HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համազգեստը հպարտությամբ էր հագնում, մեկը հըլը գլխարկին ձեռք տար»,- ասում է լեյտենանտ Մանուկ Միքայելյանի քույրը

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լեյտենանտ Մանուկ Միքայելյանը տեսազանգով խոսել էր մոր ու քույրերի հետ։ Առհասարակ նման սովորություն չուներ, զանգում էր, բայց ոչ տեսակապով։ Տնեցիներն ուրախացել էին։ Մանուկը նրանց հանգստացրել էր, ասել, որ ամեն ինչ լավ է, հաղթելու են եւ լավ ջարդ են տվել թշնամուն։ Զանգից ժամեր անց Ջերմուկի սահմանի երկայնքով հրթիռակոծություն է սկսվել։ 22-ամյա լեյտենանտ Միքայելյանը հրետանու մարտկոցի ժամանակավոր հրամանատարն էր։ Նա իր 3 ժամկետային զինվորների հետ դիրքում էր։ Զոհվելուց առաջ Մանուկը հասցրել է վերջին անգամ քաշել իր հրանոթի ճոպանն ու արձակել իր վերջին արկը։ Հրամանատարն ու նրա զինվորները զոհվել են թշնամու հրթիռակոծությունից։

Նոյեմբերին աշնան գույները խամրել են Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում։ Չորացած խոտերը, ցից-ցից կանգնած փշերը մի տեսակ տխրություն են տարածել։ Գյուղի փողոցները քանդված են։ Միայն գլխավոր փողոցում են մայթեզրերն սկսել  նորոգել։ Գարնանն սկսելու են ասֆալտապետել փողոցը, որով այլեւս Մանուկ Միքայելյանը չի քայլելու։ Իսկ նա ցանկանում էր մի օր այնքան լավ աշխատել, որ գյուղի բոլոր փողոցները կարողանա ասֆալտապատել։ Գեղաձորում Մանուկի մասին խոսելիս ասում են՝ այնքան զուսպ ու համեստ տղա էր։

Մանուկենց տանն ենք։ Հյուրասենյակի կենտրոնում դրված վառարանից փայտի ճարճատյունի ձայնն է լսվում։ Վառարանի տաքությունը, սակայն, չի զգացվում։ Լռությունը ծանր է։ Լացն ու հոգոցներն աննկատելի շշուկով են։ Հին բազմոցը պատուհանի տակ է դրված։ Մանուկի մայրը՝ տիկին Գեղեցիկը, բազմոցի ծայրին նստել է՝ գլուխը ձեռքերի մեջ պահած։ Եվ սա՝ մեր ամբողջ զրույցի ժամանակ։

Երկու աղջիկները՝ Նարինեն ու Արմինեն, անընդմեջ սրբում են աչքերը։ Լռում ենք ու ավելի շատ լսում վառարանի ձայնը, որի ծուխը դրսում տարրալուծվում է գյուղի կեսօրվա հանդարտության մեջ։

2000 թ․ մարտի 12-ին՝ Մանուկի ծննդյան օրը, հարեւան Ծաղկահովիտի ծննդատնից Գեղաձոր տանող ճանապարհը ձնառատ էր, ծնողները դժվարությամբ տուն հասան։ Քույրերը՝ Նարինեն, Արմինեն եւ Ռիման, սպասում էին նորածին եղբորը։ Մեծ քրոջ եւ Մանուկի տարիքային տարբերությունը 14 տարի է։ «Մեզ համար մենակ մեր ախպերը չէր, մեր էրեխեն էր, փոքրուց պահել ենք»,- ասում է Արմինեն՝ միջնեկ քույրը։ Նրա եւ Մանուկի տարիքային տարբերությունը 12 տարի է։

Մանուկի անունն էլ պատահական չէին ընտրել։ Մինչեւ որդու ծնունդը հարեւաններից մեկը տիկին Գեղեցիկին ասել էր, որ տղա է ունենալու, բայց պիտի սրբի՝ Թուխմանուկի անունը դնի։ Երբ Նարինեն այս դրվագը պատմում էր, տիկին Գեղեցիկը մի պահ հայացքը բարձրացրեց, նայեց մեր կողմ ու դարձյալ իջեցրեց։

Հյուրասենյակից բացվող սենյակը Մանուկինն է։ Արմինեի հետ ներս ենք մտնում։ Անկյունում իրար կողքի դրված կոշիկները, կարծես, սպասում են Մանուկին, որ, թվում է, ներս է մտնելու, զինվորական համազգեստն արագ փոխի, հագնի կոշիկներն ու գյուղի փողոցներով քայլի։

Մանուկի սենյակում՝ մահճակալի մոտ, նրա զինվորական համազգեստն է, մահճակալին դրված են նրա իրերը։ Զինվորական ուսապարկից Արմինեն հանում է հողոտ մի տոպրակ, որի մեջ հեռախոս ու ժամացույց են։ Քրոջ արցունքները վարար անձրեւի պես թափվում են, շշուկով ասում է՝ Մանուկից մնացած իրերն են։

2017 թ․ Մանուկն ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Մայրը դեմ էր, որ որդին զինվորական դառնա, բայց Մանուկն անդրդվելի էր։ Մի անգամ դպրոցում ռազմագիտության ուսուցիչը պատմել էր ռազմական համալսարանի մասին, եւ այդտեղից սկսվել էր Մանուկի հետաքրքրությունը։ Դասարանից միակն էր, որ ընդունվել էր ռազմական բուհ։

«Համազգեստը հպարտությամբ էր հագնում, մեկը հըլը գլխարկին ձեռք տար։ Երբ ինստիտուտից գալիս էր, գլխարկը հանում էր ու բարձր տեղ էր դնում, որ հանկարծ ոչ մեկը ձեռք չտար»,- հիշում է Արմինեն։

2021 թ․ Մանուկենց կուրսը մի ամիս շուտ ավարտեց ինստիտուտը։ Պատճառը սպաների պակասն էր բանակում։ Սկզբից ծառայության էր անցել Գորիսում, ապա տեղափոխվել Սիսիան։

Մայրը Գեղաձորի տանը մենակ էր մնացել, աղջիկներն արդեն ամուսնացել էին։ Իսկ ամուսինը մահացել էր, երբ Մանուկը դեռ 9 տարեկան էր։ Մանուկը որոշել էր, որ այս նոյեմբերին Սիսանում տուն էր վարձելու ու մորը տեղափոխելու էր իր մոտ։

Տիկին Գեղեցիկը երրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Մանուկի զոհվելուց հետո հրաժարվել է դեղերը խմել, նույնիսկ հացից է հրաժարվում։ Աղջիկները հաճախ են տեսակցում մորը՝ ամեն ինչ անում են, որ մենակ չզգա։ Սակայն ցավից ծանր լռությունն այս տանը, կարծես, շոշափելի է դառնում եւ կապանքների պես խեղդում մտնողին։

Այս օգոստոսին Մանուկը մեկ օրով տուն էր գնացել։ Քույրերն ասում են՝ երբեք չէր խոսում ռազմական գործերից, միշտ ասում էր՝ ռազմական գաղտնիք է։ Այդ օրը միայն հպանցիկ իմացել էին, որ հրետանավոր եղբայրը հետախուզության էր գնացել։ Մանուկի զոհվելուց հետո ընտանիքին պաշտպանության նախարարությունից ոչ ոք չի այցելել։ Արմինեն ասում է՝ չեն էլ սպասում։

Միակ սպասումը եղբոր գալն է։ Արմինեն հազիվ լսելի ձայնով ասում է՝ նրան ամբողջ կյանքն են սպասելու։ «Ինքն էնքան էր սիրում իր գործը։ Որ ասում էինք՝ մի օր դառնալու ես պաշտպանության նախարար, ասում էր՝ էդ ով ասես կարա դառնա, ես ԳՇ պետ եմ դառնալու, որ կարողանամ բանակում բան փոխել»,- ասում է քույրը։

-Բարձրանում էին դիրքեր, ինքն իր էրեխեքի համար առեւտուր էր անում, ինչ պետք էր, առնում էր, ասում էր՝ էրեխեքս առանց քաղցրի են մնացել,- հիշում է Արմինեն։

-Բայց ինքն էլ էր էրեխա, չէ՞,- լրացնում եմ նրան։

-Բա ի՞նչ էր, բա ի՞նչ էր,- արձագանքում է քույրն, ու մենք նորից լռում ենք։

Հիմա եղբորը երազներում են տեսնում։ Միջնեկ քույրն մի անգամ երազում Մանուկին վիրավոր էր տեսել, ասել էր, որ էլ հետ չգնա, բայց եղբայրը չէր լսել։ «Ասեց՝ ի՞նչ ես խոսում, հետ եմ գնում, բա իմ զինվորներին ո՞նց պիտի թողնեմ։ Ինքն իրականում էլ էր տենց ասում։ Ասում էր՝ իմ էրեխեքը, ասում էինք՝ Մանուկ, քո էրեխեքին ավելի շատ ես սիրում»,- հիշում է Արմինեն։

Վերջինիս որդին՝ 4-ամյա Սարգիսը, մեր զրույցի ընթացքում վազվզում է սենյակից սենյակ։ Արմինեն պատմում է, որ որդին տատիկին ասել է․ «Տատիկ, որ դու լացոմ ես, ես տեսնում եմ, որ Մանուկ քեռին սպիտակ շորերով կողքդ կանգնած ա, թեւը դնում ա ուսիդ»։

Վառարանում փայտն արդեն վառվել է, ձայն չկա։ Եվ մեր լռությունը երբեմն խախտում են սենյակից լսվող երեխաների ձայները։ Դուրս գալուց գրկում եմ տիկին Գեղեցիկին, նա նայում է ինձ ու շշուկով շնորհակալություն հայտնում։ Ցավը եկել ու կարծրացել է նրա դեմքին։

Գյուղի գերեզմանատան առաջին շարքում ամուսինն ու որդին են՝ Արմեն ու Մանուկ Միքայելյանները։ Մանուկի հողաթխմբի մեխակները դեռ չեն թառամել։ Նրա կողքին ՀՀ եռագույնն է, ամբողջ գերեզմանատան միակ եռագույնը։ Մանուկը Գեղաձորի միակ զոհն է 90-ականների պատերազմից հետո։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter