HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վարչության պետը իր տղային պահի տանը, մե՞նք պատժվենք»․ «Քիմիկների զորամասի» գործով նիստը կրկին հետաձգվեց

Երեկ Հակակոռուպցիոն դատարանում Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորչելու մասին քրեական գործի հերթական նիստը հետաձգվեց։ Ամբաստանյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Համբարձում Հարությունյանի ներկայացրած միջնորդությամբ նիստը չկայացավ, այն տեղափոխվեց հոկտեմբերի 13-ին։ Այս գործով նախորդ նիստը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 6-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որից հետո ծնողների միջնորդությամբ գործի քննությունը տեղափոխվել է Երևան։

Հարուցված քրեական գործի շրջանակում քննվում է 2020թ․ հոկտեմբերի 21-ին Կովսականում թշնամու հետ մարտի բռնվելու հետևանքով Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորչելու հանգամանքները։ Քրգործում որպես մեղադրյալներ ներգրավված են Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, վերը նշված զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։ 

Վերջինս մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, մասնավորապես՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող զորամասի հրամանատարի հրամանագրքում կեղծ տեղեկատվություն ավելացնելու մեջ։

Էլլադա Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքը պարզապես հրաման կատարող է եղել, իր վերադասից ինչ հրաման ստացել է, այդպես էլ արել է։ 

Գործը վերաբերում է զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի որդուն՝ ենթասպա Գևորգ Նշանյանին, որը հետևանքների վերացման դասակի հրամանատարն էր։

2020թ. պատերազմի ժամանակ  Էջմիածնի «Քիմիկների զորամասից» 62-հոգանոց անձնակազմը՝ այդ թվում Գևորգ Նշանյանը, տեղափոխվել են Սյունիքի մարզ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ներգրավվեն մարտական գործողություններում։ 

Էլլադա Հարությունյանը պատմում է, որ պատերազմի ժամանակ ինքը գտնվել է զորամասում և պատահաբար հոկտեմբերի 16-ին շտաբի պետի սենյակում տեսել է վարչության պետի որդուն՝ Գևորգ Նշանյանին, որը մյուս զինծառայողների հետ դուրս էր եկել զորամասի կազմից և հաշվառվել արդեն Սյունիքում։ 

«Գևորգին տեսնելուց հետո ես իմ վերադասին՝ զորամասի հրամանատարի պաշտոնակատար, շտաբի պետ մայոր Կուլակչյանին, հարցնում եմ՝ հրամանագրե՞նք Գևորգին, ինձ ասում ա՝ ո՛չ, դրա համար հիմքեր չունենք։ Գևորգ Նշանյանը, երբ եկել ա զորամաս, չի ունեցել ոչ մի փաստաթուղթ, զեկուցագիր կամ արձակուրդի կտրոն, որի հիման վրա մենք իրեն կհրամանագրեինք։ Այսինքն՝ դա նշանակում ա, որ թղթերում կերևար, որ նա հոկտեմբերի 16-ից չի եղել իր զորքի հետ, հետևաբար ամսի 21-ին չի եղել Կովսականում, որտեղ էլ դեպքը տեղի ա ունեցել»,- պատմում է Էլլադա Հարությունյանը։

Վերջինս հաջորդ օրը նորից մոտեցել է հրամանատարի պաշտոնակատարին ու նորից հետաքրքվել արդյոք արդեն կարող է հրամանագրել Գ․ Նշանյանին, Կուլակչյանը պատասխանել է, որ սպասի, մինչև որ հանձնարարեն։

«Ամեն անգամ ես մտել եմ շտաբի պետի սենյակ, Կուլակչյանը կապվել ա վարչություն, էնտեղից մեզ ասել են՝ սպասեք, մի՛ հրամանագրեք։ Հետո արդեն ամսի 24-ին, երբ զորքը խեղված, ով որ մնացել էր եկան, ինձ Կուլակչյանը կանչեց, ասաց՝ վերադարձած անձնակազմի հետ նաև Գևորգին հրամանագրի՛, որն էլ արել եմ։ Այսինքն՝ թղթերով երևում ա, որ Նշանյան Գևորգը զորամաս վերադարձել է հոկտեմբերի 24-ին՝ մյուսների հետ, մինչդեռ ինքը ամսի 11-ից էստեղ ա եղել, 16-ին էլ ես եմ տեսել»,- ասում է համալրման բաժանմունքի նախկին պետը։

Է․ Հարությունյանը պատմում է, որ գործը չի հաջողվել քողարկել միայն այն պատճառով, որ անձնակազմում եղած զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները աղմուկ են բարձրացրել։ Անհետ կորածների մեջ է նաև զորամասի թիկունքի պետ, մայոր Արմեն Բադեյանը, նրա կինը՝ Սյուզի Ղուկասյանը, որը նույնպես նույն զորամասում է աշխատել, նկատել է, որ Գևորգ Նշանյանը պարբերաբար գտնվել է զորամասում։ Ս․ Ղուկասյանը բողոք է ներկայացրել դատախազություն, որտեղից էլ սկսվել է դեպքի ուսումնասիրությունը։

«Նշանյան Գևորգի հայրը, լինելով վարչության պետ, իր տղային պահել ա տանը, ու հիմա փաստորեն Գևորգը չի պատժվում, իսկ մնացած բոլորս, որ հիմք չենք ունեցել իրեն հրամանագրելու, պատժվում ենք։ Թող իր պապան պատժվի, որ բոլորիս հրաման տվողը ինքն ա եղել»,- ասում Էլլադա Հարությունյանը։

Երբ արդեն գործի քննությունը սկսվել է, Է․ Հարությունյանին կանչել են, որպեսզի ցուցմունք տա, այդ ժամանակ նա տեսել է գործին կցված զեկուցագիր, որն էլ եղել է այն հիմքը, որով Գևորգ Նշանյանը վերադարձել էր Էջմիածին։ 

«Նա, որ եկել ա, ոչ զեկուցագիր ա եղել, ոչ մի բան, ես տեսել եմ դա ու բարձրաձայնել, հիմա պարզվում ա, որ իր տղան անմեղ ա եղել, ինչ-որ զեկուցագիր են կեղծել, հետին ամսաթվով դրել գործի մեջ։ Եթե նման փաստաթուղթ եղած լիներ, վրան պետք է մակագրվեր՝ կապիտան Հարությունյան, հրամանագրել կամ չհրամանագրել, ու դա կլիներ մեր փրկությունը»,- ասում է բաժանմունքի նախկին պետը։

Գևորգ Նշանյանի Սյունիքից վերադառնալու պատճառը, ըստ զեկուցագրի, եղել է բարեկամի զոհվելը։ Էլլադա Հարությունյանն ասում է, որ նմանատիպ դեպք եղել է, երբ պահեստազորի մի զինծառայող Կապանից վերադարձել է, քանի որ հայրը մահացել էր, ինքը օրինական ձևով ստացել է էլեկտրոնային զեկուցագիրը ու հրամանագրել նրան։ Նման զեկուցագիր Գևորգի պարագայում նա չի ստացել։

«Ինձ քննչականից Իգիթյանն ասում ա՝ գնայիք դատախազություն, էդ ժամանակ բողոք ներկայացնեիք։ Ի՞նչ դատախազության մասին ա խոսքը, մենք էդ ժամանակ զորամասից դուրս չէինք գալիս, անգամ իմ հորաքրոջ թոռը՝ 18 տարեկան, զոհվել էր, ես ընդամենը 2 ժամվա թույլտվություն ստացա դուրս գալու, հուղարկավորությանը մասնակցելու համար»,- պատմում է Հարությունյանը։ 

Բաժանմունքի նախկին պետի խոսքով՝ հիմա Նշանյան Գևորգը ծառայությունը շարունակում է մեկ այլ զորամասում։ Բողոքներ են եղել, որ Վարդան Նշանյանի հարազատների մեծ մասը աշխատում է Էջմիածնի նշված զորմասում, դրանից հետո վարչության պետը իր կնոջը, որը նույնպես աշխատում էր զորամասում, ազատեց աշխատանքից, բայց կարճ ժամանակ անց նորից գործի ընդունեց։ 

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց Էջմիածնի «Քիմիական զորամասի» զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել` դժգոհելով դատը հերթական անգամ հետաձգելու դատավորի որոշումից. դատական նիստը հետաձգվում է արդեն չորրորդ անգամ, հաջորդ նիստ նշանակված է այս տարվա հոկտեմբերի 15-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter