Շեւչենկոն առաջ է մղում Ուկրաինային
Քիչ առաջ հստակեցվեց «Եվրո-2012»-ի D խմբի աղյուսակի տեսքը: Կարող է եւ զարմանալի թվալ, սակայն խումբը 3 միավորով գլխավորեցին ուկրաինացիները: Չնայած եթե դիտարկելու լինենք մրցաշարը հյուրընկալող թիմերից մեկի խաղի տեսանկյունից, ապա զարմանալու ոչինչ չկա: Ուկրաինացիները եւ նրանց առաջատար Անդրեյ Շեւչենկոն լիովին արժանի էին հաղթանակին:
Չնայած 52-րդ րոպեին հաշիվը բացեց Իբրահիմովիչը, սակայն ամբողջ խաղի ընթացքում հենց դաշտի տերերն էին ավելի սուր եւ կտրուկ գործում, համառորեն պայքարում ամեն գնդակի համար: Ու պատահական չէր, որ ընդամենը 3 րոպե անց Շեւագոլը հավասարեցրեց հաշիվը՝ ուրախացնելով «Օլիմպիական» մարզադաշտի ու երկրի միլիոնավոր երկրպագուներին: 7 րոպե պահանջվեց, որպեսզի Եվրոպայի 2004 թ. լավագույն ֆուտբոլիստը դառնա դուբլի հեղինակ: 36-ամյա գոլահարը խփեց հավաքականում իր 48-րդ գնդակը եւ օգնեց իր թիմին հաղթանակով սկսել մրցաշարը: Շեւչենկոյի գլխով գրագետ հարվածները, դիրքի ճիշտ ընտրությունն ու հարձակվողի հոտառությունը ցույց տվեցին, որ չնայած տարիքին՝ նա դեռ լուրջ սպառնալիք է ցանկացած մրցակցի պաշտպանության համար: Սա, անշուշտ, հաշվի կառնեն եւ անգլիացիները, եւ ֆրանսիացիները:
Վերջիններիս խաղն, ի դեպ, շատ նման էր նախորդ օրվա Իսպանիա-Իտալիա հանդիպմանը: Եվրոպական ֆուտբոլային գրանդների այս պայքարում էլ ֆավորիտ ֆրանսիացիներն էին համարվում, սակայն հենց անգլիացիները բացեցին հաշիվը 30-րդ րոպեին: Այդպես եղավ նաեւ Իսպանիա-Իտալիա խաղում, երբ դի Նատալեն առաջ մղեց իր թիմին: Սակայն ինչպես իսպանացիների դեպքում, այս անգամ էլ ֆրանսիացիները չթողեցին մրցակցին երկար ուրախանալ ու 9 րոպե անց Լեսկոտի գոլին գոլով պատասխանեց Նասրին՝ 1-1: Չնայած Ֆրանսիան ուներ որոշակի առավելություն, սակայն հանդիպումն այդպես էլ ավարտվեց, ինչը, փաստորեն, ձեռնտու եղավ ուկրաինացիներին:
|
Ուկրաինա |
1 |
1 |
0 |
0 |
2-1 |
3 |
|
Անգլիա |
1 |
0 |
1 |
0 |
1-1 |
1 |
|
Ֆրանսիա |
1 |
0 |
1 |
0 |
1-1 |
1 |
|
Շվեդիա |
1 |
0 |
0 |
1 |
1-2 |
0 |
Լուս.՝ AFP/Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել