HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղ, որում կար ամեն ինչ

Քիչ առաջ ավարտված Լեհաստան-Հունաստան հանդիպումը դրամատիկ ընթացք ունեցավ: Հանդիսատեսը տեսավ ամեն ինչ՝ գոլեր, կարմիր քարտեր, 11-մետրանոց: 

Ինչպես եւ սպասվում էր, խաղի սկզբում բավականին ակտիվ էին դաշտի տերերը՝ լեհերը: Երիտասարդ ու արագաշարժ այս թիմի եզրային ճեղքումները հույն պաշտպաններին ձանձրանալու առիթ չէին տալիս: Եվ հենց 17-րդ րոպեին աջ եզրից կատարված փոխանցումից հետո հույն պաշտպանների հսկողությունից դուրս մնացած Ռոբերտ Լեւանդովսկին բացեց հաշիվը՝ դառնալով «Եվրո-2012»-ի առաջին գոլի հեղինակ: 

Լեհերի առավելությունը պահպանվեց մինչեւ առաջին կեսի ավարտը: Նրանց ակտիվ գործողությունների արդյունքում էր, որ հույները մնացին 10 հոգով: Երկրորդ դեղին քարտը ստանալով՝ դաշտից հեռացվեց Պապաստաթոպուլոսը: Սակայն երկրորդ կեսում, որքան էլ զարմանալի էր, հույները գործում էին ոչ պակաս վատ, քան լեհերը: Փոխարինման մտած Սալպինգիդիսը 51-րդ րոպեին օգտվեց լեհերի անհամաձայնեցված գործողություններից ու հաշիվը դարձրեց 1-1:

Հույների խաղը այս գոլից հետո կարծես թե կարգավորվեց, չնայած նրանք շարունակում էին խաղալ 10 հոգով: Իսկ այն դրվագում, երբ Վոյցեխ Շչեսնին վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ ու նաեւ իր թիմին «պատժեց» 11-մետրանոցով, թվաց, թե հույները հաղթելու են այս խաղում, ինչպես եղել էր 2004-ին, երբ բացման խաղում Հելլադայի ֆուտբոլիստները 2-1 հաշվով պարտության էին մատնել դաշտի տեր պորտուգալացիներին: Սակայն Կարագունիսի հարվածը հետ մղեց փոխարինման մտած դարպասապահ Տիտոնը: Վերջին երկու խաղում (հաշվի առնելով Հայաստանի հետ ընկերական հանդիպումը) հույներն չեն կարողանում իրացնել արդեն 3-րդ 11-մետրանոցը:

Երկրորդ կեսն անցավ համեմատաբար հավասար պայքարում, եւ պետք է նշել, որ 1-1 հաշիվը արտացոլում է ուժերի հարաբերակցությունը: Խաղը դիտարժան էր, հարուստ բազմաթիվ իրադարձություններով: Ֆուտբոլային տոնը մեկնարկել է գեղեցիկ խաղով:

Լուս.՝ AFP/Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter