
Եթե Սերժ Սարգսյանը լիներ քինախնդիր...
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը ԱԺ-ի կողմից ընդունվելուց հետո, այն կլինի Հայաստանի անկախությունից հետո ընդունված թվով 9-րդ համաներումը: Հայաստանում վերջին անգամ համաներում կիրառվել էր 2009թ-ին:
Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը համաներումը կարեւորեց նախ` «դատական սխալի» գործոնով, որովհետեւ, ըստ Դալլաքյանի` Հայաստանում ակնհայտորեն կան դատարաններ, որոնք ընդունում են անօրինական որոշումներ: Այս համաներումը որոշակիորեն կհարթի այդ «սխալները»:
Ըստ պատգամավորի` 2009 եւ 2011 թվականների համաներումները տարբերվում են միմյանցից նրանով, որ ունեն քաղաքական ենթատեքստ եւ տարածվել ու տարածվելու են 2008 թվականի մարտի 1-ի ողբերգության հետեւանքով մեկուսարաններում գտնվող անձանց վրա: «Պատկերավոր ասած` 2009 եւ 2011թվականների համաներումներով Սերժ Սարգսյանը կատարում է քաղաքական սրբագրումներ եւ կատարում է քայլ` 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական լարվածությունը մեղմելու ուղղությամբ»,- ասում է պատգամավորը:
Վիկտոր Դալլաքայանը կարծում է, որ քաղաքական գործընթացները Հայաստանում տեղափոխվում են քաղաքական հարթություն, ինչը նախկինում արվել է քրեական հարթության վրա: «Եթե Հայաստանի երրորդ նախագահը իր նախորդի նման լիներ, օրինակ, քինախնդիր, այս համաներումը չէինք ունենա»,- համոզված է Դալլաքյանը:
Համաներման ակտի ընդունման գործում, պատգամավորը խորհուրդ տվեց չմանրանալ, թե ում ճնշմամբ կամ առաջարկով է այն ընդունվել: Ըստ նրա` իշխանությունը դրսեւորել է ճկունություն, միջազգային հանրությունը ցուցաբերել է հետեւողականություն, իսկ ինստիտուցիոնալ ընդդիմությունը` պայքարել է իր իրավունքները պաշտպանելու համար, ինչը քաղաքական տեսանկյունից Դալլաքյանի համար դրական երեւույթ է:
Մեկնաբանել