HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը չի լսում գիտնականների բողոքը․ գիտական կենտրոնի տարածքում կառուցապատողը վերսկսել է շինարարությունը

Փետրվարի 23-ին Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության շենքի առաջ։ Նրանք գործադիրից պահանջում էին դադարեցնել մասնավոր ընկերության կողմից գիտական կենտրոնի տարածքում սկսված շինարարությունը եւ լսել գիտնականների բողոքի ձայնը։

Նախկինում «Հետքն» անդրադարձել է այս թեմային։ Երեւանի քաղաքապետարանը նախորդ տարվա հոկտեմբերին «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել է «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը, որը կառավարության որոշմամբ կորցրել է պատմամշակութային արժեքը, ՓԲԸ-ի կողմից կառուցվող բազմահարկ համալիրի մոտից տեղափոխել քիմիական կենտրոնի տարածք։ Ընդ որում՝ գիտնականներն իրենց համաձայնությունը չեն տվել եւ հիմա քաղաքապետարանի որոշումը վիճարկում են դատարանում։

Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր Սահակ Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ բողոքի ցույցի նպատակն էր իրենց ձայնը գործադիրին լսելի դարձնելը։

Օտարված ջրավազանը, երկրորդ պլանում՝ գիտական կենտրոնի մասնաշենքերից մեկը (2019 թ.)

«Մենք մտածում ենք Հայաստանում գիտությունը զարգացնելու, այլ ոչ թե քանդելու մասին։ Տարբեր մարմինների նամակներով, դիմումներով դիմել ենք, հայտնել, որ չի կարելի ջրավազանի հատվածում կառուցել բազմահարկ շենք, որտեղ 3-4 հարկանի շենքեր ունենք։ Ուզում են հենց այդ շենքերի մեջտեղում՝ 10-15 մետր հեռավորության վրա բազմահարկ շենք կառուցել։ Էլ չասած այն, որ սեյսմիկ վտանգի բարձր գոտում այսպիսի շենք խցկել այս տարածքում իմաստ չունի»,- նշում է տնօրենը։

Նրա խոսքով՝ իրենք ցանկանում են, որ կառավարությունը ժամանակին օտարված տարածքը հետ գնի, վերադարձնի, սակայն կառավարության պատկան մարմինները տեսնել չեն ուզում ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ «Հետքը» գրել էր այս թեմայի մասին տարիներ առաջ: Այսպես՝ 2007-ին գիտական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանն ու դրան կից պատմական ջրանցքի մի մասը Երեւանի քաղաքային ու Քանաքեռ-Զեյթունի թաղային իշխանություններն օտարել էին մասնավոր անձի։ Մասնավորեցված հողակտորը տարիներ անց հայտնվել է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի ձեռքում։ 2016-ին քրեական գործ էր հարուցվել 2007-ին ջրավազանի հողակտորն ու ջրանցքի մի մասը օտարելու դեպքի վերաբերյալ, քանի որ այն ենթակա չէր վաճառքի: Այդուհանդերձ, գործի վարույթը կարճվել էր վաղեմության ժամկետի անցած լինելու պատճառով:

Ձախից՝ նախատեսվող բազմահարկ շենքի էսքիզը, աջից՝ օտարված հողակտորն ու ջրավազանը (կարմիրով)

Բայց նույնիսկ դրանից հետո Երեւանի քաղաքապետարանը փոխանակ քայլեր ձեռնարկեր ժամանակին իր իսկ թույլ տված խախտումը վերացնելու եւ արդարությունը վերականգնելու համար, նախընտրել է աչք փակել իրավապահների արձանագրած ապօրինությունների վրա, շարունակել համայնքային նախկին իշխանությունների վարքագիծն ու այժմ էլ կառուցապատող «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել է ջրանցքը տեղափոխել կառուցապատման վայրից մի փոքր հեռու՝ գիտական հիմնարկի տարածք՝ առանց վերջինիս կարծիքը հարցնելու (տես ստորեւ)։

Կառուցապատողի կողմից ջրանցքի մի հատվածի տեղափոխման (շինարարության) թույլտվությունը քաղաքապետարանը «փաթեթավորել է» հետեւյալ անունով՝ «ջրամատակարարման համակարգի արդիականացում»: Սա գիտնականները համարում են պարզ հնարք, որին դիմել է Երեւանի քաղաքապետարանը՝ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կողմից կառուցվող բազմահարկ շենքի շինարարության խոչընդոտները վերացնելու համար։ Բանն այն է, որ եթե ջրանցքը շարունակեր մնալ այն տարածքում, որտեղ եղել է, շենքը չէր կարող կառուցվել, քանի որ դրա շինարարությունը կհակասեր գործող նորմերին:  

Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը նախորդ տարվա նոյեմբերին դատի էր տվել քաղաքապետարանին՝ դատարանից պահանջելով վերացնել ջրանցքի տեղափոխման (շինարարության) թույլտվությունը:

Հայցվոր կողմը նաեւ դատարանին միջնորդել էր կիրառել հայցի ապահովման միջոց՝ մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը կասեցնել ջրանցքի տեղափոխման աշխատանքները:

Մասնավորապես՝ հայցվորը նշել էր, որ շինթույլտվությունը չկասեցնելու դեպքում իրեն զգալի վնաս կպատճառվի, քանի որ շինաշխատանքներն ակտիվորեն իրականացվում են անմիջապես քիմիական լաբորատորիաների հարեւանությամբ, ծանր տեխնիկայի օգտագործմամբ իրականացվում են քանդման աշխատանքներ, որոնց արդյունքում առաջացող տատանումներից վնասվում են «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի քիմիական լաբորատորիայում գտնվող գերզգայուն, նորագույն եւ թանկարժեք սարքավորումները, որոնց միջոցով իրականացվում են քիմիական սինթեզներ (այդ թվում՝ վտանգավոր նյութերով), գիտահետազոտական փորձեր, արտադրվում են դեղեր, որոնցից հրատապ դեպքերում մեծ քանակությամբ տրամադրվում է նաև ՊՆ-ին, կնքված պայմանագրերի հիման վրա դրանք տրամադրվում են նաեւ տեղական եւ օտարերկրյա կազմակերպություններին:

Բացի դրանից՝ ըստ հայցվոր կողմի, ՊՈԱԿ-ի տարածքում են պահպանվում ՀՀ սնդիկի ողջ պաշարները, որոնք շինարարական աշխատանքների հետագա շարունակման դեպքում կարող են աղետալի հետեւանքներ առաջացնել՝ վտանգելով կենտրոնում աշխատող շուրջ 250 աշխատողների եւ ուսումնառող 300 ուսանողների կյանքն ու առողջությունը:

Դատարանը նոյեմբերին բավարարել էր միջնորդությունը եւ արգելել շինաշխատանքների կատարումը: Քաղաքապետարանն ու կառուցապատողը վերաքննիչ ատյանում առանձին-առանձին բողոքարկել էին առաջին ատյանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը, սակայն երկու դեպքում էլ վերաքննիչը բողոքները հետ էր վերադարձրել, քանի որ դրանցում առկա են եղել սխալներ: Սխալները վերացնելուց հետո քաղաքապետարանն ու կառուցապատողը նորից դիմել են վերաքննիչ, սակայն քիչ ավելի ուշ քաղաքապետարանը, ապա՝ կառուցապատողը հրաժարվել են իրենց բողոքներից:

Բանն այն է, որ առաջին ատյանի դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը վերաքննիչում բողոքարկելուն զուգահեռ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն առաջին ատյանի դատարանին 2022 թ. դեկտեմբերին միջնորդել էր վերացնել նոյեմբերյան որոշումը, այսինքն՝ հայցի ապահովում չկիրառել: Այս տարվա հունվարին դատարանը բավարարել է այս նոր միջնորդությունը եւ հայցի ապահովում կիրառելու (ջրանցքի շինաշխատանքները դադարեցնելու) մասին իր նախորդ որոշումը վերացրել:

Այլ կերպ ասած՝ առաջին ատյանի դատարանը նոյեմբերյան իր որոշմանը միանգամայն հակադիր նոր որոշում է կայացրել ու պատճառաբանել է այսպես. «Դատարանը եզրակացնում է, որ հայցվոր ընկերությունը («Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ), ըստ էության, վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ահրաժեշտությունը հիմնավորում է այնպիսի փաստարկներով, որոնք վերաբերում են շինարարական աշխատանքների իրականացման մեթոդին եւ եղանակներին, պայմանավորված են այդ աշխատանքների իրականացման արդյունքում առաջ եկած իրավիճակով: Չբացառելով վնասների հավանական առաջացումը՝ դատարանը գտնում է, որ այդ վնասները, դրանց հատուցման հետ կապված հարցերը կրում են մասնավոր իրավահարաբերությունների բնույթ, ենթակա չեն քննարկման հանրային արդարադատության կարգով, ուստի չեն կարող դառնալ վարչական դատավարության քննության եւ գնահատման առարկա: Միեւնույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ որեւէ փաստարկ, որով պայմանավորված կլիներ հայցվոր կողմին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հանգամանքը, հայցվոր ընկերության կողմից չի վկայակոչվել: Ուստի վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտ հիմքերի բացակայությամբ պայմանավորված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ դատական որոշումը դատարանի նախաձեռնությամբ ենթակա է վերացման»:

Այս որոշումից օրեր անց կառուցապատողը վերսկսել է շինաշխատանքները քիմիական կենտրոնի տարածքում։

«Ամեն ինչ արվում է, որ սեփականատիրոջ շահերը պաշտպանվեն։ Մերը պետական, գիտական կենտրոն է, սակայն ոչ ոք չի խոսում այս մասին։ Ինչ անում ենք, որ պետությանը համոզենք, որ չի կարելի թույլատրել շինարարություն այդտեղ, պատճառաբանում են՝ վաղը կամ մյուս օրը մեկ է գնալու եք Աշտարակի ակադեմիական քաղաք։ Էդ գաղափարները 30-50 տարվա պլաններ են, որ չեն էլ սկսել»,- ասում է գիտական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը։

Գիտնականների բողոքը պաշտոնյաները չեն ուզում լսել։ Կառավարության շենքի առաջ, ըստ «Հետքի» զրուցակցի, ոչ ոք չի հանդիպել իրենց։ Միայն ոստիկաններն են փոխանցել, որ կառավարությունում չեն ընդունելու իրենց։

Բողոքի ցույցից հետո տնօրեն Գասպարյանը վերադարձել է կենտրոն ու նամակ պատրաստել վարչապետին։ Վստահ չէ, որ այն կհասնի հասցեատիրոջը, քանի որ այս ընթացքում գործադիրին ուղղված նամակները, տարբեր ցածր օղակների հասնելով, վերադարձել են կենտրոն։

Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում, ըստ դոկտոր Գասպարյանի, շինաշխատանքները շարունակվում են։ «Հիմա էլ դղրդոց կա։ Ցանկացած օր եթե գաք, ներկա լինեք, կտեսնեք, որ աշխատանքները շարունակվում են։ Եվ դա ոչ մեկին չի հետաքրքրում՝ ո՛չ քաղաքապետին, ո՛չ փոխքաղաքապետին։ Իսկ ինչ խանգարում է սեփականատիրոջը, աջակցում են, այնպես են անում, որ շարունակեն»,- ասում է մեր զրուցակիցը։

Հարցին, թե իր կարծիքով՝ արդյոք մինչեւ դատական նիստերի ավարտը կառուցապատողը կավարտի ջրանցքի տեղափոխումը՝ այդպիսով, փաստորեն, իմաստազրկելով դատարանի կողմից կայացվելիք ցանկացած ակտ այդ նույն տեղափոխման մասին, «Հետքի» զրուցակիցը դրական պատասխան է տալիս՝ նշելով, որ դատարանի կողմից արհեստական ձգձգումները դրան են տանում։

Կառուցապատողին օտարված ջրավազանից մինչեւ գիտական կենտրոնի մասնաշենքերն ընկած հեռավորությունը հազիվ 40 մ է (շինհրապարակի ու շենքերի հեռավորությունն ավելի փոքր է, քանի որ կառուցապատողին օտարվել է ավելի մեծ տարածք, քան բուն ջրավազանն է):

Սահակ Գասպարյանն ասում է, որ այդտեղ նախատեսված բարձրահարկ շենքն ունենալու է նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչը ենթադրում է մի քանի մետր խորությամբ փորման աշխատանքներ: Սրա հետեւանքով գիտական շենքերը, որոնք 1960-ականներին են կառուցված, կարող են վնասվել։

«Շենքերը բացարձակ վտանգի տակ են։ Այդ հարցերով չի զբաղվում ոչ ոք, նույնիսկ ԿԳՄՍ նախարարությունը։ Գնանք ո՞ւմ բողոքենք,- ասում է տնօրեն Գասպարյանը,- ասում են՝ Հայաստանը գիտելիքահեն է, էնքան բաներ են բարձրաձայնում, բայց գործը չի համապատասխանում իրենց կոչերին։ Հիմնականում այս բողոքն է։ Մենք չենք գնացել կռիվ անելու, գնացել ենք ասենք՝ քանի ուշ չէ, հետ կանգնեք կամ սեփականատիրոջն այլ տարածք առաջարկեք, այնքան ամայի տարածքներ կան։ Հետ գնեք, վերադարձրեք այդ տարածքը։ Ջրավազանը շատ կարեւոր նշանակություն ունի թե՛ տեսքի, թե՛ պիտանելիության առումով»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter