
Գառնիի նախկին համայնքապետն ու որդին «անցնում» են ապօրինի ծագում ունեցող գույքի գործով
Գառնի համայնքի նախկին ղեկավար Աշոտ Վարդանյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: Նախկին համայնքապետի որդու անունով հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Աշոտ Վարդանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Աշոտ Վարդանյանն ու որդին դեկտեմբերի 28-ին հրավիրվել են դատախազություն՝ նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար:
«Հետք»-ը պարբերաբար անդրադարձել է Աշոտ Վարդանյանի գործունեությանը՝ վեր հանել չարաշահումները:
Գառնիի նախկին համայնքապետը հայտնի է իր «քրեական անցյալով»: Մասնավոարապես, Աշոտ Վարդանյանի և վերջինիս կնոջ՝ Արզուքան Ստեփանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված: Մի քանի քրեական գործերով էլ արդեն կայացվել են դատավճիռներ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործի մեղադրական եզրակացության համաձայն՝ Աշոտ Վարդանյանը, 2006թ. մարտի 31-ից մինչև 2016 թ. նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահել է իր լիազորությունները: Շահադիտական, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ մեղադրական եզրակացության՝ կինն օժանդակել է ամուսնուն:
Ինչպես պարզվում է, նշվածը Աշոտ Վարդանյանին առաջադրված միակ քրեական գործը չի եղել: Կառավարության որոշումների ուժով Ռ. Բաբայանին բնակարան նվիրաբերելու փոխարեն նվիրատվության պայմանագրով Գառնի համայնքում գտնվող բնակարանը Աշոտ Վարդանյանը վաճառել է Ա. Հովհաննիսյանին: 2019թ-ին քրեական հետապնդումը դադարեցվել և գործով վարույթը կարճվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2009թ․-ին մեկ այլ քրեական գործ է քննվել: Այս անգամ Աշոտ Վարդանյանը մեղադրվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական անփութության մեջ: Նա մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 500 հազար դրամի չափով: Սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառվել և ազատվել պատժի կրումից:
Ուշագրավ է, որ 2009թ. Վարդանյանը մեկ այլ գործով ևս մեղադրվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ 2007թ. մայիս ամսին Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակչին թույլատրել է ապօրինի կարգով գյուղի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողատարածքում պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող «Սուրբ Սարգիս» մատուռի հարևանությամբ կատարել շինարարություն՝ «Սուրբ Սարգիս» անվամբ եկեղեցի կառուցելու համար: Կառուցվել է 4մ բարձրությամբ անավարտ շինություն, որով էական վնաս է պատառվել պետությանը և Գառնիի համայնքի շահերին:
Վարդանյանը մեղավոր է ճանաչվել և նշանակվել է 250 հազար դրամ տուգանք, սակայն այս անգամ ևս համաներում է կիրառվել և ազատվել պատժի կրումից:
Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. վճռով Աշոտ Վարդանյանը սնանկ է ճանաչվել: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի և Աշոտ Վարդանյանի միջև 2011թ. նոյեմբերին կնքվել է գյուղատնտեսական վարկի պայմանագիր: Վարդանյանին տրամադրվել է 25.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ տարեկան 17 տոկոս տոկոսադրույքով: Սակայն Աշոտ Վարդանյանը վարկն ամբողջությամբ չի մարել, բանկն էլ դիմել էր դատարան՝ սնանկ ճանաչելու պահանջով:
Նշենք, որ այս փուլում Գլխավոր դատախազությունը տեղեկություններ չի տրամադրում բռնագանձման ենթակա գույքի ցանկի վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձանց ներկայացրած ապացույցների, դիրքորոշումների հիման վրա ցանկում կարող է փոփոխություն լինել:
Լուսանկարը՝ tert.am-ի
Մեկնաբանել