HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մաշկի քաղցկեղի նախանշաններ, ակնեի բուժում, փսորիազ և դերմատիտ. հարցեր մաշկաբանին

Մաշկը կշռում է ամբողջ մարմնի քաշի 20%-ը։ Այն պաշտպանում է մարդուն արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։ Մաշկը պարունակում է մելանին, որը բնական պիգմենտ է և պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Մաշկաբանության ոլորտի մի շարք հարցերի, ինչպես նաև՝ միֆերի ու կարծրատիպերի մասին #Բժշկիմոտ շարքում այս անգամ զրուցել ենք «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի» մաշկաբան Ռշտուն Բաբայանի հետ։      

 

Հոդվածում կարդացեք՝

  • Ինչու՞ է վտանգավոր դեմքի վրայի ակնեն սեղմելն ու ի՞նչ հետևանքների կարող է բերել
  • Ինչու՞ 1988թ. երկրաշարժից հետո շատացան փսորիազի դեպքերը, իսկ կորոնավիրուսի ժամանակ՝ ատոպիկ մաշկաբորբը
  • Ինչու՞ է կարևոր փսորիազի բուժման ժամանակ երբեմն համագործակցել հոգեբանների հետ
  • Հակատարիքային (anti-age) քսուքներ. մարկետինգային հնա՞րք է, թե՞ իսկապես օգնում է երիտասարդանալ։
  • Ե՞րբ դեմքի մեխանիկական մաքրման (չիստկա) կարիք իսկապես կա, և ինչո՞վ է վտանգավոր ոչ մասնագետի մոտ դա անելը։
  • Ինչպե՞ս ամրացնել մաշկը, բարձրացնել էլաստիկությունն ու հարթել մանր կնճիռները
  • Կարո՞ղ է կյանքի ընթացքում մաշկի տեսակը փոխվել
  • Ցերեկային և գիշերային քսուքներ. կա՞ նման բան
  • Կարելի՞ է արդյոք ամեն օր լվանալ գլխամաշկը, և արդյոք դա կապ ունի շուտ ճարպոտելու հետ
  • Շամպուն, ո՞րն ընտրել
  • Գլխամաշկի թեփ (սեբորեա). որո՞նք են դրա առաջացման պատճառներն, ու ինչու՞ է թեփի դեմ շամպունների օգտագործումը վնաս
  • Սնկային հիվանդություններն ու գեղեցկության սրահների ոչ ստերիլիզացված գործիքները
  • Որո՞նք են մաշկի քաղցկեղի նախանշաններն, ու ինչպե՞ս տարբերել մաշկի քաղցկեղը սովորական խալից
  • Ինչպե՞ս արևը կարող է ազդել մաշկի քաղցկեղի առաջացման վրա
  • Կոլագեն. խմե՞լ, թե՞ ոչ
  • Տոնային քսուքներ և դիմափոշիներ. ինչքանո՞վ են վնասում մաշկին և ինչու չի կարելի ամեն օր կիրառել
  • Ի՞նչ միջամտություններ չի կարելի իրականացնել տնային պայմաններում 
  • Ինչպե՞ս ճիշտ ընտրել խնամքի միջոցներ և կոսմետիկա


Մի քանի պարզ հարց մաշկաբանության մասին․

  • Ե՞րբ դիմել 
  • Պրոֆիլակտիկ ստուգումների կարիք կա՞ և ի՞նչ հաճախականությամբ
  • Ոլորտի միֆերն ու կարծրատիպերը
  • Ի՞նչ խնդիրներով են ամենաշատը դիմում
  • Ովքե՞ր են մաշկային հիվանդությունների ռիսկային խմբում

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենատարածված մաշկային հիվանդություններից է նաև ակնեն, որը ճարպագեղձերի դիսֆունկցիան է։ Կարծրատիպ կա, որ այն միայն դեռահաս տարիքում է հանդիպում, սակայն այն տարիքային սահմանափակում չունի և կարող է հանդիպել ցանկացած տարիքում։ Ի՞նչ հակումներ պետք է ունենա մարդ, որ իր մոտ հաճախ դրսևորվի ակնեն։

Ակնեն կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն առավել հաճախ լինում է դեռահասների մոտ։ Դրան նպաստում են մի քանի գործոններ, դրանք են՝ ժառանգական նախատրամադրվածությունը, գենետիկորեն ճարպոտ մաշկը, կարող է ակնե առաջանալ հորմոնալ տատանումների հետևանքով, որոշակի դեր ունեն քաղցրավենիքի և կաթնամթերքի օգտագործումը, կոմեդոգեն (ճարպագեղձերը խցանող) կոսմետիկան և կլիմայական պայմանները։

Երբ մենք խոսում էինք գենետիկի, ինչպես նաև այլ մասնագետների հետ, բոլորը նշում էին, որ այս կամ այն հիվանդության առաջացման կարևոր նախապայման է ժառանգականությունը։ Մաշկաբանության մեջ էլ՞ է այդպես։

Այո, մաշկաբանությունը ևս բացառություն չէ։ Կան բազմաթիվ հիվանդություններ, որոնց հիմքում առաջնային պատճառը հենց գենետիկ նախատրամադրվածությունն է։

Նշվում է, որ ակնեն, երբ այն հայտնվում է դեմքի վրա, հատկապես՝ քթի և բերանի հատվածում (հայտնի է որպես մահվան եռանկյունի, հեղ.), խորհուրդ չի տրվում այն սեղմել, կամ որևէ կերպ միջամտել, քանի որ դա կարող է վատ հետևանքների հանգեցնել։

Ակնեն չի կարելի սեղմել, որովհետև սեղմելուց մենք կարող ենք ուղղակիորեն ինֆեկցիան տարածել մաշկի այլ հատվածներ, և իհարկե սեղմելով միշտ չէ, որ ակնեի պարունակությունը դուրս է գալիս, հակառակը, նպաստավոր պայմաններ է ստեղծում ակնեի բորբոքվելուն և կրկնվելուն։

Իսկ եթե մահվան եռանկյունու հատվածում սեղմենք որևէ ակնե, կարող ենք ինֆեկցիան տարածել մինչև գլխուղեղ։ Բարեբախտաբար, նման դեպքերը ծայրահեղ հազվադեպ են լինում, բայց բացառություն չեն։

Այսինքն, եթե դեմքին ակնե է լինում, անպայման պետք է դիմել կոսմետոլոգի՞ կամ մաշկաբանի՞։

Այո’, պետք է դիմել մաշկաբանի և բուժում ստանալ, որովհետև տնային պայմաններում դիմակներ, քսուկներ օգտագործելը կամ փորձել ինքնուրույն վերացնելը կարող է էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը և բարդացնել ակնեի ընթացքը։ Երբեմն գալիս են պացիենտներ, որոնք որ արդեն բավականին ծանր աստիճանի ակնե են ունենում, որոնց պատճառը կարող է լինել նաև ինքնաբուժումը։

Սնունդը և՞ս ազդեցություն ունի ակնեի առաջացման վրա։

Քաղցրավենիքի և կաթնամթերքի, ինչպես նաև՝ ճարպոտ սննդի օգտագործումը նպաստավոր պայմաններ են ստեղծում ակնեի վիճակի վատանալու կամ առաջանալու համար։

Կախված մաշկի տեսակից՝ չոր, նորմալ և ճարպոտ, ակնեի առաջացման նախատրամադրվածությունը նույնպե՞ս աճում է։

Այո’, ճարպոտ մաշկն ավելի հակված է ակնեի առաջացմանը։

Մյուս տարածված հիվանդությունը ատոպիկ դերմատիտն է. ու՞մ մոտ է հաճախ դրսևորվում, ովքե՞ր են ռիսկի խմբում։

Ատոպիկ մաշկաբորբը քրոնիկ ընթացքով, ժառանգական նախատրամադրվածությամբ, իմուն միջնորդված հիվանդություն է, որը հիմնականում սկսվում է վաղ մանկական հասակում, սակայն կարող է կրկնվել և շարունակվել նաև մեծահասակների մոտ։

Առաջացման պատճառը հստակ հայտնաբերված չէ, սակայն մեծ դեր ունեն, դարձյալ, ժառանգական նախատրամադրվածությունը, իմունային համակարգի դիսֆունկցիան և արտաքին միջավայրի ազդակները։

Բացի գենետիկ գործոնից, ռիսկային այլ գործոններ կա՞ն։

Սնունդը և միջավայրը նույնպես կարող են ազդել, սակայն ավելի մեծ ռիսկ կա, երբ անձն ունի ալերգիկ ռինիտ, բրոնխիալ ասթմա և այլ ալերգիաներ, որոնք կարող են երբեմն համակցված ընթանալ ատոպիկ մաշկաբորբի հետ։

Կարծիք կա, որ ատոպիկ դերմատիտը վերջնական բուժում չունի, սա ճի՞շտ է։

Ցավոք, այո’, սակայն մանկահասակ երեխաների մոտ, 60% դեպքերում, կարող է հետզհետե հետ զարգանալ հիվանդությունը, սակայն մնացածի մոտ պահպանվում և կրկնվում է՝ ալիքաձև ընթացք ունենալով. մեկի մոտ կարող է թեթև ընթանալ, մյուսի մոտ՝ շատ ավելի ծանր՝ ընդգրկելով ամբողջ մարմինն ու դեմքը։

Եղանակը կարո՞ղ է նպաստել։

Այո’, չոր և ցուրտ եղանակին, բնականաբար, ատոպիկ մաշկաբորբը կարող է էլ ավելի սրվել։

Ուսումնասիրություն կար, որ հատկապես կորոնավիրուսի ժամանակ, երբ խորհուրդ էին տալիս ձեռքերն անընդհատ օճառով լվանալ և անտիսեպտիկներ օգտագործել, կտրուկ ավելացել էր մաշկաբորբի թիվը, քանի որ դրանց անկանոն օգտագործումը բերել էր մաշկի չորացման և վնասման։

Ճիշտ եք, կորոնավիրուսի ժամանակ քանի որ շատ տարածված էր քիմիական նյութերի, մասնավորապես, ալկոգելերի և սպիրտի օգտագործումը, այդ ժամանակ բավականին շատ պացիենտներ էինք ունենում ձեռքերի և այլ հատվածների մաշկի չորությամբ, քորով և այդ ամենն, իհարկե, այդ նյութերի հետ շփումից էր։

Քանի որ մարդիկ ստիպված օգտագործում էին այդ խնամքի միջոցները, որովհետև մեզ անընդհատ քարոզվում էր օգտագործել սպիրտ, ալկոգել, լվացվել, ախտահանվել, բնականաբար, այլ տարբերակ չունեինք, ստիպված բախվում ենք արդեն հետևանքներին։

Չոր մաշկի դեպքում, ինչպե՞ս ճիշտ քսուք ընտրել, ինչո՞վ առաջնորդվել։

Այստեղ շատ կարևոր է հասկանալ մաշկի չորության պատճառը, որովհետև առաջին հայացքից երևացող մաշկի չորությունը կարող է վկայել ինչ-որ մաշկային հիվանդության կամ ներքին խանգարման մասին։ եթե սովորական չորություն է, որը նախկինում չի եղել և առաջացել է ցրտահարումից կամ արևի ազդեցությունից, կարող ենք սահմանափակվել խոնավացնողների օգտագործմամբ, սակայն միշտ չէ, որ խնդիրը տեղային է։ Այդ դեպքում պետք է մանրակրկիտ հետազոտվել, դիմել մաշկաբանին, երբեմն նաև՝ հարակից այլ մասնագետների՝ պատճառը հասկանալու համար։

Քանի որ հարակից մասնագետներից խոսեցիք, սովորաբար, որ մաշկային խնդիրներն են, բացի գենետիկ հակումներից, որ ավելի շատ այլ հիվանդությունների դրսևորում են։ Այսինքն, եթե մենք ունենք մաշկային խնդիր, ամենայն հավանականությամբ, օրգանիզմում այլ խնդիր ունե՞նք։

Շատ ներքին խնդիրներ կան, որոնք կարող են արտահայտվել մաշկի վրա, բայց իրենցից ամենևին էլ մաշկային խնդիր չեն ներկայացնում։ Օրինակ՝ հորմոնալ շեղումներ կարող են լինել կամ համակարգային հիվանդություններ, որոնք կարող են ուղղակի մաշկի վրա երևալ, սակայն ընդհանրապես կապ չունեն մաշկի հետ։ Այդ ժամանակ, բնականաբար, մենք ուղղորդում ենք այլ մասնագետների մոտ։

Օրինակ, ի՞նչ դրսևորումներ։

Օրինակ՝ մաշկի պիգմենտային խանգարումները կարող են կապված լինել լյարդի կամ վահանաձև գեղձի խնդիրների հետ, կարող են լինել որոշակի օջախային փոփոխություններ, օրինակ՝ մաշկի սպիացումներ, որոնք կարող են կապված լինել այլ հիվանդությունների հետ։ Նույն մաշկի չորությունը կարող է կապվել վահանաձև գեղձի թերֆունկցիայի՝ հիպոթիրեոզի հետ կամ շաքարային դիաբետի։ Դրա համար շատ կարևոր է, որ ախտորոշումը ճիշտ կատարվի։

Փսորիազը նույնպես ամենատարածված մաշկային խնդիրների ցանկում է։

Փսորիազը նույնպես դասվում է հաճախ հանդիպող մաշկային խնդիրների շարքում, այն գենետիկ նախատրամադրվածությամբ, իմուն-միջնորդված մաշկային հիվանդություն է։

Այն նույնպե՞ս չունի վերջնական բուժում…

Ցավոք, ո'չ, փսորիազը նույնպես դասվում է վերջնական բուժում չունեցող, բայց լավ վերահսկելի մաշկային հիվանդությունների շարքին։

Փսորիազ ունեցող մարդիկ նշում են, որ այն հատկապես ակտիվանում է սթրեսային իրավիճակներում։ Որքանո՞վ է սթրեսը կապված այդ մաշկային հիվանդությունների ակտիվացման հետ։

Սթրեսը մեծ ազդեցություն ունի մաշկային հիվանդությունների վրա, առավել ևս երբ խոսում ենք փսորիազի մասին, որի համար մեկ թշնամին, իհարկե, սթրեսն է։ Այն կարող է վատթարացնել հիվանդության վիճակը, կարող է կրկնվել, էլ ավելի բուռն ընթացք ունենալ, ուստի շատ կարևոր է սթրեսից խուսափել։ Գիտեմ, մի քիչ դժվար է, բայց հնարավորինս պետք է փորձել։

Ռիսկային ի՞նչ գործոններ պետք է լինեն, բացի գենետիկ հակումներից, որ փսորիազը դրսևորվի։

Մարդիկ կան, որոնք իրենց գենոտիպում ունեն փսորիազ, սակայն այն կարող է քնած վիճակում լինել և արթնանալ արտաքին միջավայրի և ներքին խնդիրների դեպքում։ Առաջնային, ինչպես նշեցինք, սթրեսն է։ Օրինակ՝ 1988թ․ Սպիտակի երկրաշարժից հետո բազմաթիվ մարդիկ, լիովին առողջ, օդից սկսեցին փսորիազով տառապել, բայց դա հենց այնպես չէր. նրանք ունեցել են այդ հիվանդության գենետիկ նախատրամադրվածություն, սակայն այն քնած վիճակում է եղել և ինչ-ինչ պատճառներով, այս դեպքում՝ սթրեսից, հիվանդությունն արթնացել է։

Այս առումով, երևի, գործ ունեք պսիխոսոմատիկայի հետ։ Փսորիազի բուժման ժամանակ աշխատու՞մ եք նյարդաբանների և հոգեբանների հետ։

Համագործակցում ենք, երբեմն կարիք լինում է, ուղղորդում ենք հոգեբանների մոտ։

Հաճախ են հանդիպում նաև սնկային հիվանդությունները։

Այո’, հարթ մաշկի, եղունգների, գլխամաշկի սնկախտները բավականին հաճախ հանդիպող հիվանդություններ են և խիստ վարակիչ։

Գեղեցկության սրահներում, օրինակ, մատնահարդարման ժամանակ, երբ չեն պահպանվում ախտահանման կանոնները, շատ մեծ է սնկային հիվանդություններով և հեպատիտ C-ով վարակվելու ռիսկը։

Ցավոք, հեպատիտները և սնկախտները բավականին ռիսկային հիվանդություններ են, և դրանցով կարելի է վարակվել ցանկացած տեղ, որտեղ կա շփում ոչ ստերիլիզացված գործիքների հետ։

Սնկախտներ մարդը կարող է ձեռք բերել նաև լողավազաններում, սաունաներում, ինչպես նաև կենդանիներից՝ կատուներից, շներից, խոշոր եղջերավոր անասուններից և այլն։

Այսինքն՝ այստեղ չունենք գենետիկ նախատրամադրվածության խնդիր, արտաքին միջավայրից ենք վարակվում։

Այո’, այստեղ, իհարկե, կան անձինք, ում իմունիտետն ավելի բարձր է և ավելի քիչ են հակված վարակվելուն։ Վարակի աղբյուրը վարակված անձն է կամ կենդանին։

Տարբեր մասնագետներ մեզ հետ զրույցների ընթացքում նշում էին, որ հակաբիոտիկների անկանոն օգտագործման, ինչպես նաև՝ դրանց զուգահեռ հաճախ հակասնկային դեղերի ոչ ճիշտ նշանակման և կիրառման պատճառով, դրանք նույնպես չեն ազդի հետագայում, երբ իսկապես հակասնկային դեղերի կարիք լինի։ Նկատե՞լ եք նման խնդիր։

Ցավոք սրտի, քանի որ հակաբիոտիկների և հակասնկայինների օգտագործումն ազատ է, մենք՝ բժիշկներս, բախվում ենք հակաբիոտիկառեզիստենտականության հետ, ինչ կատաստրոֆիկ երևույթ։ Հիմա չէ, կարող է՝ որոշ ժամանակ անց ուղղակի հասնենք նրան, որ հակաբիոտիկները չօգնեն այդ հիվանդին, և այդ ժամանակ շատ ծանր երևույթ է զարգանալու, և հիվանդությունը չի բուժվելու այդ անձի մոտ։ Շատ կարևոր է՝ հակաբիոտիկները նշանակել միմիայն բժշկի ցուցումով և ըստ անհրաժեշտության։

Բայց դեռևս կան բժիշկներ, որոնք հակաբիոտիկ նշանակելիս էլ 3-րդ և 5-րդ օրը պարտադիր նշանակում են հակասնկային դեղեր, ինչը, սակայն սխալ է, և նույնպես կարող է բերել սնկային դեղերի կայունության ու նրան, որ այն այլևս չի օգնի, իսկ սնկային դեղերը ստեղծելը նույնպես շատ երկար տարիներ է պահանջում։

Շատ ճիշտ է, բացի նրանից, որ կարող է կայունություն զարգանալ հակասնկային դեղի նկատմամբ, նաև դրանք ունեն բավականին ծանր ազդեցություն մեր լյարդի վրա։ Պրոֆիլակտիկ խմել խորհուրդ չեմ տալիս և անձամբ չեմ նշանակում հակասնկային, այլ նշանակում եմ միայն այն ժամանակ, երբ ունենք, օրինակ, կանդիդոզի ախտանշաններ, բերանում փառ, վերքերի առաջացում և այլն։

Երբ եղունգները կոշտանում կամ դեղնում են, դրանք սնկային հիվանդության ախտանիշնե՞ր են։

Դրանք կարող են լինել ախտանիշներից մեկը, սակայն միշտ չէ, երբ եղունգները հաստացած են, կոպիտ ու դեղին, ուրեմն անպայման սունկ է. կարող են լինել շատ այլ խնդիրներ, եղունգի կամ մաշկի հիվանդություններ, որոնց ժամանակ ևս կարող են եղունգները ձևափոխվել։

Ոտքերի դեպքում, նշում են, որ կոշիկի ճիշտ ընտրությունից, գուլպաների որակից է կախված սնկի առաջացումը։ Սա ինչքանո՞վ է ճիշտ։

Կոշիկի ոչ ճիշտ ընտրությունը կարող է նպաստել, որ եղունգները վնասվեն, սակայն եթե կոշիկը վարակված չլինի սնկով, հենց այնպես՝ օդից, հիվանդը չի կարող սնկով վարակվել, բնականաբար, սնկի հարուցիչ պետք է լինի կոշիկում կամ գուլպայում։

Ոտքի կոշտուկները

Կոշտուկները մաշկային վերին շերտի գերաճներ են, շատ հաճախ հանդիպում են այն հատվածներում, որտեղ կա մաշկի սերտ շփում, օրինակ, կոշիկների հետ, կամ եթե գուլպաները շատ ձիգ են լինում։

Հաճախ հանդիպում են նաև ձեռքերի հատվածներում, մասնավորապես՝ ափերի, երբ անձը զբաղվում է հողագործությամբ կամ բանվորությամբ։

Գլխամաշկի թեփը սնկայի՞ն հիվանդություն է։

Թեփը կամ սեբորեային մաշկաբորբը նույնպես մաշկի քրոնիկ, բորբոքային հիվանդություն է, որը ուղեկցվում է մաշկի կարմրությամբ, թեփոտմամբ, և ծանր դեպքերում՝ դեղնավուն կեղևների առաջացմամբ։

Ինքնըստինքյան, սեբորեային մաշկաբորբը սնկային հիվանդություն չէ և վարակովի չէ, սակայն հիվանդության ժամանակ մաշկի վրա նկատվում է մալասեզիա սնկերի գերաճ, որի հանդեպ նկատվում է արդեն օրգանիզմի պատասխան ռեակցիա, և առաջանում է սեբորեային մաշկաբորբ։

Սեբորեային մաշկաբորբը գենետի՞կ է, թե՞ ձեռքբերովի։

Սեբորեային մաշկաբորբի հստակ առաջացման պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն կան դրան նախատրամադրող գործոններ։ Առաջինը, գենետիկ նախատրամադրվածությունն է, երկրորդը, ինչպես նշեցի, մալասեզիա սնկերի գերակտիվությունն է, երրորդը՝ սթրեսը, չորրորդը՝ որոշակի խնամքի միջոցները, որոնք ևս նպաստավոր պայմաններ են ստեղծում և իհարկե, կլիմայական պայմանները կարող են վատթարացնել հիվանդության վիճակը, գլխավորապես՝ ցուրտ և չոր եղանակը։

Թեփի՝ սեբորեայի դեպքում, հաճախ գովազդում են դրա դեմ շամպուններ, որոնց կիրառումը, սակայն, կախվածություն է առաջացնում, քանի որ չօգտագործելու դեպքում թեփը կրկին հայտնվում է։ Շամպունը էֆեկտի՞վ է սեբորեայի դեմ, թե՞ ուղղակի պետք է բուժվել։

Նախ, որպես մաշկաբան, կտրականապես խորհուրդ չեմ տա զբաղվել ինքնաբուժությամբ, տրվել ինչ-որ գովազդների։ Այդ պատճառով, եթե ունեք նման խնդիր, առաջինը պետք է դիմել մաշկաբանի, ով կնշանակի գրագետ և ճիշտ բուժում։

Դեմքի կոսմետոլոգիական պրոցեդուրաները հաճախ արվում են ոչ մասնագետների կողմից, շատ տարածված է դեմքի չիստկան՝ մեխանիկական մաքրումը։ Ինչքանո՞վ է դա օգուտ, կամ վնաս, կարծիքները հակասական են, քանի որ շատ հաճախ արվում է ոչ մասնագետների կողմից, ինչը, ինչպես արդեն խոսեցինք, կարող է վտանգավոր լինել և էլ ավելի վատացնել իրավիճակը։

Հենց կոնկրետ դեմքի մեխանիկական մաքրման պրոցեսին ես վատ չեմ վերաբերվում, որովհետև այն համարվում է կոսմետոլոգիայի մի մաս։ Ինքս՝ որպես մաշկաբան, բնականաբար, չեմ կատարում, սակայն որոշ դեպքերում երբ տեղային բուժումով չի լինում հասնել լավ արդյունքի, ճարպագեղձերը խցանված են, այդ ժամանակ երբեմն կարիք է լինում հիվանդին ուղղորդել կոսմետոլոգի մոտ, ով կկատարի դեմքի մաքրում։

Այսինքն, դա անողը, ամեն դեպքում, պետք է լինի մասնագետ՝ բժիշկ-կոսմետոլոգ

Այո՛, եթե կատարվի ոչ որակավորված մասնագետների կողմից, կարող է հանգեցնել մի շարք բարդությունների։

Դեմքի խնամքի միջոցները բազմաթիվ են. ինչո՞վ առաջնորդվել։

Մաշկի խնամքի միջոցներ ընտրելիս շատ կարևոր է հաշվի առնել ձեր մաշկի տեսակը։ Կա ճարպոտ, չոր, կոմբինացված և նորմալ մաշկ, և յուրաքանյչուր մաշկի տեսակ պահանջում է իր խնամքը։ Իսկ իդեալական տարբերակը, իհարկե, ձեր մաշկաբանի հետ քննարկելն է, հասկանալ՝ ձեզ մոտ մաշկի ինչ տեսակ է և արդեն նրա ցուցումով ընտրել մաշկի համապատասխան խնամքի միջոցները՝ լինի դա գել, փրփուր, լվացման միջոց, միցելյար ջուր կամ օճառ, միմիայն պետք է մաշկաբանի հետ քննարկելուց հետո դրանք կիրառել, որ ավելորդ խնդիրներից խուսափեք։ Խորհուրդ չեմ տալիս ինքնուրույն ամեն ինչը անել, որովհետև հնարավոր է ավելի վնասել կամ ուղղակի արդյունքի չհասնել այդ միջոցներով, խնդիրը չվերանա։

Հակատարիքային (anti-age) քսուքներ. մարկետինգային հնա՞րք է, թե՞ իսկապես օգնում է երիտասարդանալ։

Օրգանիզմի ծերացման գործընթացն անդարձելի է, և մենք չենք կարող ազդել այդ գործընթացի վրա, սակայն կարող ենք մի փոքր դանդաղեցնել այդ գործընթացը և հնարավորինս բարելավել մաշկի վիճակը։ Խոսքը, օրինակ, մանր կնճիռների, պիգմենտային բծերի, մաշկի չորության, անհարթությունների մասին է։ Քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարում, մենք ունենք բազմաթիվ միջամտությունների հնարավորություն, խնամքի միջոցներ, որոնք օգնում են զգալիորեն դանդաղեցնել մաշկի ծերացումն ու բարելավել մաշկի վիճակը, սակայն, բնականաբար, հնարավոր չէ 50 տարեկանում ունենալ 20 տարեկանի առողջ մաշկ։

Այսինքն, ամեն դեպքում, դրանցից օգուտ կա՞։

Այո’, օգուտ կա, օրինակ, պարբերաբար կիրառելով խոնավացնողներ, ռետինոլ պարունակող քսուքներ, հիալուրիոնաթթու, վիտամին C, մենք կարող ենք զգալիորեն լավ ազդեցություն թողնել մաշկի վրա, ամրացնել այն, բարձրացնել էլաստիկությունը, հարթել մանր կնճիռները, սակայն նույնպես՝ այդ ամենն անել միայն բժշկի ցուցումով։

Ցերեկային և գիշերային քսուքներ. կա՞ նման բան։

Վատ կարծիք չունեմ, ու դա մարկետինգային քայլ չէ, այլ իրոք դրանք կարող են, ըստ օրվա ժամանակահատվածի կիրառվել և լավ ազդեցություն ունենալ մաշկի վրա։ Ցերեկային քսուքները, սովորաբար, խոնավեցնող գործառույթ ունեն, գիշերայինը՝ սնուցող և վերականգնող։

Կոլագենը՝ կենսաբանական ակտիվ հավելումը, ներկայում ակտիվ գովազդում են սոցիալական ցացներում։ Ինչքանո՞վ են դրանք օգուտ, և ի՞նչ հետևանքների կարող է բերել դրա անկանոն օգտագործումը՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու։

Կոլագենը մտնում է մաշկի կազմի մեջ, սակայն շատ կարևոր է հաշվի առնել, թե տվյալ անձը, ով կիրառում է կոլագեն, ունի ալերգիա կոլագենի հանդեպ, թե ոչ, քանի որ այն բավականին ագրեսիվ պրեպարատ է և կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, դրա համար շատ զգուշորեն պետք է կիրառել։ Վատ չեմ վերաբերվում, բայց ֆանտաստիկ արդյունքի չեք հասնի, քանի որ մաշկի ծերացման մեջ շատ ու շատ այլ գործոններ կան։

Մաշկի տիպերը, սովորաբար, պայմանավորված են գեներով, նաև ազդում է արտաքին միջավայրն ու սննդամթերքը։ Մաշկը իր տեսակը ժամանակի ընթացքում կարո՞ղ է փոխել՝ նորմալ մաշկը դառնա ճարպոտ, ճարպոտը՝ նորմալ կամ չոր։

Բավականին հազվադեպ նման բան կարող է տեղի ունենալ, սակայն եթե օրինակ անձը շատ է չարաշահում որոշակի սննդակարգ և նաև կան նպաստավոր կլիմայական պայմաններ, իհարկե, նորմալ մաշկը կարող է ավելի ճարպոտ դառնալ։

Գլխամաշկի յուղոտության հետ կապված՝ կարծիքներ կան, որ յուղոտությունը նվազեցնելու համար չի կարելի ամեն օր լվանալ գլխամաշկը։ Սա ճի՞շտ մոտեցում է։

Այս հարցի հետ կապված կարծիքները հակասական են։ Իրականում, գլխամաշկը պետք է լվանալ այնքան հաճախ, ինչքան դրա կարիքը կա։ Մի անձի մոտ դա կարող է լինել շաբաթական 1-2 անգամ, մյուսի մոտ՝ ամեն օր։ Ես ունեմ շատ պացիենտներ, ովքեր լվանում են գլուխն ամեն օր, որովհետև այլ կերպ ուղղակի չեն կարող, նրանց գլխամաշկը հաճախ է յուղոտվում։

Այսինքն, դա նորմայի տարատեսակ է։

Այո։ Սակայն այն անձինք, ում մոտ չկա նման խնդիր՝ յուղոտ գլխամաշկ, հաճախակի մաշկի լվացումը կարող է ստիպել էլ ավելի շատ արտադրվել ճարպին։ Պետք է առաջնորդվել մաշկի տեսակով։

Շապմունների տեսակը, դերը, գործառույթն ինքչանո՞վ է կարևոր, թե 2-3 րոպե կիրառելու ընթացքում, այնուամենայնիվ, դրանցից շատ մեծ արդյունք անկնկալել պետք չէ։

Այստեղ շատ կարևոր է չտրվել մարկետինգային հնարքներին, չդառնալ գովազդի զոհ, այլ հասկանալ, թե ձեզ մոտ ինչ խնդիր է, և ինչ եք սպասում տվյալ խնամքի միջոցից և շամպունից։ Շատ կարևոր է, եթե ինչ-որ միջոց ընտրում եք, քննարկել բուժող բժշկի հետ։

Խորհուրդ է տրվում շամպուն ընտրելուց առանց սուլֆատ շամպուններ ընտրել, որ չվնասեք գլխամաշկը, բայց, բնականաբար, մի քանի րոպեում ֆանտաստիկ էֆեկտ ոչ մի շամպուն չի կարող տալ։

Մաշկաբաններից մեկը նշում էր, որ արևապաշտպան քսուք պետք է կիրառել ոչ միայն ամռանը, այլ ամբողջ տարվա ընթացքում, սակայն մեզ մոտ չկա նման մշակույթ, և այդ քսուքներն ասոցացվում են միայն ամռան հետ։ Արևի ազդեցությունը մեծացնու՞մ է մաշկի քաղցկեղի՝ մելանոմայի զարգացման ռիսկը։

Այո’, մաշկի քաղցկեղի առաջացման հիմքում ամենառաջնային գործոնն արևի ազդեցությունն է։

Քանի որ մելանոման քաղցկեղի բավականին ագրեսիվ և արագ տարածվող տեսակ է, որո՞նք են դրա նախանշաններն ու ինչի՞ն ուշադրություն դարձնել։ Ինչպե՞ս տարբերել մաշկի քաղցկեղը սովորական խալից։

Մենք պետք է ուղղորդվենք ABCDE սկզբունքով։
A-ն (asymmetry) խալի ասիմետրիան է, դա բնորոշ է մելանոմային,
B-ն  (borders), խալի եզրերն են, մելանոմայի դեպքում դրանք անհարթ են։
С-ն  (color) գույնն է, սովորաբար, այն տեղ-տեղ տարբերվում է, անհամասեռ գույն է լինում։
D-ն ( diameter) տրամագիծն է, որը, սովորաբար, 6 մմ-ից ավել է լինում մելանոմայի ժամանակ։
E-ն (evolution), երբ ժամանակի ընթացքում փոփոխվում է խալը։

Ի՞նչ միջամտություն խորհուրդ չեք տա իրականացնել մաշկի հետ տնային պայմաններում։

Խորհուրդ չեմ տա ինքնուրույն օգտագործել որոշ խնամքի միջոցներ, օրինակ, սալիցիլաթթուն, որովհետև դրանցից կարող է մաշկի չորություն առաջանալ։ Դրանով նաև շատ այլ միջոցներ կան, պետք է խուսափել սալիցիլաթթվից և կիրառել միմիայն բժշկի ցուցումով։

Նաև կան մարդիկ, որ դեմքի վրա քսում են մեղր, ինչպես նաև այլ բնական միջոցներ, սակայն դրանք ևս պետք է զգուշությամբ կիրառել, քանի որ կարող է ալերգիկ ռեակցիա առաջանալ, դրանք, իհարկե, կարող են ունենալ բարենապաստ ազդեցություն մաշկի վրա, սակայն այն դեպքում, երբ անձը այդ կոմպոնենտների հանդեպ ալերգիա չունի։

Տոնային քսուքներ և դիմափոշիներ. դրանք ինչքանո՞վ են վնասում մաշկը։

Տոնային քսուքները և դիմափոշիները կարող են վատ ազդեցություն ունենալ, քանի որ, եթե կոմեդոգեն (ճարպագեղձերը խթանող) են, կարող են ակնեի առաջացման պատճառ դառնալ՝ խցանելով ճարպագեղձերը։ Դրա համար կոսմետիկա ընտրելիս ևս պետք է ուշադրություն դարձնել, որ այն լինի բարձր որակի և ոչ կոմեդոգեն։

Կարելի՞ է արդյոք դրանք ամեն օր օգտագործել։

Ամեն օր խորհուրդ չեմ տա դա կիրառել, քանի որ, եթե մանավանդ կա ակնե, կարող է էլ ավելի վատանալ հիվանդության վիճակը։ Ես խորհուրդ եմ տալիս դրանք օգտագործել՝ ըստ պահանջի կիրառել, և կիրառելուց էլ ճիշտ կոսմետիկա ընտրել։

Եվ վերջում

Մաղթում եմ բոլորին առողջություն և գեղեցկություն, իսկ ցանկացած մասնագիտական հարցի դեպքում սիրով պատրաստ եմ օգնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter