Բլոխինը երազ էր տեսել, որ Շեւչենկոն երկու գոլ է խփելու
Ուկրաինա-Շվեդիա հանդիպումից (2-1) հետո տանտերերի գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինն ասել է, թե երազ էր տեսել, որ Շեւչենկոն երկու գոլ է խփելու: Նշելով իր թիմի տարածքային առավելության մասին՝ մասնագետը կարծիք է հայտնել, որ շվեդները կարծես ոչ-ոքիի համար էին խաղում: Անցյալի հայտնի ֆուտբոլիստը նաեւ շնորհակալություն է հայտնել իր սաներին՝ ընդունած գոլից հետո չընկճվելու եւ փոխարենը երկուսը խփելու համար: Բայց նաեւ շեշտել է, որ խաղավերջում հոգաբանական ճնշման եւ հաշիվը պահպանելու ցանկության պատճառով ֆուտբոլիստները այնքան էլ լավ չեն գործել:
«Սակայն կրկնեմ՝ սա մեկնարկային խաղ էր: Բացի այդ՝ շվեդները լավ թիմ ունեն, որին հաղթելը հեշտ չէ, չնայած որ մենք նրանց շատ լավ էինք ուսումնասիրել: Շվեդիան դեռ շատ անհանգստություններ կպատճառի մյուս մրցակիցներին: Իսկ մենք պետք է վերականգնվենք ու պատրաստվենք Ֆրանսիայի հետ խաղին՝ հաշվի առնելով այսօրվա թույլ տված սխալները»,- ասել է Բլոխինն ու հավելել, որ անգլիացիների եւ ֆրանսիացիների ոչ-ոքին դեռ ոչինչ չի որոշում, բոլոր թիմերն էլ դեռ երկուական խաղ պիտի անցկացնեն: «Այո, մարտավարության առումով Դոնեցկի խաղի ոչ-ոքին ձեռնտու է մեզ, բայց տեսնենք, թե ինչ կլինի արդյունքում»,- եզրափակել է մարզիչը:
Իր հերթին շվեդների գլխավոր մարզիչ Էրիկ Համրենը նշել է, որ առաջին կեսում երկու թիմերն էլ շատ էին նյարդայնանում, իսկ երկրորդ կեսում շվեդները սկսեցին ավելի գրագետ գործել, ինչի արդյունքը եղավ գոլը: «Ցավոք, նրանք հենց այդ ժամանակ հավասարեցրին հաշիվը: Միշտ այդպես է լինում՝ եթե թողնում եք, որ մրցակիցն անմիջապես հավասարեցնի հաշիվը, նախաձեռնությունն անցնում է նրա կողմը: Վերջին 20 րոպեում մենք կորցնելու բան չունեինք, խաղում էինք այնպես, ինչպես ուզում էի, որ խաղայինք հենց սկզբից: Հաշվի առնելով ստեղծած պահերը՝ մենք նվազագույնն արժանի էինք ոչ-ոքիի»,- ասել է Համրենը:
Վերջինս նաեւ նշել է, որ ուկրաինացիներն իրենց ոչնչով չեն զարմացրել: «Մրցաշարից առաջ ասում էի, որ ամեն խաղում հաղթելու համար պետք է, որ 11 ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը լինի բարձրության վրա: Այսօր առաջին կեսում իրենց մակարդակը ցույց տվին 5-6 հոգի, ինչը բավարար չէ»,- նշել է մարզիչն ու հավելել, որ բավարարված չէ թիմի խաղով, քանի որ ավելին էր սպասում իր տղաներից:
Լուս.՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել