HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Մելիքյան․ «ՀՀ գործող իշխանությունը Արցախի խնդրում չի ունեցել եւ չունի ռազմավարություն»

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

-Պարոն Մելիքյան, Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը Փաշինյանն ու նրա թիմը դրական են գնահատել։ Դուք ի՞նչ գնահատական կտաք նշված հայտարարությանը։ Այն բխո՞ւմ է Հայաստանի շահերից, թեկուզ մասամբ։

-Հայաստանն ինքնիշխանությունից զուրկ կազմավորում է, որն ինքնուրույն քաղաքականություն մշակելու եւ վարելու կարողականություն չունի: Սա նշանակում է, որ միջազգային հարթակներում Հայաստանի հետ կապված որոշումներն ընդունելիս մեր երկրի արմատական շահերը ստորադասված են այլ դերակատարների շահերին: Բնական է, որ ՀՀ գործող իշխանությունները պետք է հավանության արժանացնեն ու արդարացնեն ուրիշների կողմից փոխհամաձայնեցված ու իրենց վավերացմանը հրամցված որոշումները: Հայաստանի շահերին դրանց համապատասխանությունն անհնար է պարզել, սակայն ՀՀ գործող իշխանությունների կորպորատիվ շահերը համապատասխանեցվում ու ներդաշնակեցվում են այդ որոշումներին: Դա ՀՀ գործող վարչակազմի համար ապահովում է արտաքին աջակցություն:

-Օրեր առաջ ֆեյսբուք Ձեր գրառման մեջ անդրադարձել եք Հայաստան-Արցախ խզմանը՝ նշելով, որ դա արվում է ֆիզիկական ու քաղաքական տարանջատման գործընթացն առավել դյուրամարս դարձնելու եւ կատարվածի մեղքը միմյանց վրա բարդելու նպատակով։ Արդյոք սա կատարվում է հայկական երկու իշխանությունների կողմից, որոնց մեջ, կարծես թե, իսկապես խզում կա։

-Մեծ հաշվով պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտն ոչինչ չարեցին՝ այս խզումը գործնականում կանխելու եւ զարգացումներն այլ հունով տանելու համար: Այս խնդրին նվիրված առաջին գրառում-նախազգուշացումը մեր վերնախավերին էի հասցեագրել դեռեւս 2019-ի սեպտեմբերին՝ նախքան 44-օրյա պատերազմը: Գործողությունների բովանդակության եւ դրանց արդյունքների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ պաշտոնական Երեւանն ու Ստեփաակերտը ներդաշնակեցրել են իրենց գործողությունները: Չեմ բացառում սակայն, որ այդ ներդաշնակեցումը երրորդ կողմի կամ կողմերի ջանքերով է իրականացվել:

-Մի կողմից՝ Հայաստանը փորձում է Արցախի հարցը տեղափոխել Ստեփանակերտ-Բաքու քննարկումների, բանակցությունների տիրույթ, մյուս կողմից՝ Ադրբեջանն ընդհանրապես չի էլ ուզում լսել այդ մասին։ Այստեղ ի՞նչ դեր կարող են ունենալ խոշոր խաղացողները, ինչպիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են։

-Մինսկի խմբի համանախագահ պետություններն այս փուլում միեւնույն դիրքերից հանդես չեն գալիս եւ միասնաբար չեն էլ գործում: Այն, ինչ ընդունելի է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համար, մերժվում ու քննադտվում է Ռուսաստանի կողմից: Հայ-ադրբեջանական սահմանագոտում եւ Արցախում է երեւալու, թե համանախագահների իրական ազդեցությունը հակամարտության կողմերի վրա որքանով է ներգործուն: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք ԱՄՆ-ի քաղաքական եւ դիվանագիտական ներգրավվածությունն ու ԵՄ դիտորդերի ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին կկանխեն ադրբեջանական նոր ագրեսիան, ու նաեւ նրանից, թե որքանով ռուս խաղաղապահներն Արցախում կկարողանան զսպել պաշտոնական Բաքվի չարամիտ նկրտումներն ընդդեմ արցախահայության:

-Փաշինյանի վերջին հարցազրույցում նրա միտքը Արցախի չճանաչված լինելու մասին արդյոք ակնարկ է առ այն, որ երեք տարի առաջ Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է եւ վերջ» բացականչող Փաշինյանն ու նրա թիմը ձեռքերը լվացել են Արցախից, եւ այս պարագայում ի՞նչ պետք է անեն Արցախի իշխանություններն ու Հայաստանի ոչ իշխանական օղակներն ու հասարակությունը։

-ՀՀ գործող իշխանությունը Արցախի խնդրում չի ունեցել եւ չունի ռազմավարություն: Երբ չկա ռազմավարություն, դրա արժեքը չգիտակցող մարդիկ ապավինում են ճկուն, ճարպիկ, պահի թելադրաքով ընտրված մարտավարական հնարքներին, ինչը պետության, ազգի մասշտաբով աղետաբեր հետեւանքների է հանգեցում, որպես կանոն: Ստեղծված իրավիճակից կարելի է դուրս գալ, սակայն դրա համար շատ սպեցիֆիկ քայլեր պետք է նախաձեռնվեն: Փող, որոշ ժամանակ ու մասնագիտական աշխատանք է հարկավոր իրավիճակը շտկելու եւ ազգային գործունակության անհրաժեշտ մակարդակն ապահովելու համար:

-Ռուսաստանը խրված է ուկրաինական ճակատում, ՀԱՊԿ-ն բացարձակ հետաքրքրված չէ իր անդամ երկրի անվտանգության պաշտպանությամբ, Ադրբեջանը մեծացրել է ձմռան նախապատրաստվող Եվրոպայի գազամատակարարման ծավալները, Թուրքիան էլ շարունակում է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման միջնորդի դեր ստանձնելու փորձերը, ինչը որոշ դրական արձագանքներ է ստացել։ Այս ֆոնին Ադրբեջանը բացահայտ հայատյաց եւ ֆաշիստական գործելաոճով ռազմական ագրեսիա է հրահրում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ եւ առանց վախի տարածում գերիներին գնդակահարելու ռազմական հանցագործության կադրեր։ Այս ամենին հետեւում են միայն քննադատություններ եւ կոչեր։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝  թեկուզ հասցեական կոչերից այն կողմ արդյունք ստանալու համար։

-Գործող իշխանությունը չի կարողանում պետական մակարդակում համարժեք հակազդեցություն ապահովել Ադրբեջանի կողմից մեր դեմ ուղղված գործողություններին, այդ թվում՝ նաեւ անձամբ նախագահ Ալիեւի կողմից քաջալերվող վայրագությունների գովազդման միջոցով մեր հասարակության վրա հոգեբանական ճնշումերի դեմ: Այդուհանդերձ, եթե համապատասխան խնդիրը ձեւակերպվի եւ անհրաժեշտ ռեսուրսները տրամադրվեն, հնարավոր կլինի այս ուղղությամբ դրական արդյունք ունենալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter