
Նախարարների կոմիտեն անդրադարձել է Չիգարովի և Սարգսյանի գործերով վճիռների կատարմանը
Հրապարակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ Նախարարների կոմիտեի վերջին նիստի որոշումները։ Դրանց թվում է եղել նաև «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանի պարտավորությունների կատարման հարցը:
Գործը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ (1992-1994 թթ.) Ադրբեջանի վեց քաղաքացիների սեփականության իրավունքներին, որոնք լքել են իրենց գույքն ու հեռացել:
Նշենք, որ այդ գործի հետ զուգահեռ քննվել է նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը: Դարձյալ հարցը վերաբերում էր սեփականութայն իրավունքին: Սարգսյանը պնդում էր, որ ստիպված է եղել փախչել Շահումյանի շրջանում գտնվող իր տնից և չի կարողանում տնօրինել իր սեփականությունը:
ՄԻԵԴ-ը դեռևս 2015թ. բավարարել էր Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլխան Չիրագովի և այլոց հայցն ընդդեմ Հայաստանի դիմումները: Եվրոպական դատարանն առաջարկել էր երկու երկրների կառավարություններին մեխանիզմ ստեղծել, որպեսզի պատերազմի հետևանքով սեփականությունից զրկված անձիք կարողանան վերականգնել իրենց իրավունքները և փոխհատուցում ստանալ:
2017թ-ին ՄԻԵԴ-ը կրկին անդրադարձել էր հարցին: Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը որոշել էր Հայաստանի կառավարությանը պարտավորեցնել 5000-ական եվրո վճարել դիմողներից յուրաքանչյուրին, ինչպես նաև վճարել դատական ծախսերը:
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշվել էր Ադրբեջանին պարտավորեցնել դարձյալ 5000 եվրո վճարել նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցման և 30 000 եվրո ծախսերի համար:
Նախարարների կոմիտեում հարցի քննարկման ժամանակ արձանագրվել է, որ 2019թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի իշխանությունները կոմիտեին հաղորդագրություն են ուղարկել, որտեղ նշել են, որ գործը վերաբերում է շարունակվող կոնֆլիկտային իրավիճակին: Կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք չեն բերել, հետևաբար այս պայմաններում բարդ և փոխկապակցված հարցերը խոչընդոտում էին Չիրագովի վճռի կատարմանը։
Ադրբեջանի իշխանությունները առարկել են Հայաստանից ստացված գրության բովանդակությանը և Կոմիտեին առաջարկել են՝ առանց որևէ ուշացման արդարացի փոխհատուցման հարցով միջոցներ ձեռնարկել։
2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսվեցին: Այն ավարտվեց Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը: Այս ընթացքում Կոմիտեն հետաձգել է գործի քննությունը։
Դրանից հետո քննարկումները շարունակվել են՝ վճռի կատարման համար անհրաժեշտ միջոցների վրա: Անդրադարձ է կատարվել նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանը:
Ինչպես ասվում է Նախարարների կոմիտեի հաղորդագրության մեջ, իշխանությունների խնդրանքով 2022թ. հուլիսին Քարտուղարությունը պատրաստել է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որով սահմանվում են Եվրոպայի խորհրդի բանկային հաշվի միջոցով արդարացի փոխհատուցման վճարման պայմաններն ու պայմանները։ Այն նախատեսում է միաժամանակյա վճարում դիմողներին, ինչպես նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի միջև փոխըմբռնման առանձին հուշագրի հիման վրա:
Մեկնաբանել