HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Մեր մեծ ընտանիքից մնացինք երեքս»․ զոհվածի մայր

Սեպտեմբերի 13-ին տելեգրամյան ալիքներում տարածվող տեսանյութը, որտեղ ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական դիրքը գրավելուց հետո բարձրացնում են իրենց դրոշը, նկարահանվել է Կապանի Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող 101-րդ դիրքում։ Տեսանյութում երևացող 7 հայ զոհված դիրքապահ զինծառայողներից երկուսի դեմքը տեսանելի է, Հենրիկ Սաֆարյանը նրանցից մեկն է։

Ընտանիքում տեսանյութն առաջինը տեսել է հայրը, ճանաչել որդուն ու, առանց տեսածը որևէ մեկին հայտնելու, միանգամից ուղևորվել Կապան՝ գտնելու Հենրիկի մարմինը։

Հենրիկ Սաֆարյանը 19 տարեկան էր, ապրում էր Էջմիածին քաղաքում։ Ծառայությունը սկսել էր 2021թ․-ի ամռանը Արմավիրի ուսումնական զորամասում, որից հետո տեղափոխվել էր Կապան, կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ։

2022թ․ սեպտեմբերի 12-ին Հենրիկին, 22 նորակոչիկների և էլի մի քանի հոգու հրաման են տալիս բարձրանալ Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող 101-րդ մարտական դիրքը՝ ինժեներական աշխատանքներ կատարելու։

«Իրենք շատ լավ էլ տեղյակ էին, թե ինչ է սպասվում, դրա համար էլ էրեխեքին դիրքեր էին հանել, ի՞նչ ինժեներական աշխատանքներ, ընդ որում դա իրենց դիրքն էլ չի եղել։ Երբ արդեն հասել են, Հենդս հասկացել է՝ ինչ է կատարվում, ու մնացած նորակոչիկներին ասել, որ իջնեն դիրքից, ինքը հետո կմիանա նրանց, բայց մի քանի հոգով մնացել են դիրքում»,- պատմում է հայրը՝ Արա Սաֆարյանը։

Նույն գիշեր էլ Ադրբեջանը սկսեց հարձակումը։ Ողջ գիշեր մարտ վարելուց հետո Հենրիկն առավոտյան զանգել էր հորը, ասել, որ ամեն բան կարգին է, անհանգստանալ պետք չէ։ Դրանից հետո զանգել էր ընկերոջը, ասել, որ շրջափակման մեջ է, ու գուցե դա իր վերջին զանգն է։

«Էդ իմ վերջին զրույցն էր Հենդիս հետ, հետո արդեն տելեգրամում էդ վիդեոն տեսա, վստահ էի, որ ինքն ա, ու գնացի Կապան։ Հասել եմ զորամաս, շտաբի պետին ասում եմ՝ տղայիս դիակի հետևից եմ եկել, տվեք, գնամ, ինձ ասում է՝ սխալվել ես, վիդեոյի միջինը ինքը չի, մեր պոստում մենք էդքան զինամթերք չունենք»,- պատմում է հայրը։

Արա Սաֆարյանը 3 օր մնացել է Կապանում, փորձել գտնել ու դուրս բերել տղայի մարմինը։ Ընթացքում ադրբեջանցիների հետ միջադեպ է տեղի ունեցել․ հրաժարվել են այդ կողմից փոխանցել աճյունները։ Սկզբում ասել են՝ տեղափոխել են Բաքու, հետո՝ Վարդենիսի կողմից կփոխանցեն:

«Երրորդ օրը տնից զանգ ստացա, ասեցին՝ եթե Վարդենիսի կողմից են փոխանցելու, ավելի լավ է տուն արի, էստեղից կգնաս։ Չէի հասկանում, թե ինչի են կանչում, ճանապարհի կեսն հասա, նոր իմացա, որ հայրս է մահացել»,- պատմում է Արա Սաֆարյանը։

Մինչև պապի մահանալը, ընտանիքում բացի հորից ոչ ոք չի իմացել Հենրիկի զոհվելու մասին։ Դեպքից երեք օր անց պապը՝ ավագ Հենրիկ Սաֆարյանը, աշխատանքից վերադառնալիս է եղել, տրանսպորտում ծանոթներից մեկը հարցրել է՝ ճի՞շտ են լուրերը, որ թոռը զոհվել է։ Դրանից հետո իջել է, լավ չի զգացել, եկել շենքի կողքի այգում նստել է, ընկերներն են մոտեցել, ասել, որ եթե նման բան տեղի ունեցած լիներ, ապա իրենք առաջինը կիմանային։

«Տուն եկավ՝ դեմքը լրիվ այլայլված, շրթունքները՝ կապտած, իմ դեմքին չէր նայում։ Տալիս կանչեց սենյակ, ասեց՝ ճի՞շտ ա, որ երեխեն զոհվել ա, դե մենք էդ ժամանակ ոչինչ չգիտեինք, ինձ թվում էր, որ Հենդս անտառներում թաքնված ա, այնինչ երեխես վաղուց արդեն չկար։ Էդ գիշեր պապը քնեց ու էլ չզարթնեց։ Մեր մեծ ընտանիքից մնացինք երեքս»,- պատմում է Հենրիկի մայրը՝ Ռիմա Ավետիսյանը։

Պապին հուղարկավորելուց հետո՝ սեպտեմբերի 18-ին, տեղեկացնում են, որ Շուշիից 32 աճյուն է փոխանցվել, Հենրիկի մարմինը նրանց մեջ էր։

«32-ից ընդամենը երկու հոգու աճյունն էր ճանաչելի, որից մեկը Հենդինս էր։ Դեմքին ոչ մի վնասվածք չկար, նույն Հենդս էր՝ նուրբ, սիրուն դիմագծերով»,- ասում է հայրը։

Հենրիկ Սաֆարյանը զոհվել է բեկորային վնասվածքից, ողնաշարն է վնասվել։ Այդ մարտական դիրքում գտնվող 7 կամ ավելի (ստույգ թիվը հայտնի չէ) զինծառայողներից ոչ ոք ողջ չի մնացել, նրանցից երկուսը Հենրիկի մտերիմ ընկերներն էին՝ Հայկն ու Գոռը։

Հայկ Հակոբյանի հետ Հենրիկը մանկուց ֆուտբոլ է պարապել, միասին նույն թիմում են խաղացել։ Պատահել է այնպես, որ Արմավիրի ուսումնական զորամասում միասին են ծառայել, ապա՝ տեղափոխվել Կապան։ Սեպտեմբերի 13-ից նույն դիրքում կռվել են ու միասին էլ զոհվել։ Սեպտեմբերի 18-ին Հենրիկի և Հայկի աճյունը փոխանցվել է հայկական կողմին։ Երկու օրվա տարբերությամբ ընկերները հուղարկավորվել են։

«Անասելի անկազմակերպ ու փնթի վիճակ էր։ Էն, ինչ պետք ա սպայական կազմն աներ, ամեն ծնող իր վրա էր վերցնում։ Զանգել եմ իր հրամանատարին, ասում եմ՝ տղայիս մարմինը գտել ենք, էսօր հուղարկավորւմ ենք, ինձ ասում ա՝ ես ինչ անեմ, դիրքերում եմ։ Երկու ամսից ավելի անցել ա, ոչ մեկը ինձ չի զանգել, որ մի հատ ցավակցի, ասի՝ շնորհակալ ենք, որ ձեր տղան մինչև վերջ մնացել ու կռվել ա։ Իսկ իմ տղան կռվող տղա էր, ինքն էլ շատ հանգիստ կարող էր թողնել դիրքը, նահանջել, բայց դա իր համար չէր, իր տեսակը չէր»,-ասում է Արա Սաֆարյանը։

Հոր խոսքով՝ այն ամենը, ինչ իրենք գիտեն, լսել են ծառայակիցներից, համադրել այլ աղբյուրներից ստացված ինֆորմացիայի հետ, պաշտոնապես որևէ բան իրենց չի ասվել։

«Եթե էդ ժամանակ իրենց հետ որևէ գիտակից սպա լիներ, ապա կասեր, որ պետք է դիրքը փոխել ու այլ տեղից մարտ վարել։ Իրենք ամբողջ գիշեր ու առավոտյան նույն տեղից միայն ավտոմատով կռվել են, հակառակորդն էլ ֆիքսել ու հրետակոծել է»,-պատմում է Արա Սաֆարյանը։

Հենրիկը նախքան ծառայության մեկնելը ընդունվել էր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, հանձնել վերջին քննությունը ու հաջորդ օրը զորակոչվել։ Մայրն ասում է, որ հաճախ էր խրախուսվում ու արձակուրդ գալիս։ Վերջին անգամ զոհվելուց մոտ մեկ շաբաթ առաջ է եկել՝ պապին տեսնելու․ հիվանդ էր, բոլորին հրաժեշտ է տվել ու գնացել։

«Դեպքից հազիվ մի ամիս էր անցել, երբ մեր քաղաքում մեծ շուքով խճուղավազքի մրցույթ անցկացրին, ոչ մեկի մտքով չանցավ, որ ընդամենը նախորդ ամիս էս փոքր հանրապետությունում 200-ից ավելի երիտասարդ է զոհվել, որից երկուսը նույն քաղաքից՝ նոր հուղարկավորված։ Այո, կյանքը շարունակվում է, բայց էդ բոլոր զոհված տղաները գոնե պատշաճ հիշատակման արժանի են,- ասում է Ռիմա Ավետիսյանը,- ես ոչ ոքի նկատմամբ չեմ չարացել, ընդհակառակը՝ ուզում եմ, որ մեր տղաների թափած արյունով մյուսները ապրեն»։

Հենրիկը ընտանիքի միակ տղա զավակն էր, իրենից մեծ մի քույր ունի՝ Անահիտը։ Քույր ու եղբայր շատ կապված են եղել, հիմա ընտանիքի միակ հույսը Անահիտն է, բոլոր նպատակները նրա հետ են կապված։

«Ես զգում եմ՝ Հենդս իմ մեջ ա, իր մոր մեջ, իր քրոջ մեջ, եթե ինքը մեզ իրենից ինչ-որ բան փոխանցած չլիներ, մենք էսօր հողին հավասարված պիտի լինեինք, բայց մենք ապրում ենք ու էլի իր՝ Հենրիկիս շնորհիվ»,- ասում է հայրը։

Հենրիկի իրերից ընտանիքին փոխանցել են միայն հեռախոսը, որի վրա դեռևս իր արյունն է, ու փայտե խաչից մի քանի հուլունք։ Հենրիկ Սաֆարյանը հուղարկավորվել է 2022թ․-ի սեպտեմբերի 20-ին, պապի կողքին։

Մեկնաբանություններ (1)

Անուշ
Նույն պատմությունը նույն տեղանքից։ Նույն անտարբերությունն ու անպատասխանատեւ վերաբերմունքը պատկան մարմինների կողմից։ Ծնողներին խեղդող նույն անպատասխան հարցերը, որ ինքնուրույն հետաքննությամբ ենք փորձում պարզել։ ՊՆ֊ն հետևանքների մասին մտածու՞մ է։ Միայն որոշ պնդումներում պետք է ավելի զգույշ լինել. ինչ փաստերով եք հիմնավորում, որ միայն երկուսն են ճանաչելի եղել😥 զգույշ եղեք մյուսների ծնողների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter