HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հարց ԿԸՀ նախագահի թեկնածուին. «ժողովրդավարությունը օդ է, ջուր է, հող է, թե՝ կրակ»

Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստ է հրավիրվել՝ ընտրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահին ու վեց անդամին: 

ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանին հարցեր տալու համար հերթագրվել էր երեք պատգամավոր: Պատգամավոր Հակոբ Ասլանյանին հետաքրքրում էր՝ ժողովրդավարությունը ԿԸՀ նախագահի թեկնածու Հովակիմյանի համար «օդ է, ջուր է, հող է, թե՝ կրակ»:

«Պետության զարգացման բանաձև է, որովհետև աշխարհի տարբեր երկրներ իրենց զարգացման տարբեր բանաձևերն ունեն: Կոնկրետ ինձ համար ժողովրդավարությունը դա պետության զարգացման բանաձև է, որը մեր դեպքում, իմ կարծիքով, որպես սահմանափակ ռեսուրս ունեցող երկրի, միակ բանաձևն է»,- պատասխանեց Վահագն Հովակիմյանը:

Սերգեյ Բագրատյանին էլ հետաքրքրեց թեկնածուի այն դիտարկումը, որ սահմանափակ ռեսուրս ունեցող մեր երկրի համար պետության միակ զարգացումը ժողովրդավարությունն է: Նա հետաքրքրվեց, եթե սահմանափակ ռեսուրս չունենայինք, այլ ընթացքո՞վ պետք է գնայինք:

Պատգամավորի հարցն ուներ նաև երկրորդ մաս, ժողովրդավարւթյունը՝ որպես ինստիտուտ, արդյոք կարող է ազդել բանակի մարտունակության վրա, եթե ժողովրդավարության վերջնական փուլին դեռ չես հասել:

Վահագն Հովակիմյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ ինքը հավակնում է մի պաշտոնի, որը ենթադրում է քաղաքական չեզոքություն, զսպվածություն, ուստի պետք է կարճ ասի:

«Ժողովրդավարությունն ինքը տալիս է երկրի զարգացման բոլոր հնարավորությունները բոլոր ոլորտներում: Դա իմ համոզմունքն է»,- ասաց Վահագն Հովակիմյանը:

Հավանաբար Սերգեյ Բագրատյանին չգոհացրեց պատասխանը և դարձյալ հետաքրքրվեց՝ Հովակիմյանի համար ժողովրդավարությունը «պրագմատիկ հաշվարկ է, թե ընտրություն»:

«Ե՛վ մեկը, և՛ մյուսը»,- պատասխանեց Հովակիմյանը:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը հիշեցրեց, որ թե՛ ինքը, թե՛ Վահագն Հովակիմյանը եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ: Հովակիմյանը եղել է նաև կուսակցության վարչության անդամ: Ըստ Բաթոյանի, այդ քաղաքական կենսագրությունը մարդկանց թույլ է տալիս հնչեցնելու քննադատական խոսքեր:

«Արդյոք նշված հանգամանքները և հարուստ կենսագրությունը ձեզ չի՞ կաշկանդելու հետագայում, որպես ԿԸՀ նախագահ, գործելու ազատ: Եթե ոչ, ուզում եմ նաև նշեք՝ որո՞նք են այն հիմնավորումները և հիմքերը, որոնք թույլ են տալու ձեզ ազատ գործել»,- հետաքրքրվեց Զ. Բաթոյանը:

Վահագն Հովակիմյանը, պատասխանելով հարցին, մեջբերեց Սահմանադրությունից հատված, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:

Ըստ Հովակիմյանի, եթե սահմանադրի կամքը լիներ, որ ԿԸՀ-ի անդամ չեն կարող լինել կյանքում երբևէ կուսակցական գործունեություն ծավալած կամ ՀԿ անդամ եղած անձինք, ապա դա պետք է սահմանվեր հենց Սահմանադրությամբ:

«Իմ համոզմամբ, ցանկացած պաշտոնում, եթե չկա իրավական խոչընդոտ, անձը պետք է ընտրվի իր սկզբունքների, իր կենսագրության հաշվի առմամբ»,-ասաց քաղաքական կենսագրություն ունեցող Հովակիմյանը:

Վահագն Հովակիմյանը նշեց, որ 1998թ.-ից պայքարել է ազատ, արդար, մրցակցային ընտրություններ ունենալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter