HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ըստ հնդկական մամուլի՝ Հայաստան կառաքվեն «Pinaka» համակարգեր, որոնք Հնդկաստանում ռուսական «Գրադին» փոխարինելու են եկել

Հնդկական «The Economic Times»-ն այսօր գրել է, որ Հնդկաստանը Հայաստանին հրթիռներ ու զինամթերք մատակարարելու նշանակալի պատվեր է ստացել։ Ըստ կայքի՝ հայ-հնդկական միջկառավարական հաղորդակցության միջոցով սեպտեմբերին մի շարք պայմանագրեր են կնքվել Հայաստանին զենք-զինամթերք առաքելու վերաբերյալ։

Աղբյուրը նշում է, որ չնայած պայմանագրերի արժեքը չի հանրայնացվել, դրանց մոտավոր գինը ավելի քան 20.000.000.000 ռուփի է։ 20 մլրդ ռուփին մոտավոր 245 մլն դոլար է։ Մատակարարումները կարվեն առաջիկա ամիսներին։

Հնդկական պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Հայաստանին կատարվելիք առաքումները ներառում են «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ), որոնք տեղական արտադրության են ու առկա են հնդկական բանակի սպառազինության մեջ։ Սրանք, ըստ «The Economic Times»-ի, առաջին անգամ են արտահանվելու։

«Pinaka»-ն նախագծվել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության (DRDO) կողմից, որը պետական հիմնարկ է եւ ենթարկվում է այդ երկրի ՊՆ-ին։ Իսկ արտադրությամբ զբաղվում են տեղական մասնավոր ընկերությունները (այդ թվում՝ «Tata Power», «Larsen & Toubro», «Solar Industries» եւ այլն)։

«Pinaka»-ի նախագծումը սկսվել է 1980-ականներին, ինչի վերջնարդյունքում այս համակարգը փոխարինելու է խորհրդային/ռուսական «Գրադ» ՀԿՌՀ-ին։ Ծրագրվում էր, որ 1994-ից սկսած ամեն տարի հնդկական բանակը պետք է համալրվեր «Pinaka»-ի մեկ գնդով։ «The Economic Times»-ը նշում է, որ Հնդկաստանի բանակը վերջերս «Pinaka» համակարգերի եւս 6 գնդի պատվեր է տվել: Յուրաքանչյուր գունդ ներառում է 3 մարտկոց, որոնցից ամեն մեկում կա 6 ՀԿՌՀ, գումարած ռեզերվը։ Այսինքն՝ հնդկական չափանիշներով «Pinaka»-ի մեկ գնդում կա առնվազն 18 արձակող կայան, բացի դրանից՝ գունդը ներառում է սպասարկող մեքենաները, ռադար եւ հրամանատարական կետ։

Հնդկական այս ՀԿՌՀ-ն ունի 122 մմ եւ 214 մմ տարբերակներ, որոնցից առաջինը համապատասխանում է ռուսական «Գրադին», իսկ երկրորդը մոտ է ռուսական «Ուրագանին», որի տրամաչափը 220 մմ է։ Մեկ արձակող կայանը կարող է 44 վայրկյանում 12 հրթիռ արձակել (համեմատության համար նշենք, որ «Գրադը» 20 վրկ-ում արձակում է 40 հրթիռ)։ Կախված տարբերակներից՝ «Pinaka»-ի հրթիռի առավելագույն խոցման հեռավորությունը 37,5-ից մինչեւ 75 կմ է («Գրադի» պարագայում առավելագույն հեռավորություն է նշվում 42 կմ-ն)։ Նկատենք, որ «Pinaka»-ի որոշ տարբերակներ 2021-ի դեկտեմբերի դրությամբ գտնվում էին փորձարկման կամ նախագծման փուլում։

«The Economic Times»-ը նշել է, որ ներկայում փորձարկման փուլում են գտնվում «Pinaka»-ի ընդլայնված հեռահարության (extended range, ER) հրթիռները։ Խոսքն, ըստ էության, «Mk-II ER»-ի մասին է, որի հեռահարությունը, ըստ տեղեկությունների, 90 կմ է։

Հիշեցնենք՝ այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կան դեպքեր, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ ռազմական մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։

Հնդկական պարբերականը հայտնել է նաեւ, որ բացի «Pinaka» ՀԿՌՀ-ից՝ Հնդկաստանը Հայաստանին մատակարարելու է հակատանկային հրթիռներ, ինչպես նաեւ զինամթերքի տեսականի։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ սա հայ-հնդկական ռազմական համագործակցության առաջին դեպքը չէ։ 2020-ին, ըստ «The Economic Times»-ի, Հնդկաստանն առաջ անցավ տարածաշրջանային մրցակիցներից (անուններ չեն նշվում)՝ Հայաստանին 4 հատ «Swathi» հակահրետանային ռադար (տես ստորեւ) մատակարարելու հարցում։ Այս գործարքի գինը, ըստ հնդկական պարբերականի, եղել է 3.500.000.000 ռուփի, որը ներկայում հավասար է մոտ 43 մլն դոլարի։

Անցյալ տարի, մեջբերելով Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալները, գրել էինք, որ 2020-ին Հայաստանը 40 մլն դոլար արժեցած գործարքի շրջանակներում Հնդկաստանին պատվիրել է 4 հատ «Swathi»: Ըստ շվեդական ինստիտուտի՝ դրանք առաքվել են 2021-ին։ Այս ռադարները կիրառվում են՝ թշնամու հրետանային միջոցները տեղորոշելու, ինչպես նաեւ արձակված արկերը հայտնաբերելու համար։ Հնդկական պարբերականը նշում է, որ «Swathi» ռադարները հնդկական բանակը հաջողությամբ կիրառել է Պակիստանի ու Չինաստանի հետ սահմաններին։

Առաջին լուսանկարում՝ «Pinaka» ՀԿՌՀ-ն (լուսանկարները՝ Հնդկաստանի ՊՆ-ի/wikimedia.org)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter