
Արարատ Միրզոյանը տարակուսել է, երբ կարդացել է Վարդան Օսկանյանի հոդվածը
Ազգային ժողովում պատգամավորների ու կառավարության անդամների հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոդված է հրապարակել, որտեղ «դատողական ենթադրություններ է անում», ըստ որի` ամենայն հավանականությամբ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բացի կան բանավոր պայմանավորվածություններ: Օրինակ` Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս կազմելուն, կա պայմանավորվածություն «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերաբրերյալ, ինչպես նաև անկլավներն հօգուտ Ադրբեջանի մաս ճանաչելու մասին պայմանավորվածություն կա, երբ ընթանա սահմանագծման և սահմանազատման գործընթացները:
Պատգամավորի դիտարկմամբ՝ հենց այդ ամենի ֆոնին է Ադրբեջանը ցուցաբերում ագրեսիվ վարքագիծ:
Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ հոդվածի հիմքում դրված է կանխավարկած, որի հիման վրա իրականացվել է վերլուծություն և պնդում:
«Ես առնվազն տարակուսանք եմ ապրել, երբ կարդացի դա, որովհետև պնդումների, հետևությունների հիմքում դրված է շատ թե-ական մի վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ: Իսկ ինչ, եթե այդպիսի պայմանավորվածություններ չկան, ստացվում է, որ այդ ամբողջ թեզը, ամբողջ վերլուծությունը անիմաստ, անտեղի բառերի միացություն է` հարգանքով հանդերձ այդ անձի նկատմամբ»,- ասում է Արարատ Միրզոյանը:
Արտգործնախարարը նշեց, որ նման պայմանավորվածություններ չկան, և այդ մասին բազմիցս ասել են: Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված է, պայմանավորվածություներ չկան: Ըստ Արարատ Միրզոյանի` Հայաստանը նման պայմանավորվածությունների մաս չի կազմել և չի էլ կազմելու:
Արտգործնախարարն անդրադարձավ նաև հարցի «երկրորդ շերտին»: Միրզոյանը նշեց, թե այդ ամենը Ադրբեջանի պնդումն է, որ Հայաստանն ինչ-որ բան է պայմանավորվել և չի անում, ինչն էլ լեգիտիմացնում է իրենց ագրեսիան Հայաստանի նկատմամբ:
«Ես գոնե խորհուրդ կտայի պարոն Օսկանյանին և այլոց, այդպիսի մտքեր շրջանառելուց առաջ, հարցի այդ ասպեկտին էլ ուշադրություն դարձնել»,- հավելեց Ա. Միրզոյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև սահմանին միջազգային խաղաղապահների կիրարկման անհրաժեշտության մասին:
Արարատ Միրզոյանն ասաց, որ կա համընդհանուր ընկալում միջազգային դերակատարների շրջանում, որ միայն Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերումը և խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս բավարար երաշխիքներ գուցե չստեղծեն և հավելյալ երաշխիքներ պահանջվեն: Միրզոյանը, որպես օրինակ նշեց Հայաստան-Ադրբեջան սահմանին որևէ մոնիթորինգային, դիտորդական կամ որևէ այլ մեխանիզմի առկայությունը:
Մեկնաբանել