Առաջին սենսացիայի հեղինակը դանիացիներն են
«Եվրո-2012»-ի ֆավորիտներից մեկը՝ աշխարհի փոխչեմպիոն Հոլանդիան, քիչ առաջ Խարկովի «Մետալիստ» մարզադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Դանիայի ընտրանուն: Սա կարող է ծանր նստել Բերտ վան Մարվեյկի թիմի վրա, քանի որ նրանց գալիք մրցակիցները՝ Գերմանիան ու Պորտուգալիան, ավելի հզոր թիմեր են, քան Դանիան:
Հանդիպումն անցավ հոլանդացիների առավելությամբ: Սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց գտնել սկանդինավցիների դարպասի բանալիները: Ամենավտանգավորը ամբողջ խաղի ընթացքում Ռոբենի հարվածն էր, որից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Իսկ մինչ այդ՝ 24-րդ րոպեին, դանիացիներն արդեն հաշվի մեջ առաջ էին անցել: Հակագրոհներից մեկի ժամանակ վարպետությամբ աչքի ընկավ Կրոն-Դելին, որը Ստեկելենբուրգի ոտքերի արանքով գնդակն ուղարկեց դարպասը:
Երկրորդ կեսում հոլանդացիներն էլ ավելի ուժեղացրին ճնշումը մրցակցի դարպասի ուղղությամբ՝ վերջիններիս սեղմելով սեփական դարպասին: Սակայն չէր ստացվում վերջին հատվածը, որը կամ շեղ էր ստացվում, կամ պաշտպաններն ու դարպասապահն էին կանգնում գնդակի ճանապարհին:
Համատեղ ջանքերի շնորհիվ դանիացիները կարողացան անառիկ պահել սեփական դարպասն ու դարձան առաջին սենսացիայի հեղինակը այս մրցաշարում:
Քիչ անց խմբի մյուս խաղում կհանդիպեն գերմանացիներն ու պորտուգալացիները:
Լուս.՝ uefa.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել