Մարդու դռներ
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում այսօր բացվեց արվեստագետ Րաֆֆի Դավթյանի «Մարդու դռներ» խորագրով նախագծի ցուցադրությունը։
«Մարդու դռները» տարածության մեջ տեղադրված, բազմակի պատկերավորությամբ ներկայացված մարդկային ֆոտո-ֆիգուրներ-մարմիններ են: Մարդկային ֆիգուրները բազմազան են, բայց բոլորը իրենց սեռական օրգաններին սեղմել են առաջին հայացքից անհասկանալի մի մետաղյա առարկա։
«Այս բռնակները, որոնք տեսնում եք բնորդների ձեռքերում և որոնցով բնորդները ծածկել են իրենց սեռական օրգանները, հին պարսկական ճարտարապետական գործիքներ են, կոչվում է քուբեհ, այսինքն՝ դռան թակիչ, որը կնոջ և տղամարդու տեսքն ունի։ Հյուր գնալիս տղամարդիկ ծեծում են տղամարդկանց քուբեհները, իսկ կանայք՝ կանանց քուբեհները»,-պատմում է նախագծի հեղինակը։
Սեռային քուբեհները Իրանում սկսել են կիրառվել իսլամի տարածման հետ: Սեռային տարբերակման այդ խորհրդանիշերը թակելիս տարբեր ձայներ են հնչում. արականը` ցածր և խուլ, իգականը` բարձր և զնգուն: Հյուրընկալողները հնչող ձայնի բնույթից տեղեկանում էին հյուրի սեռական պատկանելության մասին: Եթե այցելուն կին էր, ապա դռան մոտ նրան դիմավորում էր նույն սեռի ներկայացուցիչը և ընդհակառակը:
Իրանում քուբեհները դրվում էին մասնավոր և հանրային հաստատությունների դռների ու դարպասների վրա: Չնայած որ քուբեհները գործնականում կորցրել են իրենց կիրառական նշանակությունը` դրանք այժմ էլ ներկա են երկրի հասարակական կյանքում, պահպանողական ծեսերի և գենդերային նախապաշարմունքներով, կարծրատիպերով լի սովորույթների մասն են:
Այցելուի առջև բացվում են բազմազան մարմիններ, տարբեր տարիքի և կազմվածքի ֆիգուրներ, բայց քուբեհները միայն երկու տեսակի են։ Հեղինակի խոսքով, այցելուն պետք է կարողանա կարդալ խորհրդանիշերի հետևում թաքնված բազմակի իմաստներն ու նրբությունները։
«Այս նախագիծը սեռային բացառման, համակարգային ճնշումների, գենդերային խնդրի մասին է։ «Քուբեհ»-ները, որոնք սեռային տարբերակով են ներկայացված՝ մեկը ֆալոսի, մյուսը՝ հեշտոցի ձևով, խորհրդանշում են հետերոսեռականության և ֆալոցենտրիզմի բեռը, որը ծանրորեն կախված է յուրաքանչյուր մարմնի վրա։ Մարդկանց փախուստի մեջ լինելը ցույց է տալիս և՛ գենդերային տագնապը, և՛ խորհելու տարածություն է բացում ցուցահանդեսի այցելուի համար»,- պատմում է նախագծի համադրող, արվեստի քննադատ Սուսաննա Գյուլամիրյանը։
Րաֆֆի Դավթյանը ծնվել է Սպահանում, 1996-ին տեղափոխվել է Երևան, արվեստագետի կրթությունը ստացել է Հայաստանում, հենց այստեղ էլ կայացել է որպես արվեստագետ, սակայն այժմ ապրում և ստեղծագործում է Իրանում։
«Մարդու դռներ» նախագիծը առաջին անգամ ցուցադրվել է Երևանում՝ 2007-ին, այնուհետև ցուցադրվել է նաև Գյումրու բիեննալեում և Մոսկվայում։ Նախագծի շրջանակներում Սուսաննա Գյուլամիրյանը և Րաֆֆի Դավթյանը միասին այցելել են Իրան, դաշտային աշխատանքներ և հետազոտություններ են իրականացրել։
Հեղինակի և համադրողի խոսքով՝ այսօր ցուցահանդեսի հիմնական ուղերձը մնում է արդիական ամբողջ աշխարհում։ Ցուցահանդեսի օրն էլ պատահական ընտրված չէ՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա՝ մարտի 8-ից մեկ օր առաջ։
«Ես ուրախ եմ, որ առաջին ցուցադրությունից 15 տարի անց բավականին փոփոխություններ ենք տեսնում և՛ Իրանում, և՛ տարածաշրջանում, սակայն վերջին շրջանում կանանց իրավունքների և սեռի խնդրով պայմանավորված մեծ բողոքի ցույցերը հենց այնպես չեն, դրանք ցույց են տալիս, որ սեռի խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Իրականում, մենք գրեթե նույն խնդիրներն ունենք և՛ Հայաստանում, և՛ հետխորհրդային երկրներում, և այս նախագծով փորձում ենք դրանց անդրադառնալ, մտորելու տարածք բացել»,- «Հետքին» պատմեց Րաֆֆի Դավթյանը։
«Մարդու դռների» համա-համադրողն է ՖեմԳրադարանը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 30-ը:
Մեկնաբանել