Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կրկին ստվերում է մնացել
Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Գյումրու «Շիրակը», 2022 թ. սկսել է բավականին լավ, սակայն հետո ամբողջ տարվա ընթացքում այստեղ շատ քիչ են եղել թե՛ թռիչքները, թե՛ ժամանած ու մեկնած ուղեւորները: Արդյունքում 2022 թ. տարեկան կտրվածքով «Շիրակի» ուղեւորահոսքը կազմել է ընդամենը 48.492 մարդ, ինչը շատ ավելի քիչ է, քան եղել է 2017-2019 եւ 2021 թթ.:
Տվյալները ձեռք ենք բերել ՀՀ քաղավիացիայի կոմիտեից, սակայն սկզբնաղբյուրը «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն է:
Այս օդանավակայանի «թույլ կողմն» ավանդաբար դրանից օգտվող ավիաընկերությունների քիչ քանակն է: Այսինքն՝ որքան քիչ են ավիափոխադրողները, այնքան քիչ են չվերթերն ու դրանցով տեղափոխվող ուղեւորները: Այս պահին, մասնավորապես, «Շիրակ» է ժամանում միայն ռուսական «Պոբեդան», որն իրականացնում է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթը:
Ստորեւ ներկայացված գրաֆիկում կարելի է տեսնել, որ «Շիրակը» 2022 թ. սկսել է հաջող: Մասնավորապես՝ նախորդ տարվա հունվարի ցուցանիշը (12.995 ուղեւոր) լավագույնն է եղել մյուս տարիների նույն ամսվա համեմատ: Սակայն փետրվար-մարտին սրընթաց անկում է եղել եւ հետագայում ուղեւորահոսքի ամսական ցուցանիշը չի հասել նույնիսկ 4000-ի:
Բեռնափոխադրման ոլորտում (բեռ+փոստ) «Շիրակի» ցուցանիշները շարունակում են զրոյական մնալ: Վերջին անգամ այս օդանավակայանով 0,6 տոննա բեռ է տեղափոխվել 2018-ին:
Ինչ վերաբերում է թռիչք-վայրէջքներին, ապա սրանք, ուղիղ համեմատական լինելով ուղեւորահոսքին, լավագույնս ցույց են տալիս «Շիրակի» տվյալների անկումը հունվարյան դրական արդյունքից հետո: Մարտ, ապրիլ ու նոյեմբեր ամիսներին թռիչք+վայրէջք ցուցանիշը չի հասել նույնիսկ 20-ի:
Նախորդ տարվա ապրիլին անդրադառնալով 2022 թ. առաջին եռամսյակի (հունվար-մարտ) տվյալներին՝ գրել էինք, որ, ի տարբերություն «Զվարթնոցի» (վերջինս տարվա կտրվածքով ռեկորդային ցուցանիշների հասավ), «Շիրակի» պարագայում զգացվել է արեւմտյան պատժամիջոցների տակ հայտնված ռուսական փոխադրողների կողմից միջազգային թռիչքների կրճատումը։ Նկատել էինք, որ այդ բացասական ազդեցությունը հավանաբար դեռ երկար կզգացվի, քանի որ «Շիրակը» շատ մեծ կախում ունի ռուսական ավիաընկերություններից։
Փաստորեն, կարելի է ասել, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետեւանքով Հայաստան տեղափոխված օտարերկրացիների հոսքը գլխավորապես ուղղվել է դեպի «Զվարթնոց», իսկ «Շիրակը» մնացել է ստվերում:
Տես նաեւ՝
- «Շիրակով» մեկնածները եկածներից ավելի շատ են եղել այնքան, որքան Սիսիանի բնակչությունն է
- 2020-ին «Շիրակ» օդանավակայանի ուղեւորների թիվը կրճատվել է 4 անգամ
- Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հետընթաց է գրանցել նախորդ տարի
- «Շիրակ» օդանավակայանի ցուցանիշներն աճում են, բայց հեռու են բավարար լինելուց
- «Շիրակ» օդանավակայանը վերակենդանացել է. հուշում են թվերը
- «Շիրակում» արձանագրվել են վերջին տարիների վատագույն ցուցանիշները (ինֆոգրաֆիկա)
Լուսանկարում՝ «Շիրակ» օդանավակայանը («Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից)
Մեկնաբանել