HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոթքի ոսկու հանքավայրը 5 տարի կշահագործվի բաց, այնուհետև 19 տարի՝ ստորգետնյա եղանակով

Շուրջ մեկ տարի տևած փորձաքննությունից հետո Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքավայրը բաց և ստորգետնյա եղանակով շահագործելու նախագծին։

Սոթքի բացահանքի հզորությունը ներկայում կազմում է տարեկան 1 մլն տոննա։ Համաձայն նախագծի, նախատեսվում է 5 տարիների ընթացքում հանքը մշակել բաց եղանակով՝ հասցնելով արտադրողականությունը մինչև 1,75 տարի, ներկա 1 մլն տոննա արտադրողականության փոխարեն, ինչը թույլ կտա մշակել ոսկու ցածր պարունակությամբ գաբրո զանգված՝ չկրճատելով ստացվող վերջնական արտադրանքի ծավալը, արդիականացնելով գործող հին տեխնիկան, պահպանել աշխատատեղերը և լուծելով համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրները։

Վերջին անգամ Սոթքի հանքավայրի պաշարները վերագնահատվել են 2021թ․ հունվարի 1-ի դրությամբ և հաստատվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

Ներկա դրությամբ Սոթքի ոսկու հանքավայրի պաշարները գնահատվում են տարբեր տարիներին կատարված երկրաբանահետախուզական աշխատանքներով մանրազննին հետախուզված։ Հանքային մարմինների մի մասը տարբեր տարիներին իրականացված շահագործական աշխատանքների արդյունքում արդյունահանվել է։

Հաշվի առնելով Սոթքի հանքավայրի տարածքում ՀՀ սահմանային առկա իրավիճակը՝ հանքավայրի պաշարների այն մասը, որը շրջագծվում է սահմանային վիճելի տարածքներում, վերագրված են արտահաշվեկշռայինի։

Բացահանքի շահագործմանը զուգահեռ իրականացվելու են ստորգետնյա շահագործման նախապատրաստական աշխատանքներ։ Այս պահին բոլոր ստորգետնյա լեռնային փորվածքները կոնսերվացված են և չեն օգտագործվում։

Բաց եղանակով մշակումից հետո անցում է կատարվելու ստորգետնյա եղանակով մշակման։ Քանի որ ստորգետնյա եղանակով մշակման անցնելիս արտադրողականությունը նվազելու է, նախատեսվում է հանույթին զուգահեռ իրականացնել հետախուզական աշխատանքներ։ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումը ստորգետնյա մեթոդով իրականացվելու է երկու առանձին տեղամասերում։

Նախագծով նախատեսվում է ստորգետնյա եղանակով մշակել 5,45 գ/տ ոսկու պարունակությամբ 6035,1 հազար տոննա հանքաքարի հաստատված պաշարներ։ Ստորգետնյա հանքն արդյունահանվելու է 19 տարի։

Ստորգետնյա եղանակով մշակման համար անհրաժեշտ է անցկացնել նոր տրանսպորտային հանքուղի, որով արդյունահանված հանքաքարը տեղափոխվելու է նախ հանքաքարի բաց պահեստ, որից հետո ջարդման-տեսակավորման տեղամաս և այնուհետև Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա։

Բոլոր ստորգետնյա փորվածքներն անցկացվելու են հորատապայթեցման աշխատանքների կիրառմամբ։

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության փուլերում Գեղամասար և Վարդենիս համայնքներում անցկացված հանրային քննարկումներում գործունեության իրականացումը մասնակիցների կողմից արժանացել է հավանության։ Այդ քննարկումների ընթացքում բարձրացվել են հարցեր՝ ստորգետնյա եղանակով շահագործման դեպքում հանքում աշխատողների կրճատման և այլ հանքավայրերում նոր աշխատանքով ապահովման, մասնագիտական վերապատրաստման, ազդակիր բնակչության առողջության ապահովման համար ընկերության կողմից նոր հատկացումների տրամադրման և համայնքում սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Առաջարկվել է նաև համայնքի բնակչության հետ համագործակցությունը՝ բնապահպանական խնդիրների լուծման վերաբերյալ և մասնակցությունը՝ մշտադիտարկումների իրականացման գործընթացներին։ Ընկերությունը հայտնել է, որ  շարունակելու է համագործակցությունը համայնքի հետ, քանի որ մեծ կարևորություն է տալիս մոտակա բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Այդ տեսանկյունից Սոթքի հանքի շահագործումը մոտակա Գեղամասար և Վարդենիս համայնքների, հատկապես ազդակիր Սոթք բնակավայրի համար կարևոր է, քանի որ ընկերության կողմից մինչև օրս իրականացված և նախատեսվող ծրագրերն ուղղված են ազդակիր համայնքների բնակության բժշկական սպասարկման  կատարելագործմանը, կրթական մակարդակի բարձրացմանը, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև բնապահպանական խնդիրների նկատմամբ հետամուտ լինելուն։

Փորձաքննական գործընթացին մասնակցել է նաև Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը և փորձագետը, ում կողմից տրամադրվել է մասնագիտական կարծիք։ Ստացված կարծիքներով, փորձաքննության արդյունքում առաջացած դիտողություններով և առաջարկություններով նախագիծը և ՇՄԱԳ հաշվետվությունը լրամշակվել է։

Փորձաքննական դրական եզրակացությունը «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ին տրվել է մի շարք պահանջների պահպանման պայմանով։ Դրանց մեծ մասը վերաբերում է ՀՀ օրենքով սահմանված պահանջների և ՇՄԱԳ նախագծում նշված բնապահպանական միջոցառումների պահպանմանը։ Մասնավորապես, փորձագետը պայման է դրել Սոթք գետ թափվող մաքրված հանքի ջրերում և մաքրված տնտեսա-կենցաղային հոսքաջրերում բոլոր աղտոտող նյութերի պարունակությունները համապատասխանեցնել էկոլոգիական նորմերին՝ արտանետվող հոսքաջրերում ապահովելով ջրի նորմատիվ որակ, ձմեռային պայմաններում ապահովել կենցաղային կեղտաջրերի մաքրման համար նախատեսված կենսաբանական մաքրման կայանի արդյունավետությունը։

Մշտադիտարկումների իրականացման գործընթացներում նշվել է անհրաժեշտություն՝ ներգրավել նաև ազդակիր համայնքների շահագրգիռ հանրության մասնակցությունը։ Ընկերությունը նաև պետք է ապահովի ազդակիր բնակչության համար նախատեսված առողջության ապահովման, ներառյալ՝ բուժզննության և սոցիալական ծրագրերի իրականացման հատկացումները և միջոցառումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter