց սահմանից 30 մետր է հեռու, մեր դեպքում՝ 40 մետր: Այսինքն՝ հեռավորություններն այնքան են, ինչքան բնակելի մյուս շենքերինը, բայց մերը բնակելի չէ: Մերը համալիր է լինելու: Երկրորդ՝ այնտեղ կա ձկան ռեստորան՝ մուտքի մոտ, որտեղ քիմիական պահեստներ են, բա ձուկը ո՞նց են ուտում: Այդ շահարկումները կեղծ են»:

Տարածքի ընտրության մասին կառուցապատող ընկերության փոխտնօրենն ասում է, որ այն գնել են 2019-ին ֆիզիկական անձից (խոսքն Անդրանիկ Էլմասյանի մասին է), իսկ հողը դեռ 2007-ին էր օտարվել համայնքի կողմից:

-Որպես բարեխիղճ գնորդ՝ մենք մեր նախագիծն անում ենք: Հարմար է տեղը, Ազատության պողոտայի վրա է, խանգարող բաներ չկան, նկատի ունեմ՝ մոտ շենքեր, այսինքն՝ մեր պրոյեկտի համար հարմար էր, եւ դա չգործող ջրավազան է եղել 1980-ից: Վատ բան ենք ուզում անե՞լ, ուզում ենք գեղեցիկ բան կառուցել, քաղաքի մուտքն է լինելու, ոչ մի ձեւով իրենց չենք խանգարելու: Ի՞նչ իրավունք ունեն քիմիական արտադրություն ունենան քաղաքի մեջ:

-Բայց դա սովետական տարիներից եկած ակադեմիական ինստիտուտ է:

-Քիմիական արտադրություն ոչ մեկ իրավունք չունի անել այնտեղ, որովհետեւ դա քաղաքի մեջ է: Միգուցե ժամանակին քաղաքի մեջ է եղել, բայց հիմա դրա կողքին առնվազն 6-7 բնակելի շենքեր կան:

-Բայց հենց այդպես էլ գիտական կենտրոնի տարածքը մասնատեցին (մանրամասները՝ այստեղ - հեղ.):

-Այդ մարդիկ (հարեւանությամբ գտնվող բնակելին շենքերի) քիմիական արտադրության մե՞ջ են ապրում: Իրենք (գիտական կենտրոնը) էնտեղ ոչ մի լուրջ բան չունեն, գնացեք ուսումնասիրեք: Ես ձեզ կարող եմ նկարներ ուղարկել, թե ինչ վիճակում է այդ ինստիտուտը: Գիտության վարագույրի տակ թաքնվելով, ոչ մի հիմնավորում չունենալով՝ փորձում են մեզ վրա ցեխ շպրտել, բայց դա իրենց չի հաջողվի:

-Համատեղելի՞ եք համարում քիմիական ինստիտուտների գործունեությունը ձեր համալիրի հետ (Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ներառում է 3 գիտական հիմնարկ – հեղ.):

-Այնտեղ քիմիական ինստիտուտներ չկան, մի ինստիտուտ է, դեղագործական… Մի ինստիտուտ կա, որը որոշ սարքերով իր գործունեությունն իրականացնում է, եւ ոչ մի խնդիր չկա: Մենք առանձնանալու ենք մեր առանձին մուտքով, իրենց հետ ոչ մի կապ չենք ունենալու:

-Այսինքն՝ անկախ ամեն ինչից ձեր նախագիծն իրականացնելու եք:

-Միանշանակ իրականացնելու ենք, իրենց էլ դատի ենք տալու, վնասների փոխհատուցում ենք ուզելու, եթե մեզ խոչընդոտեն:

-Օրինակ՝ ի՞նչ ձեւով կարող են խոչընդոտել:

-Եթե վնաս հասցնեն մեզ, այդ պահանջով… Իրենց նազուտուզով չի՝ ուզում ենք, չենք ուզում, ես էլ շատ բաներ չեմ ուզում, բայց օրենք կա, սեփականության իրավունք կա, մենք ունենք սեփականության իրավունք, որը պաշտպանված է եւ՛ օրենքներով, եւ՛ միջազգային պայմանագրերով: Իսկ այս ամբողջ գիտության հետեւում կանգնած լոզունգները թող իրենց պահեն: Չի կարելի ամեն անգամ լսել իրենց կարծիքը՝ առանց դա ստուգելու:

Հարցին, թե տեղյակ է, որ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է արտաքին մասնագիտական կարծիքի՝ շինարարության հետեւանքով գիտական սարքերին հասցվող հնարավոր վնասը գնահատելու համար, Դավիթ Աթանեսյանը պատասխանում է, որ տեղյակ չէ, ապա նշում է, որ իրենք առաջարկել էին տատանումներ չափող մասնագետ հրավիրել, սակայն գիտնականները մերժել են: «Հարցը սարքը տեղափոխելը չէ, այլ այն, թե որեւէ խնդիր առաջանու՞մ է: Եթե չկա, իրենք 6 հա-ի վրա նստած են, դատարկ են իրենց շենքերը, ասել ենք՝ այդ հետեւի կողմը բերենք վերանորոգենք, տեղափոխենք այդ սարքերն այնտեղ, չեն համաձայնում: Որ չեն համաձայնում, ի՞նչ անեմ»,- նշում է կառուցապատողի ներկայացուցիչը:

Աթանեսյանը ճիշտ է համարում այն տարբերակը, որ գիտական հիմնարկը տեղափոխվի Աշտարակում կառուցվելիք ակադեմիական քաղաք:

Անդրադառնալով ջրավազանի տեղում շենք կառուցելուն՝ նա հավելում է, որ նախագիծն իրականացվելու է շինաշխատանքներն սկսելու պահից 2,5 տարվա ընթացքում, իսկ հիմնական աղմուկ առաջացնող աշխատանքներն, Աթանեսյանի պնդմամբ, ընդամենը 1,5 ամիս են տեւելու:

Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ձեւավորվել է 2006 թ. Կառավարության որոշմամբ: Դրա կազմում կա 3 գիտական հիմնարկ՝ Ա. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, որը հիմնադրվել է 1955-ին, Օրգանական քիմիայի ինստիտուտը՝ 1957-ին, եւ Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը՝ 1994-ին:

Մինչեւ Հայաստանի անկախացումը Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը 14 դեղ էր արտադրում, որոնց հիմնական մասի արտադրությունը դադարեցվեց ֆինանսների բացակայության պատճառով: Անկախությունից հետո կարողացել են վերականգնել մի քանի դեղերի արտադրությունը՝ գանգլերոն, դիթիլին, թիյոդին եւ կապրոֆեր:

Գանգլերոնը սիրտ-անոթային համակարգի դեղամիջոց է, պաշտպանում է ցավերից, սպազմներից, նեւրոզներից, բացի ամպուլավորումից, մի քանի տարի առաջ այն սկսել են արտադրել նաեւ պարկուճի ձեւով:

Դիթիլինը պերիֆերիկ մկանային ռելաքսանտ է, թուլացնում է պրկված մկանները: Օգտագործում են վիրաբույժները, արտադրվում է դեղահումքի ձեւով:

Թիյոդինը բարձր էֆեկտիվությամբ հակառեւմատիկ միջոց է, օգտագործում են մեջքի ցավերի, իշիազի, ռադիկուլիտի դեպքում, արտադրվում է ամպուլավորված:

Կապրոֆերն արյունը մակարդող միջոց է, հիմնականում ատամնաբույժներն են օգտագործում, արտադրվում է պարկուճներով:

Առաջին լուսանկարում՝ օտարված ջրավազանը (2019 թ.), լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter