HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ավտոմեքենաները լիցքավորվում են առանց գազաբալոնների վկայագրումը ստուգելու

51 ավտոգազալիցքավորման ճնշակայանի սեփականատեր ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ վկայագրման կարգին, կանոններին ու պահանջներին  չհետևելու համար: Լցակայանները չեն ստուգել ավտոմեքենաների գազաբալոնների վկայագրումը կամ շտեմարանի տվյալների հետ չեն նույնականացրել, երբեմն էլ նույնականացնելուց հետո տեսել են, որ դրական եզրակացություն առկա չէ, լիցքավորել են ավտոմեքենան և այլն:

Հիշեցնենք, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի համաձայն՝ ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնները լիցենզավորված կազմակերպությունների կողմից պետք է ենթարկվեն պարբերական վկայագրման: Այլ կերպ ասած՝ գազաբալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ և ծավալով իրականացվում է տեխնիկական արատորոշում, որով սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը:

Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման: Գազաբալոնների պարբերական վկայագրումից հետո ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային շտեմարան:

Արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացման, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների:

2022թ.-ի օգոստոսի 1-ից գազալցակայանները չպետք է լիցքավորեին այն ավտոմեքենաները, որոնց վրա տեղադրված գազաբալոնները վկայագրված չեն: Մոտ 2 ամիս է, ինչ պարտադրանքը գործում է, սակայն եզակի լցակայաններ են, որ հետևում են օրենքի պահանջին և ստուգում են վկայագրման փաստը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ 115 000 տրանսպորտային միջոցի 123 000 գազաբալոն է ներկայացվել վկայագրման (կան ավտոմեքենաներ, որոնց վրա տեղադրված է մեկից ավելի գազաբալոն): Այս թվերը կայուն չեն և ամեն օր փոխվում են:

Խ. Սողոմոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է վերահսկողությունը թույլ:

«Եթե կա օրենք, պետք է բոլորը գիտակցեն, որ պահպանեն, ոչ թե անպայման վերահսկողություն լինի, նոր միայն պարտադիր սկսեն կիրառել: Օրենքն ասում է՝ պիտի վկայագրես, նոր միայն լիցքավորես, իսկ գազալցակայանին էլ ասվում է, որ պետք է ստուգես՝ վկայագրված է, թե ոչ, նոր միայն լիցքավորես: Ցավոք սրտի, ոչ բոլորն են բարեխիղճ ու չեն իրականացնում այդ գործընթացը: Իհարկե, ունենք կայաններ, որ նորմալ ստուգում են: Բայց գալիս է մի փուլ, որ պետք է վերահսկողությունը խստանա»,-նշում է Խաչիկ Սողոմոնյանը:

Վարչության պետը նշեց, որ վերահսկողությունն իրականացնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Սակայն գազալցակայանները փորձում են օգտվել այն բացից, որ տեսչական մարմինը մարդկային ուժի պակաս ունի և ֆիզիկապես չեն հասցնում մեծ ծավալի ստուգումներ իրականացնել: 

«Քննարկում ենք, որ վերահսկման գործընթացը խստացվի»,-ասում է Խաչիկ Սողոմոնյանը:

Նրա տեղեկացմամբ, 50-ից ավելի գազալցակայան տեսչական մարմնի կողմից տուգանվել է 200.000 դրամով, կրկնվելու դեպքում տուգանքի չափը կրկնապատկվելու է: Սակայն, եթե այդ տուգանքն արդյունք չտա, կքննարկեն նաև տուգանքի գումարը մեծացնելու հարցը:

Պարզվում է՝ կան գազալցակայաններ, որոնք միացված չեն էլեկտրոնային բազային, հետևաբար չեն կարող նույնականացումն ապահովել լիցքավորելուց առաջ: 

549 գազալցակայանի տրվել է էլեկտրոնային շտեմարանի հասանելիություն: Ըստ Խ. Սողոմոնյանի՝ գազալցակայանների մոտ 5 տոկոսը չի միացել ծրագրային համակարգին: Պաշտոնյան չմիացած գազալցակայաններին հորդորում է արագ իրականացնել գործընթացը և ստանալ էլոկտրոնային շտեմարանի հասանելիություն:

«Պարբերաբար հաղորդագրություններ ենք տարածել, որ ովքեր հասանելիություն չունեն, միանան բազային տվյալների ծրագրին: Բոլոր գազալցակայաններն ընդհանուր կարգով են միանում ծրագրին, սակայն առաջիկայում այդ ծրագրային միացումները լինելու են անհատական, և տեսչական մարմինը տեսնելու է՝ լիցքավորման կայանը հարցում իրականացրե՞լ է, ստուգե՞լ է վկայագրման փաստը լիցքավորելուց առաջ, թե ոչ»,-ասում է Խաչիկ Սողոմոնյանը:

Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում գործունեություն է ծավալում գազաբալոնային սարքավորումների տեղադրմամբ և  պարբերական վկայագրմամբ զբաղվող 50 լիցենզավորված կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր: 50-ից 47-ն իրականացնում է միայն վկայագրում, իսկ 3-ը՝ գազաբալոնների տեղադրում: 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը հաստատեց, որ 51 գազալցակայանի դեպքում կազմվել է վարչական արձանագրություն, ենթարկվել են պատասխանատվության:

Կան մարզեր, որտեղ տրանսպորտի անվտանգության բնագավառի 1-2 տեսուչ ունեն, պարբերաբար շրջայցեր են կատարում, սակայն հնարավոր չէ ամբողջ ծավալով վերահսկողություն իրականացնել: Իրենք նույնպես ստանում են բոլոքներ, որ ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ վկայագրումը չի ստուգվում, բազային տվյալների հետ չի նույնականացվում:

Ելենա Զոհրաբյանի խոսքով՝ կասկածներ կան նաև վկայագրում իրականացնող ընկերությունների գործունեության վերաբերյալ, ինչն առաջիկայում կստուգվի:

«Քանի որ տեսչական մարմնի ստուգումների ծրագիրը հաստատվում է նախորդ տարվա դեկտեմբերին, տվյալ լիցենզավորված կազմակերպություններն ի հայտ եկան փետրվարից սկսած: Այժմ մենք վարչապետի համաձայնությանն ենք ներկայացրել նաև լիցենզավորված 15 կազմակերպությունների ցանկ և խնդրում ենք համապատասխան հանձնարարական իջեցվի, որ մասնագետները գնան տվյալ լիցենզավորված կայաններում ստուգումներ իրականացնեն: Ընտրել ենք բոլոր մարզերից և Երևան քաղաքից մի քանի կայաններ, որտեղ վկայագրման լիցենզավորման թերթիկները, ըստ շտեմարանի տվյալների, շատ են եղել»,-ասում է Ե. Զոհրաբյանը:

Բաժնի պետի խոսքով՝ մեկ փորձարկումը մոտավորապես 1 ժամ է տևում: Հաշվարկել են  վկայագրում իրականացնող կազմակերպությունների աշխատանքային ժամերը: Սահմանված հաշվարկի խելամիտ քանակից շատ կտրոններ ունեցող կազմակերպությունների համար էլ խնդրել են հանձնարարականը: 

«Այստեղ կարող է այլ խնդիր լինի՝ լիցենզավորում իրականացնեն, շտեմարանում տվյալները օրվա վերջին մուտք անեն: Մենք շտեմարանի տվյալներով ենք առաջնորդվում»,-հավելեց Ելենա Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter